Րաֆֆիի հանգույն

07/06/2012

«2013 թվականի նախագահական ընտրություններում «Ժառանգություն» կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, կառաջադրի սեփական թեկնածուին»,- երեկ կայացած ասուլիսում ասել է «Ժառանգության» նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, չմասնավորեցնելով, սակայն, թե ո՞վ կլինի այդ թեկնածուն: «Կուսակցությունը կառաջադրի նախագահական ընտրություններին այն մարդու թեկնածությունը, ում կտեսնի այդ դերում, մի կողմից էլ` տվյալ մարդը պետք է պատրաստ լինի առաջադրվելուն: Մենք կողմնակից ենք, որ առավել լայն կոնսոլիդացում լինի ներքաղաքական դաշտում»,- ասել է նա` ավելացնելով, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւս մտորելու ժամանակ ունի եւ առաջիկա ամիսների քաղաքական զարգացումներով պայմանավորված` կհայտարարի իր որոշման մասին: «Նախագահի պաշտոնի համար ես անձամբ տեղին եմ համարում Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը` նրան համարելով խարիզմատիկ քաղաքական գործիչ: Նա այս թեմայի շուրջ մտածելու շատ ժամանակ ունի, բացի այդ` մինչեւ աշուն դեռ շատ զարգացումներ կլինեն: Դատելով այդ զարգացումներից` կորոշենք մեր անելիքը: Ընդ որում, եթե, օրինակ, ԲՀԿ-ն հայտ ներկայացնի` պաշտպանելու իր հնարավոր այլընտրանքային թեկնածուին, մենք կքննարկենք հարցը եւ պատասխան կտանք: Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության նախագահի մանդատի հետագա ճակատագիրը որոշելուն, ապա վարչությունը կսպասի մինչեւ սեպտեմբեր` վստահ լինելով, որ մինչ այդ բավական բուռն զարգացումներ տեղի կունենան»,- ասել է նա: