«Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության ծրագրի իրագործումը, փաստորեն, սկսված է»,- ըստ «Regnum»-ի, հայտարարել է Ջավախքի Ժողովրդավարական կուսակցության խորհրդի անդամ Վահագն Չախալյանը: Վերջինս տեղեկացրել է, թե ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման ամփոփումից հետո «երկաթուղու ենթադրյալ հատվածներ են այցելել շինարարական տենդերին մասնակցելուն հավակնող ճապոնական մի ընկերության ներկայացուցիչներ եւ Վրաստանի շինարարության նախարարը»: «Երկաթուղու ճանապարհին ընկած տների բնակիչներին առաջարկվում է վաճառել հողակտորները: Ոմանց արդեն որոշակի գումարներ են խոստացել, լայնածավալ քարոզչական աշխատանք է տարվում: Կայացել են նաեւ այցելուների գաղտնի հանդիպումները տեղական իշխանությունների ղեկավարության հետ»,- մանրամասնել է նա: Չախալյանը նաեւ նշել է, որ տեղի հայ բնակչությունը կտրականապես դեմ է այս նախագծի իրագործմանը: «Սա հակասում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ջավախքի շահերին, քանի որ կուժեղացնի թուրքական տարրի մուտքը տարածաշրջան եւ կսաստկացնի Հայաստանի շրջափակումը: Մենք մտադիր ենք ակտիվորեն խոչընդոտել այս աշխատանքները՝ հնարավոր բոլոր միջոցներով»,- հայտարարել է Վ. Չախալյանը: