Իշխանության ներկայացուցիչներն իրենց հրապարակային ելույթներում սկսել են խոստովանել, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցել է լցոնումներով ու կեղծիքներով: Ընդ որում, այդ հայտարարություններն արվում են երկրի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով: Ընդամենն օրեր առաջ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց. «Ակնհայտ է, որ լցոնումներ եղել են, եւ ես համամիտ եմ, որ այն մեզ պատիվ չի բերում»: Բայց պարզվում է, տեղի ունեցածի մեջ մեղավոր են ոչ միայն լցոնումներն ու ընտրակեղծիքները կազմակերպած ու իրականացրած իշխանությունները, այլ նաեւ ընդդիմությունը: Մասնավորապես, ԱԺ փոխխոսնակ ՀՀԿ-ական Տիգրան Թորոսյանն էլ մամուլով հայտարարեց, թե ընդդիմությունը պետք է ոչ թե հանրաքվեն բոյկոտեր, այլ պարտավոր էր անել հնարավորինը՝ կանխելու համար խախտումներն ու չարաշահումները:
«Ստացվում է այնպես, որ կեղծիքներ իրականացնողները փորձում են այլոց վրա գցել մեղքը` ասելով, եթե դուք գայիք, մենք կեղծիք չէինք անի: Այստեղ միայն մեկ դրական բան կա. իշխանություններն իրենք հասկանում են, որ իրենց իշխանությունն անօրինական է, անօգնական է եւ այնքան է սերտաճած կրիմինալի հետ, որ ուղղակի ի զորու չէ նույնիսկ ցանկության դեպքում իրականացնել նորմալ ընտրություններ: Չնայած, ես վստահ եմ, որ որեւէ ցանկություն չի եղել եւ ամեն ինչ հրահանգված է եղել վերեւից»,- իշխանական կոալիցիայի ներկայացուցչի խոսքերին ի պատասխան` ասում է ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը: Զրուցակիցս նաեւ հավելեց, որ սա իրենց խնդիրը չի, քանի որ ՀՀՇ-ն ընտրական հանձնաժողովներում տեղեր չունի: Բայց ՀՀ կուսակցություններից ՀՀՇ-ն ամենաառաջինն էր, որ դեռ հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության ընդունման օրը, հայտարարեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը բոյկոտելու մասին: Հիմա, երբ հանրաքվեն արդեն պատմություն է, որքանո՞վ էր էֆեկտիվ տեղի ունեցած գործընթացը. հետաքրքրվեցինք մեր զրուցակցից: «Մենք ի սկզբանե վստահ էինք, որ հանձնաժողովները, անկախ նրանից, համալրված կլինե՞ն ընդդիմության ներկայացուցիչներով, թե՞ ոչ, միեւնույն է, գրելու են նախօրոք հրահանգված թվերը: Եվ այդպես էլ եղավ: Իսկ բոյկոտը ցույց տվեց բոլորին, որ ՀՀ քաղաքացիները չեն ընդունել այս փոփոխությունները»,- իր գնահատականներն է տալիս Ա. Հովակիմյանը: Բայց, ինչպես ասում են, եղածը եղած է: Արդյունքում` այսօր ունենք նոր, ընդ որում, վատ Սահմանադրություն: Երկրի Մայր օրենքը, ՀՀՇ վարչության փոխնախագահի խոսքերով, բարելավելն ու փոփոխելն ընդամենը տեխնիկայի հարց է: Միայն թե դրա համար անհրաժեշտ է, որ երկրում լինեն օրինական, ժողովրդի կողմից ընտրված իշխանություններ: «Ցանկացած ժողովրդավարական իշխանություն, հաշվի առնելով այս ընտրությունների արդյունքները, պատասխանատվության պետք է ենթարկի բոլոր կեղծարարներին` անկախ այն հանգամանքից, թե այդ մարդիկ իրենց ցանկությա՞մբ են դիմել այդ քայլին, թե՞ կատարել են վերեւների հրահանգը»,- հավատացնում է պարոն Հովակիմյանը: Այս օրերին ընդդիմությունը հեղափոխություն իրականացնելու փորձեր է անում։ Թե որքանով դա նրանց կհաջողվի, ցույց կտա ժամանակը: Բայց զրուցակցիս վստահմամբ, իշխանափոխության անհրաժեշտությունն ու օրինական իշխանությունների ձեւավորումը պետք է նախ եւ առաջ հասարակությունը գիտակցի: «Ամեն ինչ բարդել ուղղակի ընդդիմության վրա՝ չի կարելի: Պետք է հստակ հասկանալ, որ Հայաստանն այսօր գտնվում է մի ռեժիմի, խունտայի ձեռքում, եւ բոլորն իրար հետ պետք է կարողանան այդ խունտայից ազատվել: Այս խնդիրները հասարակությունն ինքը պետք է գիտակցի ու, եթե քայլեր չանի, որեւէ ընդդիմություն միայնակ որեւէ խնդիր չի կարող լուծել, անկախ նրանից՝ ընդդիմությունն ուժե՞ղ է, թե՞ թույլ: Ի վերջո, պետք է հասկանալ, որ այդ ամենը միայն ընդդիմությանն անհրաժեշտ չէ: Ավելին, ընդդիմությունն իր գլխի ճարը կտեսնի, նրանք իրենց համար, իրենց անձնական կյանքն ապահովելու համար որեւէ լայն խնդիր չունեն»,- հասարակությանն ակտիվ պայքարի կոչ է անում պարոն Հովակիմյանը: Այնպես որ, կամ ժողովուրդն ինքը պետք է ոտքի կանգնի, կարողանա «ստեղծել ընկալելի, բանական իշխանություն», կամ շարունակի այսպես ապրել: Սակայն այսօր հասարակությունը կարծես թե ահաբեկված է: Ընդդիմության ներկայացուցիչներին` ոստիկանության բաժիններ, իսկ ավտոմեքենաները՝ տուգանային հրապարակ տանելով, իշխանություններին հաջողվում է երկրում վախի մթնոլորտ սերմանել: Արդյունքում` հանրահավաքներում գնալով քիչ մարդ է հավաքվում: Անդրանիկ Հովակիմյանը, սակայն, խորապես համոզված է, որ հասարակությունն այսօր ամենեւին էլ վախեցած չէ: Իսկ որպես ասվածի վառ ապացույց՝ նա բերում է նոյեմբերի 27-ին տեղի ունեցած տոտալ բոյկոտի օրինակը: «Հասարակությունը վախեցած չէ, նոյեմբերի 27-ին հասարակությունն իր դիրքորոշումը հստակ ցույց տվեց, եւ զգացվեց, թե ինչպիսի խոր անտարբերություն եւ զզվանք կա այս իշխանությունների նկատմամբ: Հասարակությունը ցույց տվեց փոփոխությունների իր անսահման պահանջը: Այդպիսի բոյկոտ ես հիշում եմ միայն խորհրդային ժամանակներում: Երբ Շարժման առաջին տարիներին խորհրդային բանակը մտավ Երեւան, մենք մեկ օր հայտարարեցինք «մեռյալ քաղաք», ու նոյեմբերի 27-ը հենց նման էր այդ օրվան»,- հիշում է ՀՀՇ վարչության փոխնախագահը: Նրա գնահատմամբ, իշխանությունները «ցինիկաբար» կեղծեցին հանրաքվեի արդյունքները՝ կատարելով «պետական-ազգային դավաճանություն»: Ու հիմա տեղի ունեցած «այլանդակությունը» միջազգային կառույցները կօգտագործեն ՀՀ-ի նկատմամբ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում ճնշումներ կիրառելու համար: Մանավանդ, որ 2006 թվականն ամենահարմար ժամանակահատվածն է այս խնդրին լուծում տալու համար: Եվ այս երկու երկրների իշխանություններն այլեւս չեն կարողանա երկարաձգել ստատուս-քվոն: «Թե Ալիեւի, թե Քոչարյանի համար ԼՂՀ հարցի ձգձգումն իշխանություն պահելու միակ միջոցն է: Եվ իրենք հասել են այն մակարդակի, որ ստիպելու են երկուսին էլ՝ ինչ-որ բան ստորագրել: Դրա համար էլ երկու երկրներում էլ կատարված այլանդակություններին միջազգային կառույցները բավական դիվանագիտական մոտեցում են ցուցաբերում եւ խիստ որակումներ չեն տալիս»,- եզրակացնում է Ա. Հովակիմյանը եւ ավելացնում. «2006թ. ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում, ոչ ԱՄՆ-ում, ոչ ՌԴ-ում, ոչ Ֆրանսիայում խոշոր ընտրություններ չկան եւ այս առումով 2006 թվականը ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման համար ամենահանգիստ ժամանակն է: Այդ ժամանակ կողմնակի որեւէ խնդիր չի կարող խանգարել: Քոչարյանն ու Ալիեւը չեն կարող ասել, թե մեզ մոտ ընտրություններ են եւ, եթե այսպիսի բաներ անեմ` այսպիսի բաներ կլինեն»: ՀՀՇ վարչության փոխնախագահի խոսքերով՝ ժամանակն աշխատում է ի վնաս մեզ: Եվ եթե ԼՂՀ հարցի կարգավորման վերաբերյալ որեւէ փաստաթուղթ ստորագրվի, ապա դա երբեք ի նպաստ Հայաստանի չի լինի: Մանավանդ, որ Ռ. Քոչարյանի իշխանության այս տարիների ընթացքում ԼՂՀ հիմնախնդրի վերաբերյալ բանակցությունների գործընթացում ՀՀ-ն զիջել է իր դիրքերը: