Երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ Վայոց Ձորի մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը, ով մինչեւ անցած շաբաթ պնդում էր, թե անկախ ԲՀԿ-ի` կոալիցիային մաս չկազմելուց, ինքը շարունակելու է պաշտոնավարել: Իշխանական շրջանակներում Վայոց Ձորի նոր մարզպետի ամենահավանական թեկնածու է համարվում Վայքի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանը: Նշենք, որ արդեն որոշում է կայացվել նաեւ մեկ այլ հրաժարական ներկայացրած ԲՀԿ-ական մարզպետի փոխարեն` Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանին նշանակելու մասին: Հիշեցնենք, որ որպես այս պաշտոնի հավանական թեկնածու` շրջանառվում էր ՔՀԿ պետ Հայկ Հարությունյանի անունը: Մեր տեղեկություններով, նրա թեկնածությանը նախագահ Սերժ Սարգսյանը դեմ է եղել, քանի որ Հարությունյանը համարվում է Ռոբերտ Քոչարյանի ազդեցության ոլորտի գործիչ: Հիշեցնենք, որ մինչեւ 2008 թ. մարտի 1-ը Հարությունյանը զբաղեցնում էր Ոստիկանապետի պաշտոնը: