Հերթական դիվերսիան

05/06/2012

Երեկ առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Այդ մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինծառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է, եւ տալով կորուստներ` հակառակորդը ետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը: Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել Հայաստանի զինդատախազը եւ Պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը»,- նշված է հաղորդագրության մեջ, որում Պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների ծնողներին ու հարազատներին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ միջադեպի արդյունքում վիրավորվել է 5 զինվոր եւ 1 սպա: