Կամաց-կամաց կազմում են

05/06/2012

«Այն պատգամավորները, ովքեր ցանկանում են աշխատել, ընդգրկ-վում են ծանրաբեռնված հանձնաժողովներում` Տնտեսական, Պետաիրավական եւ Պաշտպանության ու ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովներում»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով այդ հանձնաժողովների կազմավորման գործընթացին: Վերջինս նաեւ նշել է, թե պատգամավորները պակաս հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես Եվրոինտեգրման եւ Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովների նկատմամբ: Գ.Սահակյանի մոտ եղել է ԱԺ 12 մշտական հանձնաժողովների անդամների նախնական ցանկը, որը դեռ որոշակի փոփոխությունների պետք է ենթարկվի: ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքերով` առաջիկա մի քանի օրերին վերջնականապես կբաժանվեն պատգամավորների աշխատասենյակները, մինչեւ շաբաթվա վերջ կկազմվեն` մշտական հանձնաժողովները: Իսկ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների կազմերը կորոշվեն ավելի ուշ: