Սահմանադրական հաճույքներ

04/12/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Սահմանադրական հանրաքվեից հետո կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները խուսափում են դրա ընթացքի ու արդյունքների մասին խոսելուց: Վերոնշյալ անձինք ամեն կերպ խուսափում են լրագրողների հետ հանդիպելուց, իսկ եթե, այնուամենայնիվ, բախտն իրենց չի ժպտում եւ չի հաջողվում խուսափել, փորձում են խուսափել նրանց հարցերին պատասխանելուց:

Սակայն երեկ խախտվեց վերջին օրերի այս ավանդույթն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մասնակցեց «Հայելի» ակումբի հրավիրած բանավեճին, որտեղ նա բանավիճում էր ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Թաթուլ Մանասերյանի հետ: Գ. Սահակյանի խոսքերով՝ հանրաքվեն «բավականին լուրջ գործառույթ է»: «Մեր հիմնական խնդիրը հասարակությունն ավելի ժողովրդավար դարձնելն ու երկրում կամայականությունների վերացումն է, որը տարիների ընթացքում փորձելու ենք լուծել»,- հավաստիացնում էր Գ. Սահակյանը: Իր հերթին, Թ. Մանասերյանը ողջունեց կոալիցիային՝ լավ աշխատանքի համար: «Իրականացրեցին իրենց ղեկավարի կամ ղեկավար դուետի «Աշխատենք կամ կեղծենք միասին» կարգախոսը»,- ասում էր նա: Մանասերյանը ողջունեց նաեւ Գ. Սահակյանի այն հայտարարությունը, ըստ որի` կեղծիքներ անողներն անպայման կպատժվեն: «Պատժվելու են այնքան խի՞ստ, ինչպես պատժվեցին 2003-ին, թե՞ ավելի մեղմ»,- Գ. Սահակյանին հարցնում էր Թ. Մանասերյանը: Վերջինս երեկ իր հետ բերել էր 2003-ին իր կողմից Սահմանադրական դատարան ներկայացված մի փաստաթուղթ, որում, հիմնվելով գիտական հաշվարկների վրա, փաստվում է, որ Հայաստանի բնակչությունը մոտ 2,8 մլն է, իսկ ընտրողների թիվը՝ մոտ 1,7 մլն: «Մեկ օրում հնարավոր չէր այդ ամենն անել (նկատի ունի կեղծիքների ծավալը.-Ռ.Թ.), ուրեմն՝ իսկապես աշխատել են շատ լավ, հիանալի են աշխատել: Կցանկանայի, որ կոալիցիան նման կերպ աշխատեր նաեւ մյուս բնագավառներում»,- հայտարարեց Թ. Մանասերյանն ու կարծիք հայտնեց, թե հանրաքվեն կեղծվել է դեռ նոյեմբերի 27-ից առաջ, քանզի ըստ նրա` Խորհրդային Միության անձնագիր ունեցող 200-300 հազար մարդ զրկվեց քվեարկելու իրավունքից, հայրենակցական միությունների, բուհերի անունից «այո»-ի համար «շաբաշ» էին տալիս, քարոզչությունը բավականին «արդար» անցավ եւ այլն: «Քաղաքականությունը լիրիկա չէ: Առավելեւս, դա հրեշտակների եւ մահկանացուների կռիվ չէ: Եթե փաստեր կլինեն, մենք էլ ձեզ կմիանանք: Եթե ունեք փաստեր, դիմեք համապատասխան մարմիններին: Մնացած բոլոր խնդիրներն այսօր իմ եւ ձեր մեջ շահարկման առիթ պետք է չլինեն»,- ընդդիմադիր պատգամավորի մեղադրանքներին այսպես պատասխանեց Գ. Սահակյանը: Վերջինս արդեն սկսել է ինչ-որ մութ բաներ տեսնել: «Դուք ընդամենն օգնում եք միջազգային հանրությանը՝ ամբողջ Հարավային Կովկասը նույն նժարի վրա դնելու համար: Փաստաթուղթը լավ փաստաթուղթ է, իսկ եթե դուք որոշակի փաստարկներ ունեք, խնդրեմ՝ ներկայացրեք պատկան մարմիններին, եւ մենք մեր խոսքը կասենք»,- իր տեսած մթության մասին պարզաբանումներ տալով` շարունակեց Գալուստ Սահակյանը, ինչին ի պատասխան` Թ. Մանասերյանը տեղեկացրեց, որ «անպատժելի նախագահին հլու-հնազանդ ենթակա պատկան մարմիններին» իրենք նման փաստաթղթեր այլեւս չեն պատրաստվում ներկայացնել, որովհետեւ դրանք ծիծաղ կարող են առաջացնել: Իսկ Հարավային Կովկասը նույն նժարի վրա դնելու հարցում ոմանց օգնելու մեղադրանքին էլ ընդդիմադիր պատգամավորն այսպես արձագանքեց. «Առաջին շտապօգնությունը դուք եք ցուցաբերել՝ 2003-ին կեղծելով ընտրությունները»: «Դուք երեւի նախագահին չեք սիրում, բայց պարտավոր եք պետությանը հարգել»,- միջամտեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը, ով, ինչպես հետո խոստովանեց, սիրում է ոչ միայն նախագահին, այլեւ բոլորին: Ինչեւէ, երեկ սիրո թեման այսքանով չավարտվեց: Այն բանից հետո, երբ Թ. Մանասերյանը հայտարարեց, թե ինքը չի ուզում գնալ տարբեր գյուղեր ու լսել, թե ոնց են հայհոյում կառավարությանը, քանզի ինքը դրանից հաճույք չի ստանում, Գ. Սահակյանը վստահեցրեց, թե ոչ ոք չի մտածում, որ Թ. Մանասերյանին հաճույք պատճառի: «Մեկ անգամ կարողացել ենք անկախ պետություն ստեղծել, հարկավոր է դրա մասին մտածել: Թե հիմա ով հաճույք կստանա, ով ում կսիրի կամ չի սիրի, դա ես բնավ չեմ կարեւորում»,- սիրո եւ հաճույքների մասին իր տեսակետը փոխանցեց Գ. Սահակյանն ու հավելեց, թե բոլոր այն խնդիրները, որոնց մասին նշեց Թ. Մանասերյանը, նաեւ Սահմանադրության արդյունք էին: «Երեւանի տաքուկ, ասֆալտապատ փողոցներում խնդիրներ չեք լուծի: Հանրաքվեն կեղծվե՞լ է, այդպե՞ս եք համարում, փորձեք ապացուցել: Որոշակի փաստեր կլինեն, մենք բոլորս կմիանանք ձեզ: Ինձ համար անընդունելի է կասկածներով ասել՝ լցոնում եղե՞լ է, թե՞ չի եղել: Միգուցե եղել է: Եթե չունեմ նման փաստեր, ինչո՞ւ պետք է դա ասեմ»,- դիմելով իր հետ բանավիճողին՝ հարցնում էր Գ. Սահակյանը: Հիշեցնենք, որ օրերս ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, թե հանրաքվեի ընթացքում լցոնումներ են եղել: «Մի՞թե ԱԺ նախագահն անպատասխանատու հայտարարություններ է անում» հարցին էլ՝ Գ. Սահակյանը պատասխանեց. «Միգուցե փաստեր ունի: Եվ շատ անպատասխանատու կլինի, եթե պետական կարեւորագույն չինովնիկը նման հայտարարություն է անում եւ հանկարծ համապատասխան մարմիններին փաստեր չի ներկայացնում»: Նա նաեւ կարծիք հայտնեց, թե ինքը թերագնահատել էր «այո»-ի ռեսուրսը՝ հայտարարելով, թե այն կլինի մոտ 80%: Ահա այսքանով էլ ավարտվեց սահմանադրական սիրո եւ հաճույքների շուրջ երեկվա բանավեճը: