Շարունակվող եւ վտանգավոր մրցավազք

05/06/2012

«Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում իրականացված` զենք ու զինամթերք ձեռք բերելու գործարքները, պատվերներն ու նոր զինատեսակների ներկրման ծրագրերը մեծացնում են երկու երկրների միջեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վերսկսման հավանականությունը»,- նման գնահատական է պարունակում Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի` SIPRI-ի մասնագետների տարեկան զեկույցը: «Ադրբեջանն ու Հայաստանը պարբերաբար սպառազինությունների մրցավազք սկսելու փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում»,- նշված է կազմակերպության` երեկ հրապարակված զեկույցում: SIPRI-ի փորձագետներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից հատկապես վերջին տարիներին այդ ոլորտում կիրառվող քաղաքականությանը` նշելով. «Ադրբեջանը ռազմական ուժի կիրառման ռազմաշունչ հռետորաբանության ֆոնին զգալիորեն ավելացրել է ներկրվող զենքի ծավալները»: Իսկ Հայաստանի կողմից ձեռք բերված զենքերին նվիրված անդրադարձում SIPRI-ի մասնագետները նշել են, որ հանրությանն այդ մասին տրամադրվող տեղեկատվությունը սահմանափակ բնույթ է կրում: Չնայած դրան, ըստ SIPRI-ի փորձագետների` 2010 եւ 2011 թվականներին Ադրբեջանի սպառազինության գնումների աճող ծավալներին ի պատասխան` Հայաստանը հայտարարել է ավելի ժամանակակից զինատեսակներ գնելու մտադրության մասին: Հիշեցնելով, որ տարիներ առաջ ԵԱՀԿ-ի կողմից սահմանված զենքի մատակարարումների արգելքն ուժի մեջ է, SIPRI-ի զեկույցում արձանագրվում է. «Կազմակերպության անդամ պետությունները, սակայն, տարբեր կերպ են մեկնաբանում այս էմբարգոն` շարունակելով սպառազինություններ մատակարարել թե՛ Հայաստանին եւ թե՛ Ադրբեջանին: Ռուսաստանը երկու պետությունների պարագայում էլ զենքի թիվ մեկ մատակարարն է»: Հայաստանը, սակայն, ի տարբերություն Ադրբեջանի, ըստ SIPRI-ի փորձագետների, զինամթերքի մատակարարման ավելի սահմանափակ շրջանակ ունի: «Հայաստանը լրջորեն կախված է Ռուսաստանից»,- նշում են զեկույցի հեղինակները` ավելացնելով, որ Ադրբեջանն այս առումով ընտրության անհամեմատ ավելի լայն հնարավորություններ ունի: «Ադրբեջանը վերջին շրջանում զենքի արտադրության արտոնագրեր է ձեռք բերել Իսրայելից, Թուրքիայից եւ Հարավային Աֆրիկայից: Դա Բաքվին հնարավորություն կտա արտերկրյա տեխնոլոգիաներն օգտագործել հայրենական ռազմական արդյունաբերությունը զարգացնելու նպատակով»,- արձանագրված է SIPRI-ի տարեկան զեկույցում: