Դատի են տվել ՌԴ-ին

05/06/2012

«Իրանը փոխհատուցում է պահանջում Ռուսաստանից` C-300 տիպի զենիթա-հրթիռային համակարգեր վաճառելու պայմանագրից հրաժարվելու համար»,- այդ մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին` տեղեկացնելով, որ Իրանը դիմել է Միջազգային արբիտրաժային դատարան` C-300 համակարգերի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը 2011թ.-ի սեպտեմբերից չկատարելու վերաբերյալ: «Հայցը գտնվում է ուսումնասիրման փուլում»,- ասել է Վահիդին: Հիշեցնենք, որ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ 5 C-300-ի գնման մասին ստորագրվել էր 2007 թ.-ին: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում էր 800 մլն դոլար: 2010 թ.-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել էր թիվ 1929 բանաձեւը, որով սահմանափակվում էր Իրանին զինամթերքի` ներառյալ հրթիռների, հրթիռային համակարգերի, տանկերի, ռազմական ուղղաթիռների, ինքնաթիռների եւ նավերի վաճառքը: ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը սեպտեմբերի 22-ին հրաման էր ստորագրել` Իրանին C-300 համակարգերի, ռազմական ինքնաթիռների, ուղղաթիռների, նավերի վաճառքն արգելելու մասին: Ռուսական կողմը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցությունները C-300-ների վաճառքի մասին կվերանայվեն ՄԱԿ-ի պատժամիջոցների վերացումից հետո: