Ազգային ժողովում այս օրերին աշխատանքային եռուզեռ է. բաժանվում են պատգամավորների աշխատասենյակները եւ որոշվում են մշտական հանձնաժողովների կազմերը: Ակտիվ է հատկապես Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի աշխատասենյակը, քանի որ այս դեպքում շատ հարցերում նրա կարծիքը որոշիչ է:
Ընդ որում, Գ.Սահակյանի կարծիքը կարող է որոշիչ լինել ոչ միայն իր ղեկավարած, այլեւ մյուս խմբակցություններին վերաբերող որոշակի հարցերում: Իհարկե, հիմնական որոշողը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է լինելու, սակայն վերջինս էլ պետք է քննարկի նաեւ Գ.Սահակյանի առաջարկությունները: Գ.Սահակյանն էլ իր հերթին` ԱԺ նախագահին է ներկայացնելու պատգամավորներից ստացած առաջարկությունները կամ ցանկությունները: Բացի այդ, Գ.Սահակյանը Հ.Աբրահամյանի վստահելի մարդկանցից է, եւ ԱԺ նախագահին ուղղվող շատ հարցեր երբեմն նախապես քննարկվում են նրա հետ: Այնպես որ, երեկ Գալուստ Գրիգորիչը եւ շատ զբաղված, եւ շատ պահանջված էր: Նա մեկ հանդիպումներ էր ունենում պատգամավորների, մեկ` Հ.Աբրահամյանի հետ:
Պատգամավորներն էլ այս օրերին փորձում էին իրենց համար լավ աշխատասենյակ եւ հարմար հանձնաժողով «կպցնել»: Նախորդ գումարման խորհրդարանից «փոխադրված» պատգամավորները հիմնականում կմնան իրենց աշխատասենյակներում եւ հանձնաժողովներում: Աշխատասենյակներ պետք է ստանան նոր պատգամավորները: Իսկ խորհրդարանի շենքում կան «լավ» եւ «վատ» աշխատասենյակներ: Լավն են համարվում այն ախատասենյակները, որոնք հնարավորինս թարմ են, գտնվում են ԱԺ հին շենքի երկրորդ հարկում եւ հնարավորինս մոտ են Նիստերի դահլիճին: Իհարկե, պատգամավորները աշխատասենյակ են ստանում` պայմանավորված այն հանգամանքով, թե մշտական որ հանձնաժողովին են անդամակցելու: Մշտական հանձնաժողովները գտնվում են նոր մասնաշենքում, եւ դրանց ղեկավարներն իրենց անդամների մեծ մասով զբաղեցնում են հանձնաժողովներին հատկացված սենյակները: Բայց կան որոշ արտոնյալ պատգամավորներ, որոնց հաջողվում է հին մասնաշենքում սենյակ ձեռք բերել: Օրինակ` նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ով որեւէ խմբակցության անդամ չէր: Այդպիսին է համարվում նաեւ արդեն ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանի պատգամավորական աշխատասենյակը, որը գտնվում է ՀՀԿ խմբակցության դիմաց, ունի ընդունարան եւ համեմատաբար շքեղ կահույք: Եվ այն պատգամավորներն, ովքեր առավել մտերիմ հարաբերություններ ունեն Հ.Աբրահամյանի եւ Գ.Սահակյանի հետ, կարող են ձեռք բերել այդ սենյակները: Բացի ՀԱԿ-ից, մյուս հինգ` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները զբաղեցնելու են իրենց նախկին հարկաբաժինները: ՀԱԿ-ին սենյակներ են հատկացրել առաջին հարկում: Երեկ դրանք դեռ կիսադատարկ էին:
Դեռ վերջնականապես կազմված չէ մշտական հանձնաժողովների անդամների ցանկը: Պատգամավորների մի մասը դեռ չի հստակեցրել, թե որ հանձնաժողովին է ցանկանում անդամակցել: ԱԺ 6 խմբակցություններից էլ երեկ փոխանցեցին, թե այդ հարցը դեռ չեն քննարկել: Գ.Սահակյանի մոտ կար նախնական մի ցանկ, որը դեռ պետք է լրացվի ու ճշգրտվի: Նրա խոսքերով` մինչեւ այս շաբաթվա վերջ պարզ կդառնա, թե որ հանձնաժողովին ով է անդամակցելու, կամ որ հանձնաժողովը քանի անդամ է ունենալու: Հայտնի է, որ փոքր թվաքանակ ունեցող խմբակցությունների յուրաքանչյուր անդամ պետք է անդամակցի 2 հանձնաժողովի, որպեսզի կարողանան մասնակից լինել բոլոր ոլորտի օրինագծերի քննարկումներին: Իսկ Գ.Սահակյանի խոսքերով` ամենապահանջվածը Արտաքին հարցերով մշտական հանձնաժողովն է, որին անդամակցել ցանկանում են մեծ թվով պատգամավորներ: Նա պատգամավորների այդ ցանկությունը բացատրում է նրանց մասնագիտություններով: Արտաքին հարցերով մշտական հանձնաժողովը պատգամավորներին հավանաբար գրավել է իր հնչեղ անունով: Հատկապես նորեկներին թվում է, որ այս հանձնաժողովի անդամ լինելը նշանակում է` ունենալ արտասահմանյան գործուղումների հնարավորություն: Մինչդեռ մշտական հանձնաժողովները նման հնարավորություն չեն ընձեռում: ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից ծանրաբեռնված ու աշխատատար են հատկապես` Տնտեսական, Պետաիրավական եւ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները: Այն պատգամավորները, ովքեր իսկապես ցանկանում են լավ աշխատել, անդամակցում են այս հանձնաժողովներին: Կառավարությունից եկած օրենսդրական նախաձեռնությունների գերակշիռ մասը քննարկվում է այս հանձնաժողովներում: Իսկ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը կարող է որոշակի ազդեցություններ ունենալ հարկային-մաքսային ոլորտի օրինագծերի վրա: Հենց այդ պատճառով էլ գործարար պատգամավորների մեծ մասն անդամակցում է այս հանձնաժողովին, որպեսզի կարողանա ամենասկզբից պաշտպանել իր շահերը: Մյուս հանձնաժողովներն այդքան էլ ծանրաբեռնված չեն: Իսկ Եվրոինտեգրման եւ Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովներում անցած 5 տարիներին հազիվ մի քանի օրինագծեր են քննարկվել: Հավանաբար դա է պատճառը, որ վերջերս այդ հանձնաժողովները լուծարելու կամ այլ հանձնաժողովներին միացնելու մտադրություն է եղել: Գ.Սահակյանի խոսքերով` այս երկու հանձնաժողովներին անդամակցելու համար ընդամենը մի քանի պատգամավոր են դիմել: Հիշեցնենք, որ այդ 2 հանձնաժողովներն էլ, թե նախորդ, թե այս գումարման ԱԺ-ում պատկանում էին ԲՀԿ խմբակցությանը: Հավանաբար, ընտրություններից հետո ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ Հ.Աբրահամյանի հետ բանակցությունների ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է չլուծարել դրանք: Հանձնաժողովի նախագահ լինելն ունի որոշակի կենցաղային արտոնություններ` առանձին աշխատասենյակ ընդունարանով եւ ծառայողական ավտոմեքենա, ինչը չի հատկացվում շարքային պատգամավորներին: Առանձին ծառայողական ավտոմեքենա է հատկացվում նաեւ խմբակցությունների ղեկավարներին: Եվ վերջապես, բավականին գրավիչ են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակություններին եւ տարբեր երկրների հետ բարեկամական խմբերին անդամակցելը: Սա արդեն ենթադրում է արտասահմանյան գործուղումներ: Եվ բոլոր պատգամավորները ցանկանում են անդամակցել հատկապես եվրոպական կառույցների հետ կապ ունեցող պատվիրակություններին: Միջազգային նման պատվիրակություններ պետք է ստեղծվեն ԵԽ ԽՎ, ԵԱՀԿ, ԵՄ, ՆԱՏՕ, ԱՊՀ եւ այլ կազմակերպությունների հետ աշխատելու համար: Սրանք աշխատանքային խմբեր են, որին անդամակցելիս պատգամավորները ԱԺ բյուջեի հաշվին տարին մի քանի անգամ արտասահմանյան գործուղումների են մեկնում, կարողանում են ընդգծել իրենց քաղաքական ակտիվությունն ու կարեւորությունը «երկրին ծառայելու գործում»: Հավանաբար 4-րդ գումարման ԱԺ-ից եկած պատգամավորները կշարունակեն անդամակցել այն խմբերին, որոնց անդամակցել են նախորդ 5 տարիներին: Կլինեն նաեւ փոփոխություններ: Օրինակ` ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակությունն ունի 4 հիմնական եւ 4 փոխարինող անդամներ: Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հավանաբար կշարունակի մնալ իր պաշտոնում: Նախորդ պատվիրակության 4 հիմնական անդամներն էին կոալիցիոն 3 կուսակցություններից 3 պատգամավորները եւ ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը: Ի դեպ, վերջինս փոխարինող անդամից դարձավ հիմնական անդամ, երբ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից: Մինչ այդ, պատվիրակության մեջ ընդդիմության հիմնական անդամը «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանն էր: Ու քանի որ իրեն ընդդիմադիր հռչակած ՀՅԴ խմբակցությունն ավելի բազմանդամ էր, որոշվեց, որ նա էլ պետք է ունենա հիմնական անդամ: Այս դեպքում ընդդիմադիր խմբակցություններից ՀԱԿ-ի անդամներն են շատ, եւ այդ տրամաբանությամբ ԵԽ ԽՎ պատվիրակության ընդդիմադիր 4-րդ հիմնական անդամը պետք է լինի ՀԱԿ-ից: Ամեն դեպքում միջազգային այդ կառույցներն ունեն խորհրդարանական խմբերի կազմավորման ներքին կանոնադրություններ: Եվ դա ի նկատի ունենալով, նաեւ ԱԺ խմբակցությունների հետ խորհրդակցելով` Հ.Աբրահամյանը պետք է հաստատի այդ պատվիրակությունների ու խմբերի կազմն ու նրանց ղեկավարներին: Դ.Հարությունյանի խոսքով` մինչեւ նոր պատվիրակություններ կազմելը նախորդները կարող են աշխատել եւս 6 ամիս: