Սպասում են Ծառուկյանին

05/06/2012

«Ես դրական եմ համարում այն հանգամանքը, որ ՀԱԿ-ը հայտնվեց ԱԺ-ում, որովհետեւ այդ դաշինքը մեր քաղաքական ճանապարհի կարեւոր օղակն է»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը` կարծիք հայտնելով, որ ԱԺ-ում ՀԱԿ-ի հետ քննարկումները կլինեն կառուցողական: «Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ցանկացած կուսակցություն ինքն է որոշում իր տեղն ու դերը դաշտում: Ապագան ցույց կտա այն կեցվածքը, որոնք կզարգանան խորհրդարանի պատերից դուրս: Ընտրությունների ժամանակ դուք տեսաք, թե ինչպես մասնակցեց ԲՀԿ-ն քվեարկություններին` հանձնաժողովների: Դա այն է, ինչ նրանք տվել են իրենց կեցվածքի վերաբերյալ գնահատական, այն է` կառուցողական դիրքորոշում»,- ասել է Մինասյանը` միաժամանակ հիշեցնելով, որ դեռեւս ուժի մեջ է նախորդ տարվա փետրվարին ԲՀԿ-ի հետ ստորագրված հուշագիրը, ըստ որի` ԲՀԿ-ն 2013 թ. նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Հարցին` արդյոք մայիսի 6-ի ԱԺ ընտրություններից հետո այդ հուշագիրը չի՞ դադարել գործել, Մինասյանը պատասխանել է. «Քանի դեռ պարոն Ծառուկյանը չի հայտարարել այդ մասին, ուրեմն` ոչ»: