Թուրքական դպրոցական դասագրքերում հայտնվել է քարտեզ, որի վրա որպես Թուրքիայի տարածք` ներկայացված են ամբողջ Հայաստանը, Վրաստանի մի մասը, այդ թվում` Աջարիան, Իրաքի, Բուլղարիայի, Կիպրոսի որոշ շրջաններ: Այդ մասին տեղեկացրել է թուրքական «Milliyet» թերթը` մանրամասնելով, որ համապատասխան քարտեզը տեղ է գտել Ստամբուլի դպրոցների աշակերտներին բաժանված մուլտիմեդիայի ձեռնարկներում: Տեսասկավառակը պատրաստվել է Թուրքիայի կրթության նախարարության կողմից մեկնարկած ազգային կրթական ծրագրի շրջանակներում: Երկրի Կրթության նախարարությունում եւ Ստամբուլի քաղաքապետարանի Կրթության դեպարտամենտում, այդուհանդերձ, հայտարարել են, թե «ցնցված են տեղի ունեցածից», ներողություն են խնդրել այդ քարտեզի համար եւ վստահեցրել, թե չգիտեն` որտեղից է այն հայտնվել: Պաշտոնյաներն ամբողջ պատասխանատվությունը գցել են Ստամբուլի Կրթական դեպարտամենտի նախկին ղեկավար Աթու Օզերի վրա: Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեն երեկ հայտարարել է, որ Արտգործնախարարությունը ուսումնասիրում է քարտեզի մասին տեղեկատվությունը: «Բնականաբար, մենք ուսումնասիրում ենք տվյալ հարցը, եւ կարծում եմ, այդտեղ աժիոտաժի ջերմաստիճանը քիչ է համապատասխանում իրականությանը: Ձեռնպահ կմնամ դետալներից, քանի դեռ չունենք կոնկրետ տեղեկատվություն»,- ասել է Վաշակիձեն: