Երեկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկա է գտնվել ԱՄՆ դեսպանության, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ եւ ԵՄ գրասենյակների կողմից կազմակերպված համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը, որով մեծարվում էին այն անհատները, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու կառավարման ու ազատ խոսքի խթանման դիրքերից: Ինչպես նշված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ, Պետքարտուղար Քլինթոնն իր խոսքը հղել է միջոցառման մասնակիցներին եւ առանձին հանդիպում է ունեցել մրցանակներ ստացած անձանց հետ: Համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման այս միջոցառումը միջազգային կառույցների առաջին համատեղ նախաձեռնությունն էր` ուղղված Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում քաղաքացիական ակտիվիստների, պետական պաշտոնյաների ու ԶԼՄ ներկայացուցիչների ներդրումների ներկայացմանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, հ/կ-ների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Միջոցառումը բացել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման` Արթուր Սաքունցին հանձնելով «Ազատության պաշտպանի» մրցանակը: «Արթուրը պաշտպանում է բոլոր փոքրամասնություններին, հատկապես նրանց, ովքեր անհանդուրժողականության թիրախ են դառնում, ինչպիսիք են` էթնիկ, կրոնական եւ սեռական փոքրամասնությունները: Նա չի վախենում արտահայտել այնպիսի դիրքորոշումներ, որոնք համընդհանուր հավանության չեն արժանանա. Նա մշտապես աշխատում է Հայաստանում հանդուրժողականությունն առավել մեծացնելու ուղղությամբ»: «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար Ալեքս Սարդարը զինվորական բարեփոխումներին ուղղված աշխատանքների համար Ծովինար Նազարյանին է հանձնել «Խիզախ կին» մրցանակը: «Ծովինարը կարող է հպարտանալ, որ դերակատարում է ունեցել զինված ուժերի բարեփոխումները խրախուսելու հարցում, ինչն էլ կհանգեցնի Հայաստանում առավել ժամանակակից, արդյունավետ ու մարդասիրական ուժեր ունենալուն»,- ասել է Ալեքս Սարդարը: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզը Ոստիկանության բարեփոխումներում, հատկապես` Ոստիկանության կրթական համակարգի դրական տեղաշարժերում ունեցած դերակատարման համար մրցանակ հանձնեց փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին: «Թափանցիկ, հաշվետու ոստիկանություն, որը ծառայում է Հայաստանի քաղաքացուն, նման ոստիկանության հիմք է օգնում դնել Արթուր Օսիկյանը»,- ասել է դեսպան Էյվզը: ԶԼՄ-ների գերազանցության մրցանակը Epress.am-ի խմբագիրներ Սոնյա Ապրեսովային, Յուրի Մանվելյանին եւ Արմեն Մելիքբեկյանին հանձնելով` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սորոկինը գովեստի խոսքեր է ասել նրանց` արդարացի ու հավասարակշռված լուսաբանումների ու մարդու իրավունքներին վերաբերող հարցերը ուշադրության կենտրոնում պահելու համար:
Դեսպան Սորոկինը նշել է. «Մարդու իրավունքներին վերաբերող հարցերի լուսաբանումը Epress-ի կողմից կարեւոր նշանակություն ունի հասարակության իրազեկման ու հանրային բանավեճի ձեւավորման համար: Այս կարգի լրատվության ապահովումը կարեւոր բաղադրիչ է Հայաստանի ժողովրդավարական զարգացումներում»: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Թրայան Հրիստեան Հայաստանում բնության պահպանությանն ուղղված քարոզչության համար մրցանակ հանձնեց բնապահպան-ակտիվիստներ Ապրես Զոհրաբյանին, Եղիա Ներսիսյանին, Գոռ Հակոբյանին, Մարի Խաչատրյանին եւ Ռուզաննա Գրիգորյանին: «Քաղաքացիական ակտիվիստների նվիրումի եւ վճռականության շնորհիվ է, որ տարվա ընթացքում եղան կարեւոր բնապահպանական հաղթանակներ: Այս մրցանակը ոչ միայն կատարված աշխատանքի համար է, այլ նաեւ Հայաստանում նրանց հետագա աշխատանքների խրախուսման համար»,- ասել է դեսպան Հրիստեան: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: