Երեկ հայ եւ թուրք լրագրողների հետ հանդիպմանը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը անդրադառնալով ԱՄՆ պետաքարտուղար Հիլարի Քլինթոնի` տարածաշրջան կատարած այցին, ասաց. «Քլինթոնի այցն առաջինը պայմանավորված է ժամանակահատվածով: Բոլոր երեք պետությունները սկսել են ընտրությունների նոր շրջան: Դա նաեւ կապված է Սիրիայում եւ Իրանում տեղի ունեցող իրադարձություններին: Դա նաեւ նախորդում է ՌԴ նախագահ Պուտինի այցին: Բայց հավանական է, որ դա լինի նրա վերջին այցը, քանի որ նա կարող է հետ քաշվել ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում եւ պատրաստվել ընտրություններին` որպես թեկնածու` Օբամայից հետո»: Ռ. Կիրակոսյանի դիտարկմամբ` դեռեւս վաղ է գնահատել Հ. Քլինթոնի հնարավորություններն ընտրություններում, բայցեւ ինքը որոշակի համոզմունք ունի Օբամայի հաղթանակի հարցում: «Եթե ստուգենք կամ նայենք Քլինթոնի այցի օրակարգը` Բաքու-Թիֆլիս-Երեւան, ապա ամեն ինչ կա մեջը` անվտանգություն, դեմոկրատիա, մարդկային իրավունքներ եւ այլն, ինչպես նաեւ` Հայաստան-Թուրքիա հարաբերություններ: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, ապա դա այնքան հեռու է այդ օրակարգից, որովհետեւ մինչ օրս Հայաստանն ու Ադրբեջանն այնքան հեռու են միմյանցից, որ նա որեւէ բան չի կարող անել այդ հարցում: Միակ ուղերձը, որ նա կարող է ուղղել Ադրբեջանին, այն է, որ Ադրբեջանը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության սպառնալիք է, եւ նրա կողմից կա պատերազմի վտանգ»,- ասաց քաղաքագետը: Իսկ հարցին, թե ի՞նչ կփոխի Քլինթոնի այցը տարածաշրջանում, Ռ. Կիրակոսյանը պատասխանեց. «Դժվար է ասել, որ ինչ-որ բան կփոխվի: Կարող ենք հույս ունենալ, որ Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի մեջ ընտրություններից առաջ ամերիկյան ցույցն ավելի խիստ է, այսինքն` սպասելիքները եւ ստանդարտները պետք է բարձր մնան ընտրությունների համար»: Իսկ ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ապա վերջինիս կարծիքով` ՀՀ խորհրդարանական ընտրություններին այն գտնվում էր ամենից հետին պլանում, եւ հասարակության ուշադրությունը կենտրոնացել էր բացառապես երկրի ներքին խնդիրների վրա: «Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն կարողացավ ապահովել բացարձակ մեծամասնություն ԱԺ-ում, ինչը հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից ուժեղացնում է նախագահ Սարգսյանին եւ ուժեղացնում է ՀՀ կառավարության մանեւրելու հնարավորությունը հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց արձանագրելու տեսանկյունից: Սա նաեւ նշանակում է, որ կոնֆլիկտը ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ կարող է ավելի բացահայտ քննարկումների խնդիր դառնալ նախագահական ընտրությունների ընթացքում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն այժմ խորհրդարանական է եւ առաջատար պատգամավորներից է, մենք կարող ենք տեսնել քննարկում, դեբատ եւ կոնֆլիկտ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ, որտեղ, ըստ էության, ԲՀԿ-ն կարող է սկսել քննադատել ՀՀԿ-ի քաղաքականությունը եւ Կառավարության քաղաքականությունը, ինչը նաեւ նշանակում է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են նոր ներքին մարտահրավեր ունենալ նոր ձեւավորված քաղաքական իրավիճակի պատճառով»,- նշեց Ռ. Կիրակոսյանը: Ըստ նրա` ՀՀ-ի սպասելիքները մեծ են Թուրքիայից, եւ ինքը նաեւ հույս ունի, որ կգա այն օրը, երբ երկու երկրներն այլեւս կարիք չեն ունենա միմյանց հարաբերությունների կամ սահմանի բացման մասին քննարկումների: Այս պարագայում, ըստ քաղաքապետի, հիմնական մարտահրավերը թուրքական խնդիրն է, ինչպես նաեւ` երկկողմանի հարաբերությունների գործընթացը, որը պայմանավորված չէ Ադրբեջանի գործոնով: Քննարկմանը մասնակցող Ստամբուլի Կուլտուր համալսարանում գտնվող Համաշխարհային քաղաքական զարգացումների հետազոտման կենտրոնի (GPOT) տնօրեն Մենսուր Աքգյունն էլ անդրադառնալով նշված դիտարկմանն` ասաց, որ երկու երկրների միջեւ խնդիրը լուծվելու դեպքում իրենք ՀՀ կգան զբոսաշրջիկի կարգավիճակում: «Ես էլ ուզում եմ քննարկել հայ-թուրքական հարաբերությունները երկու կողմից. մեկը` ներքին խնդիրներից է, իհարկե, ՀՀ-ին հետաքրքրող թեման` Ցեղասպանությունը, եւ երկրորդը` հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման, դիպլոմատիկ հարաբերությունների հիմնումը, սահմանները բացելու խնդիրն է: Ցեղասպանության հարցի հետ կապված Թուրքիայում մեծ առաջադիմություն կա: Ինչպես գիտեք, շարունակ գրվում է, խոսվում է այս հարցի մասին: Իմ երիտասարդության ժամանակ, երբ սովորում էի Անկարայի Միջին արեւելյան տեխնիկական համալսարանում, մենք անգամ չգիտեինք, որ 1915թ. հայեր են մահացել, ինչ-որ բաներ կատարվել են, եւ կարծում էինք, որ հայերը թուրքերին են սպանել, եւ միշտ մութ էր այդ հարցը»,- ասաց GPOT-ի տնօրենը: Նրա ասելով` հիշյալ մոտեցման վերացման համար պահանջվեց մոտ 20-25 տարի, եւ այսօր քննարկման է դրվել պատմությունը: «Կարծես թե կամաց-կամաց ըմբռնում կա: Մի քանի տարվա ընթացքում Թուրքիայում ապրիլի 24-ը որպես ցավերի կիսում է նշվում, եւ միգուցե պետք է ավելի իրատեսական լինի: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը, դժբախտաբար, ո՛չ ընտրությունները, ո՛չ միջազգային ճնշումները Թուրքիայի վրա, չենք կարող ասել դրա մասին: Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին շատ բաներ գրվեց, հեռուստատեսություններով շատ նկարներ տեսանք, բայց Թուրքիայից եկած իմ ընկերները, եթե սխալվում եմ, կարող են ուղղել, որ ՀՀ ԱԺ ընտրությունները շատ լուրջ արձագանք չունեցան Թուրքիայում: Ավելի հետաքրքիրն այն է, որ ՀՀ-ն չի գտնվում Թուրքիայի քննարկվող խնդիրների վերեւում, այսինքն` Թուրքիայի օրակարգում չէ: Օրակարգում կան թուրք-քրդական, Սահմանադրության, Ցեղասպանության հարցերը, սակայն, դժբախտաբար, չկա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման խնդիրը, որովհետեւ արտաքին քաղաքականության մեջ ավելի առաջնակարգ խնդիրներ կան, ինչպես գիտեք, Սիրիայի խնդիրը, Եգիպտոսի ընտրություններն, ի տարբերություն ՀՀ ընտրությունների, ավելի շատ տեղ գրավեց թուրքական մամուլում, նույնը կարող ենք ասել նաեւ Ֆրանսիայի ընտրությունների մասին: Իսկ թե արդյո՞ք կլինի այդ խնդիրը Թուրքիայի օրակարգում, ես այդքան էլ լավատես չեմ այդ հարցում, քանի որ Թուրքիան իր պատմության 200-300 տարիների ընթացքում ապրում է ամենաուժեղ ժամանակներից մեկը»,- նշեց Մ. Աքգյունը: Իսկ քննարկման մասնակից բլոգեր Քեմալ Բոզկուրտի կարծիքով` Թուրքիան պետք է լուծի Ցեղասպանության հարցը, քանի որ այդ հարցը նման է դիակի, որի հոտն, արդեն 100 տարի է` տարածվել է Թուրքիայում: