«Օրինաց Երկիր» կուսակցության մեր աղբյուրների փոխանցմամբ` Արթուր Բաղդասարյանը նախագահ Սերժ Սարգսյանից պահանջել է գործադիր մարմնում իրենց ավելի շատ պաշտոններ հատկացնել: ՕԵԿ նախագահը, իսկապես, դժգոհ է Ս.Սարգսյանից ընտրությունների արդյունքում ձեռք բերած մանդատների քանակից: Նա կուսակցության հավաքների ժամանակ դժգոհություն է հայտնել, թե քանի որ մանդատներն ուժերի միջեւ բաշխվել են ոչ արդար ընտրությունների արդյունքում, ապա ՕԵԿ-ը կարող էր մի քանի տոկոս ավելի ստանալ իշխանության կողմից: Որոշ տեղեկությունների համաձայն` ընտրություններից առաջ Ս.Սարգսյանը Ա.Բաղդասարյանին հենց այդպես էլ խոստացել է: Ու քանի որ ԱԺ-ում ՕԵԿ-ի ներգրավվածությունը շատ աննշան է, փոխարենը` Ա.Բաղդասարյանը բազմաթիվ փոխնախարարների ու վարչության պետերի պաշտոններ է պահանջել Ս. Սարգսյանից: Հայտնի է, որ ՕԵԿ-ը ստանալու է նաեւ երեք նախարարություններ: Գյուղատնտեսության եւ Արտակարգ իրավիճակների նախարարություններից բացի, մեր տեղեկություններով, Ա.Բաղդասարյանը պահանջում է նաեւ Քաղաքաշինության նախարարի պորտֆելը: