Լավատեղյակ աղբյուրները հաստատում են այն տեղեկությունները, որ, այդուհանդերձ, ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիան չի կազմվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատճառով. նա վերջին պահին ԲՀԿ-ին թույլ չի տվել գնալ այդ քայլին: Հիշեցնենք, որ մայիսի 6-ի ընտրություններից հետո` մինչեւ մայիսի 24-ին կոալիցիային մաս չկազմելու մասին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, քաղաքական դաշտում բոլորը համոզված էին, որ այդ երկու ուժերն, այնուամենայնիվ, կոալիցիա կկազմեն: Սակայն, մեր տեղեկություններով, Գ.Ծառուկյանը տեղի է տվել Ռ.Քոչարյանի ճնշումներին: Մենք արդեն տեղեկացրել էինք, որ մայիսի 9-ի տոնակատարությունների ժամանակ Սերժ Սարգսյանն ու Ռ.Քոչարյանը ԼՂՀ-ում հանդիպել էին եւ բավական լարված քննարկում ունեցել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Ռ.Քոչարյանը Ս.Սարգսյանին ասել է, թե թույլ չի տա, որ ԲՀԿ-ն մտնի կոալիցիա: Մեր թղթակցի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր եւ Ռ.Քոչարյանի մերձավոր գործիչ համարվող Վարդան Օսկանյանն, ըստ էության, չի հերքել այս տեղեկությունը: Նա հարցը լսելուց հետո քմծիծաղ է տվել ու ոչինչ չի պատասխանել: