Տիգրան Սարգսյանը՝ ՀՀԿ շտաբի պետ

02/06/2012

Ազգային ժողովի ղեկավարության ընտրությունից հետո քաղաքական դաշտի հիմնական սպասումը մնացել է կառավարության ձեւավորումը: Այդ սպասումն իրականում կարեւոր է իշխանական ուժերի ու գործիչների համար. հասարակության համար միեւնույն է, թե ով որ պաշտոնում կնշանակվի կառավարությունում, քանի որ դրանից երկրի կյանքում ոչինչ չի փոխվում: Ոչ իշխանական ուժերին էլ կառավարության կազմը, մեծ հաշվով, քիչ է հետաքրքրում, քանի որ դրանում նրանք մասնաբաժին չունեն: Այդուհանդերձ, այդ սպասումը, որն ամենեւին չի ավարտվելու նոր կառավարության նախարարների նշանակմամբ, իրականում շատ բացասական, վտանգավոր ազդեցություն ունի պետական կառավարման համակարգի վրա, որն առանց այդ էլ Հայաստանի, թերեւս, ամենաանարդյունավետ գործող համակարգն է: Արդեն այս տարեսկզբից, երբ ոչ պաշտոնապես մեկնարկել էր խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, եւ երկրում ամեն ինչ կապվում էր մայիսի 6-ի հետ, պետական կառավարման համակարգն, ըստ էության, կազմալուծվել էր: Այսինքն` աշխատում էր ոչ թե իրեն վերապահված գործառույթների իրականացման, այլ գրեթե ամբողջությամբ տվյալ գերատեսչությունը ղեկավարող անձի կուսակցական շահի սպասարկման նպատակով: Արդյունքը` ընտրություններում նախարարական պորտֆելներ ունեցող կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի «արձանագրած» ցուցանիշներն էին, որոնք մեծ մասամբ տապալվել էին կուսակցական ենթակայության գերատեսչությունների աշխատակիցների շնորհիվ: Հիմա բոլոր պետական կառույցներն է՛լ ավելի հեռու են իրենց պաշտոնական պարտականություններից, քանի որ մեկ-երկու շաբաթ հետո նրանց ղեկավարները փոխվելու են: Սակայն դրանով «ընտրական կամպանիան» պետական համակարգում ոչ թե վերջանում, այլ նոր է սկսվում ու` ավելի լայն թափով: Բոլորին հայտնի է` այսօր նշանակվող ցանկացած պաշտոնյա աշխատելու է 9-10 ամիս եւ նրա (հետեւաբար` նաեւ նրա նշանակած կադրերի) հետագա ճակատագիրը կախված է լինելու նրանից, թե որքանով «արդյունավետ» կաշխատի նա (ու նրա ենթակաները) նախագահական ընտրություններում նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրությունն ապահովելու համար: Այս մասին այսօր խոսում են ցանկացած գերատեսչության աշխատասենյակներում ու միջանցքներում: Այսինքն` պետական կառավարման` առանց այդ էլ վատ աշխատող համակարգն արդեն լծված է հերթական ընտրական գործընթացին` համապատասխան հետեւանքներով: Ընդ որում, 2013 թվականի նախագահական ընտրություններին էլ հաջորդելու են նույն տարվա գարնանը կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունները, որոնք եւս մեկ «փորձաքար» են լինելու պետական կառավարման համակարգի` առնվազն մայրաքաղաքային հատվածի աշխատակիցների համար: Այսինքն` առնվազն մեկ տարի Հայաստանի պետական կառավարման համակարգը, ըստ էության, կազմալուծված է լինելու եւ գործելու է` որպես մեկ «միասնական նախընտրական շտաբ»: Վարչապետն էլ լինելու է այդ շտաբի պետն այնքան ժամանակ, քանի դեռ Հովիկ Աբրահամյանը չի վերադառնա այդ պաշտոնին: Ու այդպես` այնքան ժամանակ, քանի դեռ «իշխանության ճշմարտությունը» կհիվանդանա, բայց չի մահանա: