Երբ Հայաստանում որեւէ ապրանք է թանկանում, պատճառը տնտեսական կամ շուկայական հարաբերությունների մեջ փնտրելու փոխարեն, փորձում ենք այն գտնել մարդկային հարաբերությունների մեջ:
Ավելի ճիշտ, նախ փորձում ենք հասկանալ, թե ովքե՞ր են զբաղվում տվյալ բիզնեսով, կամ ի՞նչ փոփոխություններ են կատարվել ոլորտի «փայատերերի» կազմում: Իսկ երբ պատասխանը գտնում ենք, արդեն հասկանալի է դառնում, թե ինչո՞ւ թանկացավ տվյալ ապրանքը: Մի նկատառում եւս. սովորաբար բարձրանում է լայն սպառման կամ տվյալ պահին մեծ պահանջարկ վայելող ապրանքների գինը: Բայց այդ թանկությունը մեծ պահանջարկ-թանկ առաջարկ կամ բարձր ինքնարժեք-բարձր գին պարզ ու բոլորին հայտնի բանաձեւերի արդյունքում չի ձեւավորվում: Հայաստանի շուկայի գնային քաղաքականությանը բնորոշ այս բանաձեւը կարելի է ձեւակերպել այսպես. «պահանջարկ-գերշահույթ ստանալու համար թանկ առաջարկ»: Այս բանաձեւը կոտրվեց նաեւ փայտի շուկայի գլխին:
Մեր գործընկերներից մեկը որոշել էր տունը վերանորոգել: Մոտ մեկ ամիս առաջ 1 խմ շինափայտը գնել է 180 դոլարով: Փայտը քչություն է արել, ցանկացել է էլի գնել, բայց չի կարողացել: Շինանյութ վաճառողները բացատրել են, որ արդեն մոտ մեկ ամիս Հայաստան փայտ չի մտել: Մեկ այլ քաղաքացի կահույք էր պատվիրել: Պատվերն ուշանում էր, եւ արտադրամասի տնօրենը պատվերի ուշացումը բացատրել էր Հայաստանում փայտի դեֆիցիտով: Կահույքի գործարանից նաեւ ասել էին, որ Հայաստան մոտ մեկ ամիս փայտ չի մտել: Մեկ շաբաթ առաջ մեր գործընկերը վերջապես կարողացել էր փայտ գնել, այս անգամ 1 խմ-ն` ոչ թե 180, այլ` արդեն 220 դոլարով: Ի՞նչ էր կատարվել այս մեկ ամսվա ընթացքում: Ինչո՞ւ փայտի գինը միանգամից 40 դոլարով բարձրացավ:
Կահույքագործությամբ եւ շինարարությամբ զբաղվողները մեզ տեղեկացրին, որ Մաքսային պետական կոմիտեն «լեւի» մաքսատուրքը թանկացրել է եւ թույլ չի տալիս սահմանին կուտակված փայտը Հայաստան բերել: Մաքսային կոմիտեից մեզ չմեկնաբանեցին, թե ներկրվող փայտի մաքսազերծումն ինչո՞ւ են ձգձգել, կամ քանի՞ կազմակերպություն, ո՞ր երկրներից եւ որքա՞ն փայտ է ներկրում Հայաստան, կամ թե՝ որքա՞ն փայտ է արտահանվում: Չմեկնաբանեցին՝ բացատրելով, որ ժամանակ չունեն:
Ինչեւէ, որոշ փայտագործներ մեզ հետ զրուցելիս ասացին, որ փայտի շուկան վերահսկում են գեներալներ Հայկազ Բաղմանյանը եւ Մանվել Գրիգորյանը: Մեզ նաեւ տեղեկացրին, որ Հայաստանում փայտի բիզնեսի մեջ իր հաստատուն տեղն ունի Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկը, որը մի ժամանակ եղել է Բնապահպանական պետական տեսչության պետ, եւ փայտի նկատմամբ նրա հետաքրքրությունը սկսվել է հենց այդ ժամանակվանից: Բացի նշված անձանցից, փայտի բիզնեսով զբաղվել են նաեւ որոշ գործարարներ, որոնց մեջ հիշատակվում է Շինանյութի Սերգեյի անունը: Սա նույն այն Սերգեյն է, որն ունի շինանյութի շատ խանութներ, նաեւ` արտադրամասեր եւ Աշտարակի ճանապարհին ձիերի երամակով մի տարօրինակ տուն: Փայտագործները նաեւ ասացին, որ փայտի բիզնեսով որոշել է զբաղվել գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Կարծիք կա, որ իշխանության վերին օղակներում որոշում է կայացվել այս բիզնեսն էլ մոնոպոլացնել եւ տալ Ս. Ալեքսանյանին: Իսկ թե գեներալներին ինչ փոխհատուցում է առաջարկվել, դեռ պարզ չէ: Միգուցե նրանք այդ բիզնեսից դուրս չեն գալու, այլ Ս. Ալեքսանյանին ընդունելու են որպես նոր «գործընկեր»: Հայաստանի շուկայական հարաբերություններին բնորոշ մի հատկանիշ եւս. բիզնեսի որեւէ ոլորտի, եթե դա ներկրվող ապրանքի բիզնես է, մոնոպոլիզացումը սկսվում է Մաքսային պետական կոմիտեից (պայմանավորված՝ որոշ գործարարների նկատմամբ բարյացակամ վերաբերմունքով):