Չի բացառել

02/06/2012

Այսօր Գրողների միության դահլիճում տեղի է ունենալու «Ժառանգություն» կուսակցության համագումարը, որտեղ, ինչպես նախապես հայտարարվել էր` պատասխանելու են խորհրդարանական ընտրություններից հետո առաջացած բոլոր հարցերին: Հիշեցնենք, որ ընտրություններից հետո պարբերաբար լուրեր են շրջանառվում, թե «Ժառանգություն» կուսակցությունում խմորումներ կան` կապված կուսակցության համամասնական ցուցակի հետ: Մասնավորապես` կան դժգոհություններ, թե ինչու նախորդ գումարման ԱԺ-ում ակտիվություն դրսեւորած պատգամավորները դուրս մնացին «Ժառանգության» ցուցակից: Հավելենք նաեւ, որ, համաձայն շրջանառվող լուրերի` այդ առումով անհարմար վիճակում է հայտնվել նաեւ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ այդ խնդիրը կարգավորելու համար պատրաստ է հրաժարվել նաեւ իր մանդատից: Երեկ այս լուրերը չի հերքել նաեւ կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասել է, թե իրենց կուսակցության ԱԺ խմբակցության վերջնական կազմը հայտնի կդառնա միայն այսօր` համագումարից հետո: Հիշեցնենք, որ «Ժառանգությունից» դեռեւս իրենց մանդատները չեն վերցրել Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանն ու Ռուբեն Հակոբյանը: «Ազատության» հարցին, թե այսօրվա համագումարում արդյո՞ք հնարավոր են ինքնաբացարկներ, քանի որ շատ են շրջանառվում Րաֆֆի Հովհաննիսյանի` ինքնաբացարկ հայտարարելու մտադրության մասին լուրերը, Խուրշուդյանը պատասխանել է. «Ես ոչինչ չեմ բացառում»: