Կարճատեւ դադարից հետո ԱՄՆ դոլարի փոխարժեքը երեկ կրկին շարունակել է վերելքը։ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում երեկ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.45 դրամ:
Դոլարը թանկացել է 0.45%-ով կամ 1.81 կետով: Ինչպես արդեն հասցրել են նկատել մեր գործընկերները՝ ավելի թանկ բորսայում դոլարը գնանշվել է մոտ 6 տարի առաջ` 2006 թ. օգոստոսի 4-ին` երբ փոխարժեքը հասավ 407.51 դրամի:
Ընդհանուր առմամբ` բորսայում երեկ վաճառվել է 3.7 մլն դոլար: Դա, ըստ ամենայնի, Կենտրոնական բանկի ինտերվենցիան է, որը, սակայն, արդյունք չի չտվել։ Կանխիկ արտարժույթի շուկայում՝ բանկերում եւ փոխանակման կետերում, դոլարի առքի գինը երեկ կազմում էր միջինը 405-406 դրամ։ Դոլարի առքի միջին գինը առեւտրային բանկերի կողմից կազմել է 405.7 դրամ, վաճառքինը՝ 409.26 դրամ։ Որոշ բանկեր ԱՄՆ դոլարի վաճառքի գինը հասցրել էին ընդհուպ 412 դրամի։ Հասկանալի է, որ բորսայական անցուդարձը կրկին թեժացնելու է խոսակցությունները փոխարժեքի թեմայի շուրջ եւ մեծացնելու է անորոշությունն ու անհանգստությունը բնակչության շրջանում։
Հասկանալի է նաեւ, որ ֆինանսական ոլորտի մեր պատասխանատուները եւ նրանց համախոհ որոշ տնտեսագետներ փորձելու են ասուլիսներ հրավիրել եւ կոչ անել խուճապի չմատնվել, ապացուցել, որ ամեն ինչ հսկողության տակ է եւ անհանգստանալ պետք չի։ Օրինակ, օրեր առաջ ԵՊՀ-ի տնտեսագետներից մեկը փորձում էր ապացուցել, որ փոխարժեքի աճը սեզոնային բնույթ ունի եւ կապված է զբոսաշրջության ակտիվացման հետ։ Այսինքն՝ մարդիկ իրենց մոտ եղած դրամը վեր են ածում դոլարի, որպեսզի մեկնեն արտերկիր հանգստանալու։ Արդյունքում՝ մեծանում է դոլարի նկատմամբ պահանջարկն ու դրա գինը։ Սա շատ հետաքրքիր մոտեցում է, որը, «հանգստացնող» էֆեկտից բացի, նաեւ նպատակ ունի ցույց տալ, թե մեր համաքաղաքացիների սոցիալ-տնտեսական պայմաններն այնքան են լավացել, որ նրանք հարյուր-հազարներով մեկնում են հանգստանալու։ Սակայն ինչո՞ւ հենց մայիսին՝ պարզ չէ (մանավանդ որ, մայիսն արձակուրդային ամիս չէ, եւ մեր ժողովրդի մեջ սնոտիապաշտական վախ կա այս ամսվա նկատմամբ)։
Եթե ավելի լուրջ դիտարկենք այդ տեսակետը, ուրեմն նախորդ տարիներին նույնպես պետք է նման դինամիկա լիներ։ Օրինակ, 2011թ. մայիսի 1-ին դոլարի առքի միջին գինը եղել է 368.67 դրամ, իսկ հունիսի 1-ին՝ 374.26 դրամ։ Մեկ ամսվա ընթացքում դոլարը թանկացել էր 5.59 դրամով կամ 1.5%-ով։ Այս տարվա մայիսի ընթացքում դոլարը թանկացել է շուրջ 15 դրամով կամ 3.8%-ով։ Այսինքն, փոխարժեքի աճի տեմպը 2.5 անգամ ավելի բարձր է, ինչը նշանակում է, որ այս անգամ գործ ունենք ուրիշ երեւույթի հետ։
Ինչ վերաբերում է մեր համաքաղաքացիներին, ապա նրանց մեծ մասն այսօր մտածում է ոչ թե դրսում հանգստանալու մասին, այլ՝ ինչպես է ծայրը ծայրին հասցնելու հնարավոր գնաճի դեպքում։ Իսկ գնաճային սպասումների հիմք հանդիսանում է նույն փոխարժեքը։ Ցանկացած տրամաբանող մարդ գիտակցում է, որ եթե մի երկրում ներմուծման ծավալը շատ քիչ է զիջում ներքին առեւտրաշրջանառության ծավալներին, ուրեմն դոլարի աճն անխուսափելիորեն հանգեցնելու է գնաճի (օրինակ, այս տարվա հունվար-ապրիլին ներմուծումը կազմել է 510.6 միլիարդ դրամ, իսկ առեւտրաշրջանառության ծավալները՝ 534.8 միլիարդ)։
Սակայն հուսահատվել պետք չէ, քանի որ ունենք Ազգային վիճակագրության ծառայության պես կառույց։ Այն միշտ բնակչության կողքին է եւ հուսադրում է իր լավատեսական ցուցանիշներով (անկախ նրանից, թե ՀՀ շարքային քաղաքացին իր մաշկի վրա ինչ է զգում)։
Այսպես, 2 օր առաջ ԱՎԾ-ն հրապարակել է «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2012թ. հունվար-մայիսին» զեկույցը։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 12-ամսյա կտրվածքով (այս տարվա մայիսը` նախորդ տարվա մայիսի համեմատ) սպառողական գներն աճել են ընդամենը կես տոկոսով։ Այդ թվում` պարենային ապրանքների գները նվազել են 1.6%-ով։
«2012թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.6% գնանկում, ինչի վրա իրենց անմիջական ազդեցությունն են թողել բանջարեղենի եւ կարտոֆիլի, կաթնամթերքի, ձվի գների նվազումը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 15.5-0.2% գնանկում, 4-ում` 0.1-0.2% գնաճ, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ»,- նշում են վիճակագիրները:
Ավելին, եթե մայիսը համեմատենք նախորդ տարվա դեկտեմբերի հետ, ապա արձանագրվել է ցածր գնաճի ռեկորդային ցուցանիշ վերջին 10 տարվա կտրվածքով։ Ինչպես երեւում է գծապատկերից, այս տարվա առաջին 5 ամսվա կտրվածքով գնաճը կազմել է ընդամենը 0.8%, մինչդեռ նախորդ տարիներին ամենացածր ցուցանիշը արձանագրվել է 2005թ.՝ 2.9%։
Թեեւ նշվում է, որ զեկույցը վերաբերում է հունվար-մայիս ժամանակահատվածին, հասկանալի է, որ իրականում այն չի ներառում մայիսի վերջին մեկ շաբաթվա գնային տատանումները։ Զեկույցը հրապարակվում է ամսվա վերջին օրը, եւ վիճծառայության մասնագետները ֆիզիկապես ու տեխնիկապես ի վիճակի չեն ներառել ամենավերջին փոփոխությունները։ Չնայած այս հանգամանքին, հետագա ճշգրտված հաշվետվության մեջ գնաճի մեղմ ցուցանիշները դժվար թե փոփոխության ենթարկվեն։ Հո մարդկանց խուճապի չե՞ն մատնելու։