Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը BBC-ին տված հարցազրույցում` պատասխանելով հարցին, թե` արդյո՞ք ճիշտ էր Շուշիի ազատագրման 20-րդ տարելիցին նվիրված` ԼՂՀ-ում ռազմական շքերթի անցկացումը, որն ադրբեջանական կառավարությունը համարել է որպես սադրանք, որը չի կարող օգնել խաղաղ գործընթացին, պատասխանել է. «Իհարկե ճիշտ էր: Լեռնային Ղարաբաղը երիտասարդ, 20 տարեկան, դե ֆակտո, անկախ ժողովրդավարական պետություն է: Ինչպես գիտեք` մայիսի 9-ը ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի օրն է, իսկ մեզ համար` նորանկախ Հայաստանի համար` նաեւ Շուշիի ազատագրման օրն է: Ցանկանում եմ նշել, որ Ղարաբաղը հաղթանակ տարավ պատերազմում, բայց մեզ համար կարեւոր է տարածաշրջանում խաղաղության հաղթանակը: Նորմալ է, որ նման միջոցառումը նշվում է: Շուշին հայկական հնադարյան քաղաք է»: Դիտարկմանն էլ, թե` շատերը պնդում են, որ Հայաստանի շահերից է բխում, որպեսզի ստատուս-քվոն պահպանվի, եւ Հայաստանը չի շտապում այդ հարցում որոշում կայացնել, Կ. Ղազինյանը պատասխանել է. «Ես համամիտ չեմ: Մենք շատ ենք ցանկանում այս գործընթացում առաջ գնալ, ահա թե ինչու, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից որեւէ մեկը նախաձեռնությամբ է հանդես գալիս, իսկ վերջին երկու տարիներին մի շարք նախաձեռնություններով է հանդես եկել ՌԴ նախկին նախագահ Դ. Մեդվեդեւը, մենք միշտ մասնակցել ենք: Ճիշտ չէ այն տեսակետը, թե Հայաստանը շահագրգռված չէ այս հարցում: Մտահոգիչ է այն հանգամանքը, որ Ադրբեջանը սպառազինության ներկրումն անընդհատ մեծացնում է: Երբ 1991-ին պատերազմ եղավ, Հայաստանը ոչ հարուստ էր, ոչ էլ ռազմական առումով ուժեղ, բայց մենք պայքարել ենք մեր ժողովրդի ազատության համար: Մենք չենք ճանաչել Կոսովոն, որովհետեւ առանց Լեռնային Ղարաբաղը ճանաչելու` չէինք կարող նման քայլի գնալ: Մեզ համար դա լավ նախադեպ է: Եթե Կոսովոն կարող է անկախ լինել, ինչո՞ւ չի կարող անկախ լինել Ղարաբաղը»: Լրագրողի նկատառմանն էլ, թե` «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթը Հայաստանի համար լավ առիթ էր, լավ ժեստ` Բաքու ուղարկել Հայաստանի ներկայացուցչին` ցույց տալու, որ հնարավոր է երկու պետությունների միջեւ նորմալ հարաբերություններ, սակայն Հայաստանը որոշեց չօգտվել այդ հնարավորությունից, նա պատասխանել է. «Ես համոզված եմ, որ Հայաստանն ուներ իր պատճառները: Ես մանրամասներին ծանոթ չեմ, սակայն, ինչպես նշեցի, մենք ցանկանում ենք բանակցություններ, մենք ցանկանում ենք համագործակցություն: Ես կարող եմ իմ անձնական փորձից օրինակ բերել: Ես Հայաստան-ԵՄ Ասոցիացման համաձայնագրի գլխավոր բանակցող էի, եւ երբ բազմակողմանի ծրագրեր էին լինում, եւ երբ որ Ադրբեջանը եւ Հայաստանը միասին պետք է մասնակցեին այդ ծրագրին, Հայաստանը հայտարարում էր, որ պատրաստ է մասնակցել այդ ծրագրին, Ադրբեջանը միանգամից հրաժարվում էր»: