Պարզաբանում պարզաբանեաց

02/06/2012

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը երեկ պարզաբանում է ներկայացրել՝ ի պատասխան մեր թերթի մայիսի 31-ի համարում տպագրված «Ռուսները ցանկանում են «ՀայՌուսգազարդի» վերջին 20 տոկոսը» հոդվածին։ Դրանում, մասնավորապես, ասված է.

««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 22 սեպտեմբերի, 2003թ. տրված լիցենզիայի պայմաններին համապատասխան սահմանված հաշվետվությունները սահմանված ձեւերով եւ ժամկետներում ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: «ՀայՌուսգազարդ» ընկերության հիմնական ցուցանիշների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունները հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետներում հրապարակվել են հանձնաժողովի պաշտոնական psrc.am կայքում: Ինչ վերաբերում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունների հրապարակմանը, ապա այս գործընթացը կանոնակարգվում է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով: Վերոնշյալ հոդվածի 1-ին կետով հրապարակման վերջնաժամկետ է սահմանված մինչեւ հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ը, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի պայմանն է, որ տարեկան ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ: Այժմ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունները աուդիտի անցկացման փուլում են: Աուդիտորական ծառայություններ է մատուցում «Փրայսուոթերհաուս Կուպերս Արմենիա» ընկերությունը, որը հանդիսանում է աշխարհում չորս խոշոր աուդիտորական ընկերություններից մեկի դուստր ընկերությունը:

Աուդիտի անցկացման ավարտից հետո` օրենքով սահմանված ժամկետում, Ընկերությունը կհրապարակի իր ֆինանսական հաշվետվությունները: Ինչ վերաբերում է ընկերության 20 տոկոս բաժնեմասի վաճառքին, ապա այդ թեմայով հնչող վերլուծական կարծիքները կամ շրջանառվող խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում: Այս պահին նման քննարկումներ օրակարգում չկան»:

«168 Ժամ» – Չցանկանալով այս թեման վերածել հավերժ հեռակա բանավեճի, այդուհանդերձ, չենք կարող չներկայացնել նշված պարզաբանման հետ կապված մի քանի նկատառում։ ՀԾԿՀ-ի կայքում իրոք տեղադրված են որոշ ցուցանիշներ, սակայն.

1. Դրանք ֆինանսատնտեսական գործունեության տվյալներ չեն (լիցենզիան դա է պահանջում)։ Այնտեղ ներկայացված են գազի մատակարարմանը վերաբերող տվյալներ (թե քանի խ/մ է գնվել, որքան է առաքվել, որքան է պահուստավորվել եւ այլն) եւ՝ բնակչության ու տնտեսվարող սուբյեկտների վճարումներին առնչվող տվյալներ։ Որեւէ տվյալ չկա շահույթի, վնասի չափի մասին։

2. Լիցենզիայի պայմաններում հատուկ նշված է՝ հրապարակել մամուլում։ Իսկ ՀԿԾՀ-ն, որքան մեզ հայտնի է, ոչ թե լրատվամիջոց է, այլ պետական կառույց։

3. Միգուցե խուճուճ ձեւակերպումների պատճառով, չի բացառվում, որ լիցենզիայի պահանջները երկակի ընկալվեն, սակայն մինչեւ նյութի հրապարակումը մենք զանգահարել ենք «ՀայՌուսգազարդի» մամուլի ծառայություն՝ հնարավոր թյուրըմբռնումներից խուսափելու համար։ Եթե վերը նշված պարզաբանումը նրանք մեզ ներկայացնեին հենց այդ ժամանակ, դա հասկանալի կլիներ։ Սակայն նրանք մեզ պարզապես պատասխանեցին, որ հաշվետվությունները դեռ պատրաստ չեն։

Ինչ վերաբերում է ընկերության 20 տոկոս բաժնեմասի վաճառքին, ապա համաձայն ենք՝ դա ոչ թե անհերքելի փաստ է, այլ կարծիք կամ խոսակցություններ (դեռեւս)։ Ճիշտ նույնպիսի խոսակցություններ, ինչպիսիք շրջանառվում էին Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, եւ ավելի ուշ՝ Իրան-Հայաստան գազամուղը «ՀայՌուսգազարդին» փոխանցելու զարգացումների պարագայում։ Հիշեցնենք, որ այն ժամանակ նույնպես այդ խոսակցությունները «իրականությանը չէին համապատասխանում»: