Ընթացքի ժամանակ ձիերին չեն փոխում

04/12/2005 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ավելի հետաքրքիր է հիշել մի փաստ, որը պակաս հետաքրքիր չէ։ Բոլորը կարծես մոռացել են, որ նույն այս իշխանությունները 2003թ. հանրաքվեի էին դրել սահմանադրական փոփոխությունների մեկ ուրիշ նախագիծ, որին մասնակցել էր 1.215.908 մարդ։ Ընդ որում, մասնակցության այսպիսի բարձր աստիճանը պայմանավորված էր նրանով, որ հանրաքվեն եւ խորհրդարանական ընտրություններն անցկացվում էին նույն օրը (շատերն են հիշում, թե ինչպես էին ձեռքներին 3 թուղթ մտնում քվեարկության խցիկ)։ Հետաքրքիր էր նաեւ «այո»-ների եւ «ոչ»-երի հարաբերակցությունը՝ 559.687 «այո», եւ 552.257 «ոչ», այսինքն՝ գրեթե հավասար։ 2 տարվա ընթացքում տրամադրությունների այսպիսի փոփոխությունը թերեւս անհնար է բացատրել։

Բոլորն էլ սպասում էին, որ առաջարկված փոփոխություններն անցկացվելու են, սակայն ժողովրդի «վստահության» այսքան մեծ չափաբաժին ոչ ոք չէր սպասում, անգամ՝ նախագծի հեղինակները։ Ըստ երեւույթին, հենց դա նկատի ուներ «Այո»-ի շտաբի պետ օրինացերկրացի Մհեր Շահգելդյանը, երբ նոյեմբերի 28-ին հայտարարեց, որ շատերը փորձել են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ։

Այժմ անդրադառնանք ընդդիմությանը։ Ի՞նչ արեց ընդդիմությունը։ Եթե իրերը կոչենք իրենց անուններով՝ ապա ոչինչ։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ թե չարեց, այլ չկարողացավ անել։ Հանրահավաքներից մեկի ժամանակ հնչեց մի այսպիսի միտք՝ իշխանություններն ընկան մեր սարքած թակարդը, որը կոչվում է բոյկոտ։ Սակայն հարց է, թե ով՝ ում լարած թակարդի մեջ ընկավ։ Կրիտիկական զանգվածն այդպես էլ չհավաքվեց, իսկ ընդդիմադիր գործիչներից մի քանիսի ելույթների մեջ զգացվում էր ժողովրդին ուղղված կշտամբանք՝ անտարբերության եւ իրենց չաջակցելու համար։ Ժողովուրդն, իրոք, անտարբեր է, ընդ որում՝ ոչ միայն ընդդիմության, այլեւ իշխանությունների, միջազգային կառույցների ու դիտորդների նկատմամբ։ Բայց ո՞վ է դրանում մեղավոր, մարդիկ բոլորից էլ հիասթափվելու առիթներ ունեցել են։ Գարնանը խոսում են քաղաքական «թեժ ամառվա» մասին, ամռանը՝ «թեժ աշնան», սակայն ոչինչ էլ տեղի չի ունենում։ Ժամանակն անցնում է, իսկ «եղանակի կանխատեսումներին» մարդիկ սկսում են վերաբերվել նույն թերահավատությամբ, ինչպես վերաբերվում են օդերեւութաբանական ծառայության կանխատեսումներին։

Առանձնահատուկ հետաքրքրության է արժանի միջազգային հանրության դիրքորոշումը, որոնցից քիչ թե շատ լուրջ գնահատական տվել է «Միջազգային ճգնաժամային խումբը» (ՄՃԽ), որը լուրջ կասկածի տակ է դնում հանրաքվեի արդյունքները։ Այս կազմակերպության զեկույցում մասնավորապես ասված է. «ՄՃԽ-ի դիտորդներն այցելել են Երեւանի 3 տարբեր ընտրատեղամասեր, յուրաքանչյուրում մնացել են 45 րոպե։ Այդ ընթացքում 3 տեղամասերում իրար հետ քվեարկությանը մասնակցել է 30 հոգուց պակաս մարդ»։

Տեսակետ կա, որ միջազգային հանրությունը կարծում է, թե այս փոփոխված սահմանադրությունը կարող է նպաստել ժողովրդավարության կայացմանը եւ հեղափոխություն կատարել վերեւից։ Ընդ որում, այս կարծիքն ունեն նաեւ որոշ ընդդիմադիր գործիչներ, եւ որպես հիմնավորում բերում են այն փաստը, որ որոշ դեսպաններ ակտիվորեն «այո» էին քարոզում։ Սակայն չպետք է մոռանալ, որ միջազգային հանրությունն արդեն մի քանի տարի մոտիկից ճանաչում է գործող իշխանություններին եւ նրանց կողմից այդպիսի մոտեցումը պարզապես միամտություն կլիներ։ Այս պարագայում շատ ավելի հիմնավորված է թվում այն կարծիքը, որ «քարտ-բլանշը» հենց այնպես չի տրվել, դրա համար «այո»-ն անցկացրած քաղաքական ուժերն ինչ-որ կերպ վարձահատույց են լինելու։ Շատերը կարծում են, որ դա կապված է լինելու ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ։ Ու այս ֆոնի վրա, հանրաքվեի հաջորդ իսկ օրը՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանի արած այն հայտարարությունը, որ շատ հնարավոր է` 2006թ. հունվարին ունենանք ղարաբաղյան խնդրի կարգավորման փաստաթուղթ, դժվար է պատահական համարել։

Նոյեմբերի 22-ին, երբ բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի վրա, ՀՀ ՊՆ խորհրդական Հայկ Քոթանջյանը հարցազրույց է տվել «Ռեգնում» լրատվական գործակալությանը, որտեղ հրապարակել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այսպես կոչված, ճանապարհային քարտեզի մի շարք մանրամասներ։ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը դեկտեմբերի 1-ին մամլո հաղորդագրություն է տարածել, որտեղ «Ճանապարհային քարտեզը» որակում է ազգային դավաճանություն։ Բանն այն է, որ այն նախատեսում է ազատագրված տարածքների վերադարձ, իսկ Լաչինում եւ Քելբաջարում պետք է համատեղ ջանքերով ստեղծվի «ազատ տնտեսական գոտի»։

Այս հարցի կապակցությամբ ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունից մեզ պատասխանեցին. «Հայկ Քոթանջյանը ներկայանում է որպես փորձագետ եւ այդ կարգավիճակում ազատ է իր տեսակետներն արտահայտելու մեջ: Կարելի է արձանագրել միայն, որ պարոն Քոթանջյանի կողմից առաջարկվող մոտեցումներում, ինչպես նաեւ «Միջազգային ճգնաժամային խմբի» զեկույցում, որեւէ անդրադարձ չկա մոտ հինգ հարյուր հազար փախստական ադրբեջանահայերի ոտնահարված նյութական եւ բարոյական իրավունքների վերականգնման խնդրին»։

Միգուցե պրն Քոթանջյանի հարցազրույցը պարզապես հասարակության տրամադրությունը ստուգելու փո՞րձ էր, ինչպիսիք արվում են նաեւ Ադրբեջանում։ Պատահական չէ, որ վերջին ժամանակներս տարբեր տրամաչափի տեղական ու միջազգային գործիչներ ավելի ու ավելի հաճախ են հնչեցնում այն միտքը, որ 2006թ. այս հարցը վերջնական լուծում կստանա։

Այս ամենն ի մի բերելով, կարելի է հասկանալ թե՛ նախընտրական, եւ թե՛ հետընտրական շրջանում ԱՄՆ-ի եւ Եվրոպական կառույցների դիրքորոշումը։ Ըստ ամենայնի, նախնական համաձայնությունն արդեն ձեռք է բերվել, եւ ոչ ոքի ձեռնտու չէ, որ իշխանության գա մեկ այլ ուժ, որի հետ ամեն ինչ կսկսվի զրոյից։ Ինչպես ասում են՝ «ծՈ տպՐպտՐՈՉպ ՍՏվպռ վպ Վպվ