Հայաստանի խոշորագույն հարկատու հանդիսացող «ՀայՌուսգազարդ» ընկերությունը երեկվա դրությամբ չէր հրապարակել նախորդ տարվա ֆինանսատնտեսական գործունեության հաշվետվությունը։ Մինչդեռ այդ ընկերությանը կառավարության տրամադրած լիցենզիայի պայմանների համաձայն, «ՀայՌուսգազարդը» պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչեւ մայիսի 30-ը, մամուլում հրապարակել նախորդ տարվա իր ֆինանսատնտեսական գործունեության հաշվետվությունը։ Լիցենզիայի պայմանները խախտելու դեպքում նախատեսված են տույժեր՝ նախազգուշացումից մինչեւ լիցենզիայից զրկում։ Ընկերության մամուլի ծառայությունից երեկ մեր թղթակցին ասել են, թե չգիտեն` երբ կհրապարակվի հաշվետվությունը։ Հաշվի առնելով այն տեղեկությունները, որ շրջանառվում են «ՀայՌուսգազարդի» ապագայի վերաբերյալ, հաշվետվության հրապարակումը հազիվ թե պայմանավորված է տեխնիկական անփութությամբ: Բանն այն է, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ` այս ընկերությունն աշխատում է հսկայական վնասներով, ինչի պատճառով, ըստ հավաստի տեղեկությունների, «Գազպրոմը» քննարկում է «ՀայՌուսգազարդում» ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնեմասը գնելու հարցը: Եթե դա իրականություն դառնա, ապա «ՀայՌուսգազարդի» կառավարումը եւս կանցնի ռուսներին: