Իրենք իրենցով

31/05/2012

Երեկ ՀՀԿ-ն ԳՄ նիստում որոշեց ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Գործող նախագահ Սամվել Նիկոյանը հավանաբար կնշանակվի որեւէ ոլորտի նախարար: ԱԺ 2 փոխնախագահների պաշտոնում առաջադրվեցին Էդուարդ Շարմազանովի եւ Հերմինե Նաղդալյանի թեկնածությունները: Որոշվեց նաեւ, որ ՀՀԿ խմբակցությունը շարունակելու է ղեկավարել Գալուստ Սահակյանը: ՀՀԿ խմբակցությանն են բաժին հասնելու նաեւ ԱԺ մշտական 8 հանձնաժողովների նախագահների պաշտոնները: Երեկ նաեւ ՀՀԿ գրասենյակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը ստորագրեցին կոալիցիոն նոր համաձայնագիր, որում նշված է, որ երկու կուսակցությունները 2013թ. նախագահական ընտրություններում պաշտպանելու են գործող նախագահի թեկնածությունը: ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերում երեկ կառավարության ղեկավարի եւ անդամների հարց չի քննարկվել: Այսօր կայանալիք ԱԺ անդրանիկ նիստում հրաժարական կներկայացնի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը: Առաջիկա 10 օրերին նա հավանաբար կվերանշանակվի վարչապետի պաշտոնում, որին հաջորդող 20 օրերի ընթացքում էլ կձեւավորվի նոր կառավարությունը: