Բազմազանության շքերթ

31/05/2012

Եվ այսպես, այսօր տեղի է ունենալու հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: 131 պատգամավորների մի մասը երեկ անձամբ է ԿԸՀ-ից ստացել մանդատները, մնացածը, ժանրի կանոնների համաձայն, չեն մասնակցել այդ արարողությանը` մանդատները ստանալով իրենց լիազոր ներկայացուցիչների միջոցով: Հնարավոր է` պատգամավորների այս` վերջին մասը ներկա չլինի նաեւ խորհրդարանի այսօրվա նիստին, սակայն դրանից ոչինչ չի փոխվելու: Ընդդիմադիրները, կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել` ֆորմալ առումով իշխանությունը չներկայացնողները, ԱԺ ընտրություններից հետո վերցնելով իրենց հատկացված մանդատները, հիմա «տեղային նշանակության» բոյկոտներ են անում` թերեւս, իրենց ընդդիմադիրի իմիջը պահպանելու համար: Նրանք բոլորը, սակայն, իշխանության հանրապետական եւ բարգավաճական նշանակության պատգամավորների հետ միասին, այլեւս մաս են կազմում այն խորհրդարանին, որը հերթական անգամ ձեւավորվեց գրված եւ չգրված օրենքների կոպտագույն խախտումներով, մարդկային ու քաղաքական-քաղաքացիական արժանապատվության ոտնահարման ճղճիմ դրսեւորումներով: Խորհրդարան անցած բոլոր ուժերն ընդունեցին իշխանության թելադրած խաղի այդ կանոնները, ամենամոլի ընդդիմադիրներն անգամ դրա դեմ ընդվզեցին` ընդամենը լրատվական միջավայրում չմոռացվելու, իրենց դեմքը պահպանելու անփառունակ մղումներով… Այսօր իր աշխատանքը մեկնարկող խորհրդարանի պատգամավորները շատ հարցերում գուցե շատ տարբեր են. մի մասը գրագետ է, մի մասը` թերուս, ոմանք հեղինակություն ունեն իրենց կուսակցություններում, մյուսները` իրենց թաղերում, մի մասն այնտեղ է գնում` հայհոյելու իշխանությանը, ավելի մեծ մասը` հայհոյելու հայհոյողներին: Բայց անկախ այս եւ բազմաթիվ այլ տարբերություններից` նրանց բոլորին միավորում է անհագուրդ տենչը մանդատի նկատմամբ: Այսինքն` նրանք եւ միանման են եւ, միեւնույն ժամանակ, բազմազան, ինչը շատ արդիական է մեր օրերում: Ուստի մնում է հուսալ, որ նրանք չմոռանալով իրենց միավորող կապերը` միմյանց, այնուամենայնիվ, կհանդուրժեն: Առավել եւս, որ մեր օրերում անհանդուրժողականությունը դատապարտվում է գրեթե բոլոր կողմերից. սկսած տեղական կառուցողականներից` մինչեւ Եվրոպայի խորհուրդ ու ԱՄՆ Պետդեպարտամենտ: