Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ մարտի 27-ին կայացած նիստում մեղադրող Հարություն Հարությունյանն առաջարկել էր Մարգար Օհանյանին ազատազրկել 8 տարով` գույքի կեսի բռնագրավմամբ: Դատախազը նաեւ առաջարկել էր Ստեփան Կարախանյանին դատապարտել 6 տարի ազատազրկման, Արա Լեւոնյանին` 5 տարի վեց ամիս պայմանական ազատազրկման, Սամվել Մախմուրյանին` 5 տարի ազատազրկման, սակայն առաջարկեց պատիժը պայմանական չկիրառել եւ սահմանել փորձաշրջան:
Հիշեցնենք նաեւ, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար, եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով: Ըստ գործի նյութերի, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում Ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2.480.720 լիտր բենզին: Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի չափով վնաս: Հիշեցնենք նաեւ, որ ՃՈ նախկին պետն արդեն վերականգնել է պետությանը պատճառված վնասը 19 միլիոն 720 հազար դրամի չափով: Դատավորը երեկվա նիստում Մարգար Օհանյանին անմեղ է ճանաչել Քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջադրված մասով` հանցակազմի բացակայության պատճառով, եւ նրան մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի երրորդ մասով: Իսկ մյուս ամբաստանյալները` Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանը եւ Սամվել Մախմուրյանը, պայմանական դատապարտվեցին 4-ական տարի փորձաշրջանով: Իսկ մինչ դատարանի վճռի հրապարակումը` իր վերջին խոսքում Մարգար Օհանյանը հայտարարել է. «Իմ ողջ գիտակից կյանքը նվիրված է եղել Ոստիկանության համակարգին` մասնավորապես, Ճանապարհային ոստիկանությանը: Այս տարիների իմ աշխատանքային գործունեության ընթացքում իրականում եղել են էական ձեռքբերումներ, որի ակնառու ապացույցն են ՃՈ գործունեությունը բնութագրող շեշտակի բարելավումները: Չեմ ժխտում, որ դրանց հետ մեկտեղ` եղել են բացթողումներ, որոնց պատասխանատուն, հայտարարել եմ ու շարունակում եմ պնդել, որ ես եմ` որպես ծառայության ղեկավար: Յուրաքանչյուր աշխատող մարդ սխալվելու իրավունք ունի, այդ թվում` եւ ես, միայն գլուխ պահող, չաշխատող մարդն է ապահովագրված սխալվելուց: Ես չեմ վախեցել կամ խուսափել պատասխանատվությունից, այսօր էլ չեմ վախենում, որովհետեւ համարել եմ, որ առաջին հերթին ղեկավարն է հաշվետու իրեն վստահված ոլորտին վերագրված ցանկացած խախտման համար: Տվյալ դեպքում էլ, եթե պետությունը գտնում է, որ այդ գործով ապացույցները վկայում են յուրացումների մասին, իմ հարազատների կողմից վնասն ամբողջությամբ վերականգնվել է, իսկ ես` որպես պետական մտածողության տեր մարդ, ընդունում եմ մեղավորությունս պետության առջեւ: Ես ամեն ինչ արդեն ասել եմ: Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնեք, ես պետական մտածելակերպով մարդ եմ: Ես կորցնելու ոչինչ չունեմ, ամեն ինչ արդեն կորցրել եմ: Ես նույն անձն եմ, չեմ ամաչում ոչ մեկի աչքերին նայելուց, չեմ ամաչում իմ հարազատներից: Ես չեմ ամաչում նայել իմ որդու աչքերի մեջ, իմ մոր աչքերի մեջ. ես անմեղ եմ: Եթե եղել են որոշ բացթողումներ, ապա դա էլ է հնարավոր, որովհետեւ ես էլ եմ մարդ եւ կարող էի անել որոշ սխալներ, սակայն իմ աշխատանքային տարիներին Ճանապարհային ոստիկանությունն ունեցել է մի շարք վերելքներ»: Հայտարարությունն ընթերցելուց հետո Մարգար Օհանյանը շնորհակալություն է հայտնել իր նախկին գործընկերներին, ովքեր, ըստ նրա, «շատ շնորհքով են իրեն վերաբերվում մինչ օրս», դատավարությունը լուսաբանող լրագրողներին` անաչառ լրատվություն տալու համար: Դատավորին էլ խնդրել է խորհրդակցական սենյակում կայացնել վճիռ` ի նպաստ Հայաստանի Հանրապետության: