Այս տարվա սեպտեմբերի 7-ին, հնարավոր է, որ կայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան: Այդ մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: «Մոտ ժամանակներս կհստակեցվի հայկական կողմի հրավերով Ռուսաստանի նախագահի` Հայաստան պետական այցի ամսաթիվը: Իմ ունեցած տեղեկության համաձայն` խոսք է գնում սեպտեմբերի 7-ին, ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ հրավերի մասին, որի անդամներ են հանդիսանում Ռուսաստանը, Հայաստանը, մի շարք այլ երկրներ»,- ասել է Զատուլինը` ավելացնելով, որ այդ ամսաթիվը շատ խորհրդանշական է, սակայն պետական այցերի տեսանկյունից` ոչ այդքան հարմար, քանի որ սեպտեմբերի 7-ին լրանում է Բորոդինոյի ճակատամարտի 200-ամյակը: «Եթե այդ օրը Բորոդինոյի դաշտում անցկացվեն հանդիսավոր միջոցառումներ, ապա դուք պետք է ներեք նախագահ Պուտինին: Նախորդ անգամ` Բորոդինոյի ճակատամարտի 100-ամյակին, Նիկոլայ 2-րդ ցարն ամբողջ օրը ներկա է գտնվել հանդիսավոր միջոցառումներին»,- ասել է նա` շեշտելով, որ դիվանագիտական ճանապարհներով աշխատանքները սկսված են եւ բարեհաջող կավարտվեն: Նշենք, որ Զատուլինը երեկ մասնակցել է ԱՊՀ երկրների ինստիտուտի կողմից հրատարակված «Բաց Ռուսաստան. Նոր կերպար տեղեկատվության դարում» գրքի շնորհանդեսին: Դրանում ներկայացված է հայկական լրատվամիջոցների կողմից ռուսաստանյան իրականության լուսաբանման պատկերը, որը, ինչպես ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, ավելի շատ դրական լույսի ներքո է: «Հայաստանյան լրատվամիջոցներում հայ-ռուսական հարաբերությունների լուսաբանմանը նվիրված նյութերի մեծ մասը դրական լույսի ներքո են, չնայած կան նաեւ չեզոք ու բացասական շեշտադրումներով նյութեր»,- նշել է նա: Գրքի շնորհանդեսի ժամանակ Կոնստանտին Զատուլինը հիշել է` Ռոբերտ Քոչարյանը մի առիթով իրեն ասել է, որ Հայաստանում բոլորն իրենց նախագահ են կարծում, եւ իշխանությունը դժվարություններ է ունենում տեղեկատվության` բաց լինելու պատճառով: «Մենք բոլորս ուզում ենք եվրոպացի լինել: Հայաստանի մի հարեւանն ընդհանրապես ասում է, որ առաջին եվրոպացին է: Իրենց եվրոպացի են ուզում զգալ նաեւ ադրբեջանցիները: Նույն ցանկությունն ունեն ռուսները: Այսօր հայերն ու ռուսները մեկ ռազմական համակարգի մեջ են»,- ասել է նա: Ինչ վերաբերում է ղարաբաղյան սառեցված հակամարտությանը, ապա, ըստ Զատուլինի, ռազմական գործողություններ չեն սկսվում ռուսական բազայի` Հայաստանում տեղակայված լինելու շնորհիվ: Եռակողմ հանդիպումները կազմակերպվում են հենց ՌԴ ջանքերով: Ադրբեջանն ակնհայտորեն ցանկանում է, որպեսզի միջնորդ երկրներն առաջ տանեն իրեն ձեռնտու դրույթները, սակայն դա նրան չի հաջողվում: Մի խոսքով, ամեն ինչի համար պարտական ենք ռուսներին: Սա`ըստ Զատուլինի, որին, ինչպես հայտնի է, Հայաստանում հյուրընկալում ու մեծարում են իշխանության ամենաբարձր մակարդակով: