Ոչ ոք իրավունք չունի թելադրել Ղարաբաղին

04/12/2005 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Karabakh-online-ին տված հարցազրույցում ռուսական դիվանագետների ասոցիացիայի նախագահ,Ղարաբաղի հարցով ՌԴ նախագահի նախկին ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նշել է, որ կարգավորման համար 2006 թվականն ավելի բարենպաստ է լինելու, քան 2005-ը: Նրա կարծիքով, բարենպաստ մթնոլորտը, սակայն, չի կարող հաջողության երաշխիք լինել: «Ճիշտ է, բանակցությունները շարունակվում են, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներն ու արտգործնախարարները պարբերաբար հանդիպումներ են ունենում, սակայն ակնհայտ է, որ հասարակությունը դեռ պատրաստ չէ զիջումների»,- նկատել է Վ. Կազիմիրովը:

Հասարակության անտարբերության ու անտեղյակ լինելու մասին խոսվել է նաեւ օրերս Ստեփանակերտի Ռեսուրս-կենտրոնում կազմակերպված կլոր սեղանի ընթացքում, որին ներկա էին Արցախյան պատերազմի նախկին մասնակիցներ, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնք միաժամանակ անդրադարձել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը եւ վերջին շրջանում Միջազգային ճգնաժամային խմբի եւ ՀՀ տարբեր պաշտոնյաների կողմից հարցի լուծման վերաբերյալ առաջարկվող տարբերակներին:

«Բնական է, որ կարգավորման վերաբերյալ վերջերս առաջարկվող տարբերակներին տեղեկանալով՝ ժողովուրդը կվրդովվի, քանի որ ցանկացած կոնֆլիկտի լուծում պետք է համահունչ լինի ժողովրդի կարծիքին, այլապես կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել: Իսկ այս ամենը կանխելու համար անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ տանել հասարակության հետ՝ ժողովրդին տեղյակ պահելով ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի հետ կապված բոլոր առաջարկներին»,- այս կարծիքն է արտահայտել Արցախյան պատերազմի նախկին մասնակից, դաշնակցական Վահան Բադասյանը:

Խոսելով միջազգային խաղաղարար ուժերի` Ղարաբաղում տեղակայելու մասին, պատերազմի նախկին մասնակից Գրիգորի Գրիգորյանը նշեց. «Խաղաղարար ուժերին մենք մեկ անգամ տեսել ենք եւ գիտենք, թե ինչ հետեւանքներ են եղել: Եթե հայկական ուժերի փոխարեն տեղակայվեն այդ ուժերը, ապա կարճ ժամանակահատվածում Ղարաբաղը կիսլամացվի, եւ կհայտնվենք ավելի վատթար վիճակում, քան պատերազմի տարիներին էր»:

Կլոր սեղանի մասնակից Ռուսլան Իսրայելյանը գտնում է, որ ոչ մեկն իրավունք չունի Ղարաբաղին թելադրել, առավել եւս՝ Ադրբեջանը: «Մեզ պարտադրել են պատերազմի, որի արդյունքում կարողացել ենք հաղթել, ինչի շնորհիվ էլ թելադրելու իրավունք ենք ձեռք բերել»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով կոնֆլիկտի վերաբերյալ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցին ու ՀՀ որոշ պաշտոնյաների կողմից առաջարկվող տեսակետներին ու հետագայում հնարավոր զիջումներին, մասնակիցներից շատերը նշել են, որ հարցը պետք է ուրիշ կերպ դրվի. նախ` ի՞նչ է Ադրբեջանն ակնկալում Ղարաբաղից, եւ ի՞նչ կարող է զիջել ադրբեջանական կողմը: «Մենք արյան գնով նվաճել ենք մեր անկախությունը, ազատագրել ենք մեր տարածքները, այսինքն՝ վաստակել ենք այն, ինչ ներկայումս ունենք: Բայց այսօր ստացվում է այնպես, որ Ադրբեջանն էլ իր հերթին պատրաստվում է զիջել այն, ինչն իրենը չէ, այլ մեր ձեռքերում է: Բոլոր դեպքերում զիջումները պետք է երաշխավորված լինեն: Մենք չպետք է հույս դնենք ադրբեջանական կողմի «այո»-ի կամ խաղաղարար ուժերի վրա: Եթե հետագայում, ասենք, ՆԱՏՕ-ի բանակը, որի անդամ է նաեւ Թուրքիան, տեղակայվի այստեղ եւ հերթափոխի ժամանակ Ղարաբաղում հայտնվի Թուրքիայի բանակը, ապա ամեն ինչ կսկսվի նորից»,- այս կարծիքն է արտահայտել պատերազմի նախկին մասնակիցը: Դժգոհություն արտահայտելով իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ, նա ասաց. «Եթե ժամանակին ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում էր Ղարաբաղը Ադրբեջանին հանձնել փուլ առ փուլ, ապա այսօր, կարծես թե, Ռոբերտ Քոչարյանը՝ շարունակելով այդ քաղաքականությունը, այն ուզում է տալ փաթեթով»:

Հավաքվածներն անդրադարձան նաեւ Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ վերջերս ՀՀ անվտանգության նախարարի խորհրդական Հայկ Քոթանջյանի հարցազրույցին՝ այն որակելով որպես ինֆորմացիայի արտահոսք:

Հավաքվածները եկան այն եզրահանգման, որ խնդրի շուրջ քննարկումները պետք է հասարակական լայն շրջանակներում կազմակերպել: Ժողովուրդը չպետք է անտարբերություն ցուցաբերի սեփական ճակատագրի հանդեպ, առավել եւս՝ լռի ու թույլ տա, որ իր փոխարեն մեկ ուրիշը լուծի այդքան կարեւոր ու կենսական հարցը: