Այս տարվա առաջին եռամսյակում, ըստ Պետեկամուտների կոմիտեի տվյալների, խոշորագույն հարկատուն «ՀայՌուսգազարդն» է։ Այս ընկերությունը ոչ միայն այս տարի է գլխավորում հարկատուների ցուցակը, այլեւ վերջին մի քանի տարիներին, մի քանի բացառություններով, հանդիսանում է ամենախոշոր հարկ վճարողը։
Այս փաստը, բնականաբար, միշտ շոյել է ընկերության ղեկավարության ինքնասիրությունը։ Ցանկանալով շեշտել ընկերության լրջությունն ու կարեւորությունը՝ վճարված հարկերի ցուցանիշը միշտ նշվել է։ Իհարկե, ամենատարբեր առիթներով չեն մոռացել նշել նաեւ, որ «ՀայՌուսգազարդը» լուրջ ընկերություն է, լուրջ ապրանքանիշ, որ նրա գործունեությունը չի սահմանափակվելու միայն Հայաստանով, այլ՝ մտադիր են դառնալ տարածաշրջանային լուրջ գործոն։
Լուրջը լուրջ է։ Սակայն կա մի բացթողում, որն այդ լրջության ֆոնին առավել անհասկանալի է թվում։ Ընկերությունը դեռ չի հրապարակել 2011 թվականի իր ֆինանսական հաշվետվությունները։ Եթե թվում է, թե սա մանրուք է, ապա նշենք, որ դա ոչ միայն մանրուք չէ, այլեւ ՀՀ Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի կողմից 2003 թ. սեպտեմբերի 22-ին «ՀայՌուսգազարդին» տրված լիցենզիայի պայմանների խախտում է։
Ըստ նշված լիցենզիայի պայմանների 5.19 կետի՝ ընկերությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչեւ մայիսի 30-ը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված ձեւերին համապատասխան, մամուլում հրապարակել նախորդ տարվա իր ֆինանսատնտեսական գործունեության հաշվետվությունը։ Երեկ ժամը 18։00-ի դրությամբ հաշվետվությունը դեռ չէր հրապարակվել։ Ընկերության մամուլի ծառայությունից մեզ պատասխանեցին, որ չգիտեն, թե երբ կհրապարակվի։ Ըստ լիցենզիայի պայմանագրի 7.1 կետի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նման դեպքերում իրավասու է կիրառել հետեւյալ տույժերը՝ նախազգուշացում, սակագնի նվազեցում, լիցենզիայի կասեցում, լիցենզիայից զրկում։
Թե այս տույժերից ո՞ր մեկը կկիրառի Ռոբերտ Նազարյանի գլխավորած կառույցը, կամ ընդհանրապես՝ կկիրառի՞ արդյոք որեւէ տույժ, ցույց կտա ժամանակը։
Սակայն խնդիրը, խոշոր հաշվով, դա չէ։ Իրականում ավելի հետաքրքիր է, թե ընկերությունն ինչո՞ւ է ձգձգում հաշվետվության հրապարակումը։ Միամտություն կլինի կարծել, թե այն դեռ պատրաստ չէ։ Ի վերջո, ինչպես իրենք են նշում, լուրջ ընկերություն են, ունեն լուրջ մասնագետներ։ Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ հաշվետվությունը պատրաստ է, սակայն դեռ չեն շտապում հանրությանը ծանոթացնել դրա ցուցանիշներին։ Իսկ եթե այդպես է՝ նշանակում է՝ ինչ-որ բան են ուզում (կամ փորձում) թաքցնել։ Այս հարցի պատասխանը գտնելու համար անհրաժեշտ է որոշակի ժամանակային «էքսկուրս» կատարել «ՀայՌուսգազարդի» շուրջ տեղի ունեցած իրադարձությունների առումով։ Մոտ 1.5 ամիս առաջ մենք անդրադարձել էինք «ՀայՌուսգազարդի» թեմային, ավելի կոնկրետ՝ գազի գնին։ Նշել էինք, որ թեեւ մեր իշխանությունները հայտարարում են, որ «ՀայՌուսգազարդը» Ռուսաստանից գազը գնում է 1000խ/մ-ն` 180 դոլարով, սակայն իրականում նախորդ տարվա կեսերից այդ գումարն ավելին է` 210-220 դոլար։ Այդ մասին ավելի վաղ գրում էին նաեւ որոշ ԶԼՄ-ներ՝ հղում անելով իրենց աղբյուրներին: Սակայն դա երեւում էր նաեւ մաքսային ծառայության վիճակագրությունից (https://archive.168.am/am/articles/31770)։
Նաեւ նշել էինք՝ «գաղտնապահության» պատճառն այն է, որ շատ դժվար կլինի բացատրել, թե այդ դեպքում «ՀայՌուսգազարդն» ինչո՞ւ սակագինը վերանայելու հայտ չի ներկայացրել ՀԾԿՀ: Այսինքն` ինչո՞ւ է գործում` ինքն իրեն «կայուն վնաս» պատճառելով։ Իսկ այն, որ «ՀայՌուսգազարդը» վնասով է գործում, ակնհայտ է։ Ըստ ընկերության 2010թ. հաշվետվության (որը տեղադրված է նրանց պաշտոնական կայքում)` «ՀայՌուսգազարդը» 2010 թվականը փակել է ավելի քան 11 միլիարդ դրամ վնասով։ Հաշվի առնելով, որ 2011թ. ընկերությունը գազը գնում էր ավելի բարձր գնով եւ վաճառում նախկին գնով՝ կարելի է եզրակացնել, որ 2011-ն էլ, մեղմ ասած, շահութաբեր չի եղել։ Ավելին, չի բացառվում, որ վնասը շատ ավելի մեծ լինի, քան 2010 թվականին էր։ Իսկ այդ «ոչ պլպլան» ցուցանիշները, բնականաբար, արտացոլված են լինելու 2011թ. հաշվետվության մեջ։ Որը դեռ գաղտնի է պահվում։
Իրականում ընկերությունը զգուշանում է ոչ թե վնասի ցուցանիշներից, այլ դրանցից բխող ենթադրություններից։ Օրինակ՝ եթե պարզվի, որ գազի ինքնարժեքն իրոք թանկացել է, ապա դժվար է լինելու հակափաստարկ գտնել այն պնդումներին, որ գները ներքին շուկայում չեն վերանայվել ընտրությունների պատճառով։
Հիմա անդրադառնանք այս խնդրի ամենաինտրիգային մասին։ Որոշ տեղեկությունների համաձայն, ռուսական կողմը խիստ դժգոհ է «ՀայՌուսգազարդի» կառավարումից եւ ցանկանում է վերահսկողությունը ամբողջովին վերցնել իր տնօրինության տակ։ Այսինքն՝ ցանկանում է գնել «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի մնացած 20%-ը, որը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին օրեր առաջ գրել էր նաեւ ռուսական «Ռեգնում» գործակալությունը։
Հասկանալի է, որ շատերը չեն հավատում ԶԼՄ-ների «հավաստի աղբյուրներին», սակայն այս դեպքում կարելի է նաեւ տրամաբանական բացատրություն գտնել։ Օրինակ՝ խորհրդարանական ընտրությունների «փայլուն» արդյունքները։ Այսպես, մինչ օրս ենթադրվում էր, որ «ՀայՌուսգազարդը» գազի գինը չի թանկացնում ՀՀ իշխանությունների հետ պայմանավորվածությունների արդյունքում։ Այսինքն՝ գազի գնի թանկացումը կարող էր սոցիալական դժգոհություններ առաջ բերել եւ նվազեցնել իշխանությունների ձայները։ Բնականաբար, այդ պայմանավորվածությանը տեղյակ պետք է լիներ նաեւ ռուսական կողմը։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ մեր իշխանություններն այնքան են վարպետացել ընտրություններ անցկացնելու գործում, որ ոչ մի սոցիալական դժգոհություն ընտրությունների ելքի վրա ազդեցություն ունենալ չի կարող։ Այսինքն՝ կարելի է վատթարացնել եւ՛ սոցիալ-տնտեսական վիճակը, եւ՛ մնացած ամեն ինչը, եւ վերջում ստանալ «ջախջախիչ» հաղթանակ։ Ոչ մի պատճառ չկա կասկածելու, որ այդպես կլինի նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ։
Կարճ ասած՝ գազի գինը չվերանայելու հիմքեր ռուսներն այսօր չեն տեսնում։ Հետեւաբար՝ չեն կարող հանդուրժել նաեւ վնասաբերությունը։ Իսկ նման պայմաններում՝ կա՛մ ստիպում են շահույթով աշխատել, կա՛մ իրենք են աշխատեցնում։ Թե որ տարբերակի վրա կանգ կառնի ընտրությունը, կերեւա մոտ ապագայում։ Սակայն, որ «ՀայՌուսգազարդին» կամ նրա ղեկավար կազմին առաջիկայում փոփոխություններ են սպասում, դրանում կարելի է համոզված լինել։