– Ինչո՞վ եք բացատրում վերջին շրջանում դոլարի կտրուկ արժեւորումը:
– Անկեղծ ասած, ինձ բացարձակ չի հետաքրքրում, որովհետեւ նման կարճաժամկետ երեւույթներն, ըստ էության, որեւէ դեր չեն խաղում տնտեսության մակրոմակարդակի վրա: Միկրոմակարդակի վրա` այո, ֆինանսական շուկայի որոշ մասնակիցներ եւ իրական հատվածի ձեռնարկություններ կարող են կրել վնասներ կամ շահել: Ինչ վերաբերում է պատճառահետեւանքային խնդիրներին, դուք էլ լավ գիտեք, թե դա ինչի հետ է կապված: Ընտրություններից հետո սովորաբար նման երեւույթներ լինում են, եղել են ու միշտ էլ կլինեն, եւ ոչ միայն մեր երկրում: Այլ խնդիր է, թե երկարաժամկետ կտրվածքով դրամի փոխարժեքի ձեւավորման գործընթացը որքան է արդյունավետ մեր տնտեսության համար: Այստեղ, իհարկե, մենք լուրջ հիմնախնդիրներ ունենք: Մենք չունենք այն անհրաժեշտ գործիքակազմը եւ ինստիտուտները, որոնք Կենտրոնական բանկին եւ Կառավարությանը թույլ կտային արդյունավետ կառավարել ֆինանսական շուկան, եւ, որ առավել բարենպաստ փոխարժեք ձեւավորվեր: Առաջին հերթին, մենք խնդիրներ ունենք արտահանման ճյուղերի զարգացման տեսանկյունից:
– Բայց դոլարի այս արժեւորումը կարճաժամկետ երեւույթ չէ, կարծիք կա, որ այն դեռ կշարունակվի:
– Ես ողջունում եմ դրամի արժեզրկումը, որովհետեւ դա միմիայն բարենպաստ կարող է լինել մեր տնտեսության զարգացման համար: Ինչ վերաբերում է դրան հետեւող սոցիալական ծրագրերի զարգացմանը, դա, իհարկե, Կառավարության խնդիրն է: Դրամի արժեզրկման դեպքում գնաճ է տեղի ունենում, քանի որ մեզանում շատ մեծ դեր ունի սպառողական ապրանքների ներմուծումը: Այս կտրվածքով արդեն Կառավարությունը խնդիրներ ունի, որովհետեւ բնակչության իրական եկամուտների ինդեքսացիայի խնդիր է առաջանում: Բայց, մեծ հաշվով, դրամի արժեզրկումը խիստ բարենպաստ է տնտեսության համար: Ուղղակի մեզանում գների ձեւավորման վրա մեծ ազդեցություն ունեն գերիշխող դիրք վայելող բիզնեսի ներկայացուցիչները:
– Այսինքն` դոլարի արժեւորումը գնաճին այնքան չի՞ նպաստում, որքան նպաստում են տնտեսական խնդիրները` մենաշնորհներն ու դրանց ազդեցությունը գների ձեւավորման վրա:
– Իհարկե: Վերջին հաշվով, եթե համեմատեք եվրո եւ դոլար զույգի լողացող գործընթացները, հետո դիտարկեք, թե գնային դաշտում ինչ փոփոխություններ են տեղի ունենում, ակնհայտորեն կտեսնեք, թե այդքան ուղղակի կապ չկա եւ չի էլ կարող լինել: Այո, մեր տնտեսությունը դոլարիզացված է, սա` մեկ գործոն: Երկրորդ գործոնը` մոնոպոլիզացված է, երրորդը` ոչ համարժեք հարկային քաղաքականությունը նույնպես չի նպաստում գների էլաստիկությանը: Եվ ընդհանուր առմամբ` մեր տնտեսական կարգավորման անարդյունավետության հետեւանքն է: Այնպես որ, ես խորհուրդ չէի տա վերցնել մի փոքր հատված եւ մեղադրականով դիմել Կենտրոնական բանկի ղեկավարությանը, որովհետեւ այստեղ նրանք մեղք չունեն: Եվ դրան դիմակայելու գործիք էլ չունի: ԿԲ-ի առջեւ մենք Սահմանադրության մակարդակով դրել ենք գնաճի զսպման, կայուն գների ձեւավորման խնդիրը: Ժամանակակից աշխարհում նման պարզունակ մոտեցում չէր կարելի ցուցաբերել: Տարիներ առաջ այս հարցը բարձրացրեցինք` ընդհուպ մինչեւ Սահմանադրության մակարդակի: Հիմա աշխարհում տնտեսագիտությունը բազմաթիվ մոդելներ է առաջարկում, որտեղ դրամավարկային քաղաքականությունը պետք է ունենա տնտեսության զարգացման ավելի ակտիվ մասնակցություն: Բայց այստեղ էլ են լինում մանկամիտ մոտեցումներ, սրանք բարդ հարցեր են:
– Ի՞նչ գործիք պետք է ունենա ԿԲ-ն, որ չունի, կամ` տնտեսության մեջ ակտիվ մասնակցություն ասելով` ի՞նչ նկատի ունեք:
– Առաջին հերթին, պետք է ունենանք զարգացած կապիտալի շուկա, որը ենթադրում է զարգացած ֆինանսական միջնորդության ինստիտուտների, երկարաժամկետ ֆինանսական միջոցների առկայություն` շուկայում ֆինանսական ապրանքների առկայություն: Ֆինանսական ապրանքների արտադրողներն ու սպառողները մեծամասամբ լինում են հենց իրենք` ֆինանսական ինստիտուտները, որոնք մեզանում բացակայում են, բացի բանկային համակարգից: Սրանք բոլորը համալիր խնդիրներ են, եւ այս հատվածի բացակայությունը նշանակում է, որ ԿԲ-ն ընդամենը կարող է կիրառել արժութային ինտերվենցիաների գործիքը, եւ որոշ փոքրիկ գործիքներ` լոմբարդային վարկեր, ռեպո-գործարքներ, պարտադիր պահուստավորման տոկոսադրույքի մեծացումը կամ կրճատումը, որոնք շուկայի վրա մեծ ազդեցություն չեն ունենում: Այնպես որ, կապիտալի շուկայում եթե ԿԲ-ն մեծ զամբյուղ ձեւավորելու հնարավորություն ունենար, իր ակտիվներում կամ պետական պարտատոմսերի առքուվաճառքի միջոցով կառավարեր դրամական զանգվածը, ունենար գնաճի կանխատեսման համապատասխան մեխանիզմներ, այս պարագայում մենք պետք է ունենայինք շուկայական բնույթի հարկային վարչարարություն եւ օրենսդրություն: Մենք պետք է շուկայում ունենայինք կատարյալ մրցակցություն, որը տնտեսության զարգացման հիմքերի հիմքն է: Եթե չկա մրցակցություն, ապա շուկայական տնտեսության մասին խոսք լինել չի կարող: Իսկ եթե մենք շուկայական տնտեսություն չունենք, իսկ մենք չունենք, ապա մնացած շուկայական գործիքները դառնում են անարդյունավետ: Այնպես որ, ամբողջական ասած` մենք այսօր որոշակի ծուղակում ենք գտնվում, եւ դրանից ելք չկա, եթե մենք արմատական փոփոխությունների չենթարկենք տնտեսության ամբողջ համակարգը:
– Ամենայն հավանականությամբ, ՀՀ բյուջեն չի կարողանա թռիչքային աճ ապահովել 2013թ. համար: Եվ հայտնի է, որ 2013 թվականը ՀՀ արտաքին պարտքի սպասարկման ամենածանր տարին է լինելու` մոտ կես մլրդ դոլար պետք է վճարվի: Դա ինչպե՞ս կարող է անդրադառնալ բյուջետային ծախսերի եւ, ի վերջո, տնտեսության վրա: Եվ որտեղի՞ց պետք է հայթայթվի այդքան գումար:
– Միջնաժամկետ եւ նույնիսկ տեսանելի երկարաժամկետ կտրվածքով ես խնդիրներ չեմ տեսնում: ՀՀ արտաքին պարտքը այդքան մեծ ծավալի չէ, որ խնդիրներ առաջացնի: Խնդիր կա, երբ արտաքին պարտքի ծավալը հարաբերում ենք արտահանման ծավալների հետ, այստեղ մենք հայտնվում ենք ոչ ցանկալի վիճակում: Արտաքին պարտքի ծավալը չէ, որ մեծ է, մեծ է արտաքին պարտքի ծավալը մեր տնտեսական ներուժի հարաբերությամբ: Սա նշանակում է, որ վերջին 20 տարիներին շալակած արտաքին պարտքը մեծամասամբ համապատասխան արդյունավետություն չի ցուցաբերել: Արտաքին պարտքն այս տարիներին պետք է նպաստեր համապատասխան ինստիտուտների կայացմանը: Արտաքին պարտքը Ժամանակավորապես պետք է լուծեր այն ընթացիկ խնդիրները, որոնք հնարավոր չէ լուծել` սեփական ֆինանսական աղբյուրներ չունենալու պատճառով: Հետեւաբար, արտաքին պարտքը կուտակվում է, բայց խնդիրները մնում են նույնը: Եվ եթե անընդհատ կուտակենք արտաքին պարտքը եւ չլուծենք ներքին խնդիրները, մի գեղեցիկ օր կհայտնվենք Հունաստանի վիճակում: Վերջին հաշվով, մենք այդ արտաքին պարտքը պիտի ծառայեցնեինք տնտեսական աճի խթանմանը, տնտեսության աշխուժացմանը եւ ինստիտուտների կայացմանը:
– Բայց կառավարության պատասխանատուները հայտարարում են, որ այդ պարտքի մի մասը որպես վարկ հատկացրել են ինչ-որ ձեռնարկությունների:
– Ես միկրոմակարդակի ցուցանիշներից չեմ խոսի, որովհետեւ դա կառավարությանն ավելի տեսանելի է: Ես արդյունքով եմ ասում` մենք ունենք 35 տոկոսից բարձր աղքատության ցուցանիշ: Վերջին տարիներին աղքատության ցուցանիշն էլ ավելի մեծացավ, եւ դա շարունակվում է: Մենք ունենք արտագաղթի շարունակական միտում, ունենք լուրջ խնդիրներ բնակչության գնողունակության հետ կապված: Դեռեւս չլուծված լրջագույն խնդիր է կենսաթոշակային համակարգի կայացումը: Եվ դեռ չի երեւում, թե մենք ինչպես պետք է լուծենք այս խնդիրը, որովհետեւ գործող պայմաններում դրա հաջող լուծումը չի երեւում, եւ այլն, եւ այլն:
– Տնտեսության զարգացմանը արգելակող բազմաթիվ խոչընդոտներ նշեցիք: Դրանք կառավարությա՞ն պաշտոնյաների ոչ լիարժեք աշխատանքի, թե՞ իշխանության ավելի բարձր օղակներում քաղաքական կամքի բացակայության հետեւանք են:
– Մեծ հաշվով, վերջին 20 տարիները քիչ են տարբերվում մեկը մյուսից, եւ դժվար է առանձնացնել, թե որ կառավարությունն է այս կամ այն փուլում ավելի շատ սխալներ արել կամ ավելի քիչ արդյունավետ գործել: Ես ընդամենը կարող եմ ասել, որ վերջին 10 տարիներին համակարգային բարեփոխումների տեմպերն են նվազել: Սա պայմանավորված է նրանով, որ եթե առաջին փուլում` 90-ականներին, բարեփոխումները հեշտ էին, որովհետեւ լուծում էին ավելի պարզունակ խնդիրներ, ապա հետագայում գնալով մենք առնչվում ենք շատ ավելի բարդ ինստիտուցիոնալ բարեփոխումների խնդիրներին, որոնք այդքան հեշտ չէ լուծել: Հիմա մեր բոլոր խնդիրները շատ բարդ ու համակարգային են, որոնք պահանջում են բազմաթիվ գործոնների միասնություն, այդ թվում` քաղաքական համակարգի արդյունավետություն, որը մենք չունենք: Մենք չունենք բնակչություն-պետություն հետադարձ կապը, չունենք ամենակարեւոր գործոնը` չենք կարողացել ստեղծել լիարժեք բարենպաստ բիզնես միջավայր, որը կնպաստեր եւ փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, եւ օտարերկրյա ներդրումներին եւ ինովացիոն զարգացմանն ընդհանրապես:
– Բայց միջազգային հեղինակավոր «Moodyգs», «Doing bussines» եւ այլ կառույցների հրապարակած ցուցանիշների համաձայն` մեր երկրում բիզնես միջավայրն ու տնտեսական ազատականության այլ ցուցանիշները բարելավվում են:
– Դուք էլ ասեք: Համենայնդեպս, փաստը մնում է փաստ, որ մենք մնում ենք ծայրահեղ աղքատ երկիր, մենք ունենք ծայրահեղ նվաստացուցիչ պայմաններ բնակչության լայն զանգվածների համար, եւ սրանք պահանջում են շատ լուրջ բարեփոխումներ, որոնք իրականացնելը դժվար է: Դա դժվար է ոչ միայն մեզ համար, բոլոր ետխորհրդային երկրներում նմանատիպ խնդիրներ կան: Որպես հաջող տարբերակ` կարող եմ բերել Վրաստանի փորձը, որին հաջողվեց հարցեր լուծել, թեեւ այնտեղ էլ կան կուտակված խնդիրներ: Այդքան հեշտ չէ լուծել, բայց քաղաքական կամքի հարց կա, որի առկայության դեպքում մեր խնդիրների որոշակի մասը կլուծվի: Կա նաեւ պրոֆեսիոնալիզմի խնդիր: Նման վիճակում հայտնված երկրների առաջին հարցը պետք է լինի ճգնաժամային մենեջմենթի քաղաքականության իրականացումը: Մենք վերջին 10-14 տարիներին այնպես ենք վարվել, կարծես թե Ֆինլանդիան կամ Բելգիան ենք: Հանգիստ ենք աշխատում, քայլ առ քայլ բարեփոխումներ ենք իրականացնում: Մենք, 20 տարի է, գտնվում ենք սարսափելի ճգնաժամում եւ այդ ծուղակից դուրս չենք եկել, այն գնալով սեղմվում է: Այս պարագայում մենք պետք է կարողանայինք ոչ ստանդարտ լուծումներ գտնել եւ թիվ մեկ վեկտորը պետք է ուղղեինք մեր միակ, բայց շատ էական ու ազդեցիկ ռեսուրսի ներգրավմանը` սփյուռքի ներուժի օգտագործմանը, ինչը մեզ չհաջողվեց: