Աշգաբադում անցկացվող ԱՊՀ երկրների Կառավարության ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում երեկ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, երկու երկրների վարչապետները քննարկել են տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: «Մեր հանդիպման օրակարգն ավանդական է, մենք կարող ենք քննարկել Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ տնտեսական ու հումանիտար կապերի զարգացմանն առնչվող յուրաքանչյուր թեմա»,- հանդիպման սկզբում ասել է Մեդվեդեւը: Իր հերթին, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը: «Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է եւ համար առաջինը` տնտեսական համագործակցության առումով: Մեր երկրում ռուսական ներդրումները կազմում են ավելի քան 60%»,- ասել է Սարգսյանը: