«Հայաստանը կարողացավ հաղթահարել Եվրամիության առաջադրած այն բոլոր նախապայմանները, որոնք թույլ կտան նախաձեռնել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի գործընթացները սկսելու բանակցային առաջին փուլը»,- երեկ ՀՀ-ԵՄ առեւտրի, տնտեսական ենթակոմիտեի 11-րդ նիստում հայտարարել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ով նաեւ ենթակոմիտեի համանախագահն է եւ Ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցողը հայկական կողմից: Ըստ նրա, բանակցային «զրո ռաունդից» իրենք բարեհաջող անցել են բանակցային արդեն առաջին փուլ, որի մեկնարկը կտրվի հունիսի 19-20-ին Բրյուսելում:
Ըստ Մելքոնյանի, այսօր ԵՄ-ն, իր 27 երկրներով հանդերձ, ՀՀ-ի թիվ մեկ առեւտրային գործընկերն է: «Ըստ ցուցանիշի` մեր արտահանման 47 %-ն ուղղվում է ԵՄ երկրներ, դա լրջագույն ցուցանիշ է եւ արդեն իսկ ցույց է տալիս, թե ԵՄ-ն ՀՀ-ի համար ինչպիսի նշանակություն ունի` որպես տնտեսական գործընկեր»,- ասել է նա: Ազատ առեւտրի համաձայնագրի բանակցություններում ԵՄ-ի բանակցող, ԵՄ առեւտրի գլխավոր տնօրինության ղեկավար, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Դեւինյեն էլ ասել է, որ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի գործընթացները սկսելու որոշումը հիմված է եղել ԵՄ հանձնաժողովի զեկույցի վրա, ըստ որի` Հայաստանի իշխանությունները բավականաչափ քայլեր են ձեռնարկել բարեփոխումների ոլորտում: «Հույս ունենք, որ նոր կառավարությունը, երբ որ ձեւավորվի, նույն ձեւով կշարունակի բարեփոխումները, եւ այն ժամանակի ընթացքում, երբ բանակցությունները կսկսեն, թերի կողմերը կլրացվեն, եւ մենք կպատրաստվենք վերջնական ծրագրի մեկնարկին»,- ասել է Լյուք Դեւինյեն: