ՀՀ ոստիկանությունը երեկ տեղեկատվություն է տարածել, համաձայն որի` հունիսի 2-ից Ճանապարհային ոստիկանությունը գործարկելու է Երեւանի եւս 10 խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները: Հիշեցնենք, որ տեսախցիկների եւ արագաչափերի ներկրումն իրականացնում է հայտարարված մրցույթում հաղթած «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը, որի պայմանագրային պարտավորությունների մեջ է 2011-2017թթ. համակարգի զարգացման նպատակով 9մլն 849 հազար 562 եվրոյի ներդրումների իրականացումը: Ընդ որում` նախատեսվում է հետագա 6 տարիների ընթացքում Երեւան քաղաքում եւ միջպետական ավտոճանապարհներին տեղադրել արագության չափման 185 տեսախցիկ եւ 90 խաչմերուկներում` տեսադիտարկման տեսախցիկներ: Ոստիկանությունը, որքան էլ տարօրինակ է, «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հետ 25 տարվա պայմանագիր է կնքել: Երեկ ՀՀ ոստիկանության լրատվության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանից մենք փորձեցինք ճշտել, թե ո՞վ է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատերը, մանավանդ, որ այս ընկերությունն ի հայտ է եկել Ճանապարհային ոստիկանության համակարգում բարեփոխման ծրագիր իրականացնելուն զուգահեռ: Մինչ այդ նման ընկերություն հայաստանյան իրականության մեջ գոյություն չուներ, սակայն, տեսախցիկների եւ արագաչափերի ներկրման եւ տեղադրման հետ մեկտեղ` պարզվեց, որ գոյություն ունի նման ընկերություն: Համաձայն շրջանառվող լուրերի` որպես փոխհատուցում` «Սեքյուրիթի Դրիմը» ստանալու է համակարգի ապահոված եկամուտների 50%-ը: Այսինքն` ստացվում է, որ ըստ այդ գործարքի` քաղաքացիներից ստացված տուգանքների ուղիղ 50%-ը պետք է տրվի ընկերությանը` ներդրված գումարը կարճ ժամանակամիջոցում հետ ստանալու նպատակով: Ոստիկանության Լրատվության կապերի բաժնի պետի տեղակալ Վարուժան Բալյանը մեզ փոխանցեց ներդրումների ծավալների, տեղադրված արագաչափերի եւ տեսախցիկների մասին ողջ տեղեկատվությունը, որն, ի դեպ, մինչ այդ արդեն տարածվել էր լրատվամիջոցներով, սակայն ընկերության սեփականատիրոջ վերաբերյալ որեւէ տեղեկություն չտրամադրեցին: Չնայած դրան, վերջինս առաջարկեց գրավոր նամակով հարցն ուղղել իրենց, ինչին մենք կհետեւենք: Այնուամենայնիվ, նշենք, որ լուրեր են պտտվում այն մասին, որ արագաչափեր եւ տեսախցիկներ ներկրող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հետ առնչություն ունի հանքային ջրերի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություններից մեկի սեփականատերը: Մենք նրա անունը չենք հրապարակում, քանի դեռ պաշտոնական գրություն չենք ստացել Ոստիկանությունից: Առաջիկայում կանդրադառնանք նաեւ այս ընկերության գործունեությանն ու սեփականատիրոջ ով լինելու վերաբերյալ փաստերին եւ, որ ամենակարեւորն է` գործարքի հետ կապված մանրամասներին:
Հիշեցնենք, որ 2011թ. «SENSYS Traffic AB-ի» ընկերության հայաստանյան գործընկերը ազգային երթեւեկության մոնիտորինգի համակարգի վերաբերյալ պայմանագիր էր կնքել` կոնսենսուսի մեջ մտնելով տեղական երկու ընկերությունների՝ «Սեքյուրիթի Դրիմի» («Security Dream») եւ «Ellips GA»-ի հետ, որոնցից առաջինը` «Սեքյուրիթի Դրիմը», պայմանագիր է կնքել Ոստիկանության հետ։ Ի դեպ, նշենք, որ մեր տեղեկություններով` «Սեքյուրիթի Դրիմը» եւ «Ellips GA»-ն միեւնույն սեփականատերերին պատկանող ընկերություններ են: Այն, այսպես կոչված, BOT պայմանագիր է (Build-Operate-Transfer, կառուցել-գործարկել-փոխանցել), եւ ենթադրում է երթեւեկության մոնիտորինգի համակարգի տեղադրում ու գործարկում՝ 25 տարի ժամկետով։ «Sensys Traffic AB» ընկերության տնօրեն Յոհան Ֆրիլունդն անցյալ տարի համագործակցությունից իր գոհունակությունն արտահայտելով` հայտարարել էր. «Մենք շատ գոհ ենք, որ ՀՀ Ոստիկանությունը ընտրել է մեր առաջարկած լուծումը։ Պայմանագիրը համապատասխանում է օպերատորական պայմանագրեր գործարկելու մեր ռազմավարությանը եւ երկարաժամկետ բիզնես-մոդելներ կառուցելու տեսլականին։ Մենք հույս ունենք առաջիկայում ավելի մեծ ներդրում ունենալ Հայաստանի երթեւեկության անվտանգության բարձրացման գործում»: