Թռիչք` բարձրությունից

27/05/2012

Երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում վաճառվել է 12.86 մլն դոլար, ինչի արդյունքում, ԱՄՆ դոլարի բացման գինն օրվա ընթացքում նվազել է 408 դրամից եւ փակման ժամանակ կազմել է 406.75։ Այդուհանդերձ, դոլարի միջին փոխարժեքը մայիսի 24-ի համեմատ թանկացել է 1.22 դրամով եւ կազմել 407.22։ Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքների էական փոփոխություններ չեն գրանցվել. դոլարը երեկ գնվում էր 404-405 դրամով, վաճառվում՝ 409-410 դրամով: Իրավիճակը, թերեւս, փոքր-ինչ կայունացրել է Կենտրոնական բանկի հերթական ինտերվենցիան: Ի դեպ, երեկ մեր թղթակցի հետ զրույցում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հաստատել է, որ ԿԲ-ն պարբերաբար ինտերվենցիաներ է իրականացնում արտարժույթի շուկայում: Իսկ դոլարի փոխարժեքի` վերջին օրերի աննախադեպ տատանումները Ա. Ջավադյանը մեկնաբանել է ԿԲ-ի համար սովորական դարձած ձեւով. «Մենք վարում ենք ազատ լողացող կուրսի քաղաքականություն ու հավատարիմ ենք այդ քաղաքականությանը»: Ըստ նրա, դոլարի փոխարժեքի բարձրացման վրա կարող են ազդել թե միջազգային ֆինանսական շուկաների հետ կապված, թե երկրի ներքին գործոնները: Սակայն ԿԲ նախագահը չի մանրամասնել, թե տվյալ դեպքում դոլարի արժեւորումն ինչ գործոնի ազդեցության արդյունք է` պատճառաբանելով, թե ինքը նման իրավասություններ չունի: Ջավադյանի խոսքով` վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած դոլարի արժեւորման հետ կապված եւս ինտերվենցիաներ իրականացրել են, բայց նա չի կոնկրետացրել, թե ինչ ծավալի արտարժույթ է ԿԲ-ն ներարկել շուկա: Հիշեցնենք, որ 2 օր առաջ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում տեղի էր ունեցել ռեկորդային` 20 մլն դոլարի առքուվաճառք: Ա.Ջավադյանը հաստատել է, որ դրա մի մասը կատարել է ԿԲ-ն, սակայն կրկին չի մանրամասնել, թե այդ 20 միլիոնից որքանն է եղել ԿԲ-ի կողմից իրականացված ինտերվենցիան: Իսկ այս տարվա ընթացքում` մինչեւ օրս կատարված ինտերվենցիաները, նրա խոսքով, «ոչ թե հարյուրավոր, այլ ընդամենը տասնյակ միլիոնների» են հասնում: Նա նաեւ խուսափել է կանխատեսել` կշարունակվի՞ դոլարի հետագա արժեւորումը: