Որոշ տեղեկությունների համաձայն, «Բարգավաճ Հայաստանի»` կոալիցիային մաս չկազմելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին` գիշերային հանդիպման ժամանակ: Ըստ նույն պայմանավորվածությունների, ԲՀԿ-ն կոալիցիա կմտնի նախագահական ընտրություններից հետո, իսկ նախագահական ընտրություններում կպաշտպանի Ս.Սարգսյանի թեկնածությունը: Իսկ ԲՀԿ-ի խոստումների կատարման երաշխավորը, ինչպես նշել էինք մեր թերթի նախորդ համարներում, լինելու է Հովիկ Աբրահամյանը, ով, ամենայն հավանականությամբ, նույն պայմանավորվածությունների շրջանակում` կնշանակվի ԱԺ նախագահ: Եթե պայմանավորվածությունները չխախտվեն, նախագահական ընտրություններից հետո ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կոալիցիա կկազմեն, եւ կոալիցիոն կառավարության կազմը` վարչապետի գլխավորությամբ, կփոխվի: ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, սակայն, երեկ մեր թղթակցի հետ զրույցում հերքել է այս տեղեկությունները: «Դա իրականության հետ կապ չունի, ԲՀԿ-ի հայտարարությունը պայմանավորված է ԲՀԿ-ի ներկուսակցական որոշումներով, եւ մեկնաբանության կարիք չկա: ՀՀԿ-ն միասնական է իր նախագահի ծրագրերի շուրջ, եւ հստակ գնալու է դեպի վերջին դասը: Իսկ այդ վերջին դասը լինելու է նախագահական ընտրություններին նախագահ Սարգսյանի փառահեղ հաջողությունները` մեր ժողովրդի հետ միասին»,- ասել է Է.Շարմազանովը: