Կառուցվածքային ընդդիմություն

27/05/2012

Կոալիցիային մաս չկազմելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո հայաստանյան քաղաքական բառապաշար վերադարձավ «կառուցողական ընդդիմություն» արտահայտությունը: Ծառուկյանի հայտարարությամբ եւ դրան հաջորդած կուսակցականների գնահատականներում ԲՀԿ-ն հռչակվեց որպես «կառուցողական ընդդիմություն»` կարծես ապահովագրելով, որ կարող է որեւէ մեկի մտքով անցնել իրենց համարել ապակառուցողական կամ արմատական: «Կառուցողական ընդդիմություն» արտահայտությունն, ի դեպ, ժամանակին եւս շատ մոդայիկ էր մեր քաղաքական դաշտում: Դրանք այն ժամանակներն էին, երբ Հայաստանում իսկապես արմատական ընդդիմություն կար, եւ վերջինիս «հակապետական» էությունը բացահայտելու համար իշխանությունները շարունակ խոսում էին կառուցողական ընդդիմության ձեւավորման մասին: Այնքան խոսեցին` մինչեւ ինքնաձեւավորվեց: Հետաքրքիր է, որ ԲՀԿ-ից առաջ իրեն «կառուցողական ընդդիմություն» էր հռչակել նաեւ Տիգրան Կարապետյանը: Խնդիրը տվյալ դեպքում «կառուցողական ընդդիմություն» հասկացության քաղաքական հիմքերն են, որոնք Հայաստանում, ըստ էության, բացակայում են: Մայիսի 6-ից հետո գրեթե բոլոր քաղաքական ուժերը հայտարարեցին, որ ընտրություններն անցել են «խայտառակ ընտրակեղծիքներով»: Իսկ միասնական շտաբը, որի ակտիվ անդամներից մեկն էլ ԲՀԿ-ն էր, հայտարարեց, որ ընտրությունները չեն արտահայտում ժողովրդի իրական կամքը, ինչը, ըստ էության, խորհրդարանի ոչ լեգիտիմ լինելու գնահատականն էր: Իսկ ոչ լեգիտիմ իշխանությանը կառուցողական ընդդիմություն լինելը կարող է նաեւ նպաստել դրա լեգիտիմացմանը: Ի դեպ, Գ. Ծառուկյանի հայտարարությունից հետո, կարծես, սկսվել է ԲՀԿ-ի հերոսացման գործընթացը: Հնչում են գնահատականներ, որ այդպիսով ԲՀԿ-ն ապացուցեց իր սկզբունքայնությունը, պահպանեց սեփական դիմագիծը: Այդ գնահատականներն արդարացի կլինեին, եթե այդ հայտարարությունը հնչեր, ասենք, մայիսի 7-ին կամ 8-ին: Սակայն, երբ ԲՀԿ-ն այդ մասին հայտարարում է ամբողջ 18 օր ՀՀԿ-ի հետ բանակցելուց հետո, ակնհայտ է, որ իրականում խնդիրը բոլորովին այլ հարթությունում է. բանակցություններում ԲՀԿ-ն չի ստացել այն, ինչի համար կարող էր «նպատակահարմար համարել» մասնակցությունը կոալիցիային: Իրականում, ՀՀԿ-ի հետ իշխանության կառուցվածքում մասնաբաժին ունենալու շուրջ բանակցությունների անհաջող ընթացքի արդյունքում` ԲՀԿ-ն կարող է դառնալ ոչ թե կառուցողական, այլ կառուցվածքային ընդդիմություն: