Երեկ Սահմանադրական դատարանը բաց, բանավոր ընթացակարգով սկսել է քննարկել մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին Հայ ազգային կոնգրեսի դիմումը: Նիստի սկզբում պատասխանող կողմ հանդիսացող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը միջնորդել է, որպեսզի դատարանը կարճի հայցը, քանի որ, ըստ նրա, դիմող կողմը նման կարգի դիմում ներկայացրել է նաեւ ԿԸՀ-ին, որը մերժվել է` փաստարկների բացակայության պատճառով: Բացի այդ, Մուկուչյանը նաեւ հավելեց, որ հարցի սահմանադրականությունը վիճարկելու համար ՍԴ դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների մեջ դիմող կողմը չի մտնում: ՀԱԿ-ի փաստաբան Վահե Գրիգորյանն էլ դատարանին խնդրել է ՀԱԿ-ի կողմից որպես երկրորդ ներկայացուցիչ` ներգրավել նաեւ Լեւոն Զուրաբյանին: Խորհրդակցությունից հետո ՍԴ-ն մերժել է Մուկուչյանի միջնորդությունը եւ առաջարկել է սկսել գործի քննությունն ու անդրադառնալ միջնորդությանը կողմերի բացատրությունն ամբողջ ծավալով լսելուց հետո: Երեկ ՀԱԿ-ի հայցադիմումները լսելուց եւ ապա` դիմող կողմի հարցուպատասխանից հետո դատարանը որոշել է նիստը շարունակել մայիսի 29-ին: ՍԴ նիստի ընդմիջման ժամանակ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողներին ասել է, որ անկախ այն հանգամանքից, որ ՀԱԿ-ը վիճարկում է ընտրությունների արդյունքները, չի պատրաստվում հրաժարվել նույն ընտրությունների արդյունքում ձեռք բերած մանդատներից: Ըստ նրա, ընտրությունների արդյունքների դատական վիճարկումն ու իրենց խորհրդարան գնալը չեն հակասում իրար: Զուրաբյանն ասել է նաեւ, որ դիմումի բավարարում ՍԴ-ի կողմից ամենեւին չի ակնկալում: «Ես հեքիաթների չեմ հավատում, մենք գիտենք, որ ՍԴ-ն ընդամենը այս ռեժիմի կցորդն է, դա բազմիցս ապացուցվել է, որեւէ արդար որոշում ՍԴ-ից մենք դեռ չենք ստացել, բայց, ամեն դեպքում, մենք կարծում ենք, որ պետք է ներկայացնենք մեր փաստարկները, ապացուցենք դրանք, ու մեր հանրությունը հասկանա, թե ինչ է կատարվել, սա եւ՛ մեր, եւ՛ միջազգային հանրության համար է արվում, բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանում տեղի է ունեցել կազմակերպված ընտրակեղծարարություն, բացի դրանից, մենք պետք է դիմենք Եվրոպական դատարան, այդ իսկ պատճառով պետք է սպառենք բոլոր ներպետական ատյանները»,- ասել է նա: