Տեսնում է ռուսներին` առանց Քոչարյանի

27/05/2012

«ՀՀ իշխանությունը շատ լուրջ ճաք է տվել, չի կարողանում կազմել կառավարություն, չի կարողանում հասնել նրան, որ բոլոր ուժերը լինեն իր տակ, քանի որ միայն այդ իրավիճակում է, որ կարողանում է կազմել կառավարություն»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով դեռեւս նախօրեին գրեթե հաստատապես պնդում էր, որ ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ: «Իմ պարագայում շատ քիչ է պատահում, որ չկատարվի (կանխատեսումը.- խմբ.), սա այդ դեպքն էր: Ես ասել եմ` բայց…: Ես միշտ տվել եմ, բայց… եթե լինեն արտաքին ճնշումներ: Միշտ ԲՀԿ-ն արտաքին աշխարհի հետ կապում են Ռոբերտ Քոչարյանով, դա այդպես չի: Գագիկ Ծառուկյանն ունի իր սեփական հարաբերությունները, սեփական կապերն ու հնարավորությունները»,- ասել է նա` ակնարկելով, որ ԲՀԿ-ի` կոալիցիայի մաս չկազմելը առավելապես պայմանավորված է արտաքին գործոններով: «Արտաքին դաշտում խաղացողները պետք է հասկանան ՀՀ հետագիծը: Ո՞ւր է գնում ՀՀ-ն` դեպի Ե՞Մ, ՆԱՏՕ՞, թե՞ դեպի Եվրասիա: Ընտրությունների հետ կապված բոլոր փաստաթղթերում, նույնիսկ` ԱՄՆ Պետդեպի, անպայման կետ է մտցված, որ ՀՀ սեպարատիստները գրավել են Ադրբեջանի հողերը: ՀՀ քայլը դեպի Եվրասիա ստանում է անմիջապես իր արձագանքը,- ասել է Ա. Կարապետյանը` ավելացնելով,- Առաջին անգամ եմ տեսնում, որ կոնկրետ հարցի շուրջ կոնկրետ որոշում է լինում: Սա իմ տպավորությամբ` խաղ չի, Հայաստանում ստեղծվում է մի նոր քաղաքական իրավիճակ: Սերժ Սարգսյանն իմ տեսակետից` որեւէ շանս չի թողել ԲՀԿ-ին` իր դեմքը փրկելով` գնալ կոալիցիա: Բոլոր այն հարցերը, որոնք ինքը բարձրացնում էր` հավատանք` փոխենքի, որեւէ հարցում զիջման չի գնում: ՀՀԿ-ի մեջ կարծիք կա, որ իրենք միակն են, որ 14 տարի տանում են բեռը, եւ եթե իրենք չլինեն` Հայաստանը չի կարող գոյություն ունենալ: Թե ԲՀԿ-ն, թե մնացած գործիչները, որոնք արմատական ընդդիմության դաշտում չեն, բայց հասկանում են, որ երկու ճանապարհ է մնում` կամ ժողովուրդը կհեռանա երկրից, կամ պոռթկում է, մնում: Իրենք զգում են դա: Իրենք հասկանում են, որ եթե գնան կոալիցիա, գահավիժումը շատ ավելի ցավոտ է լինելու, քան ՕԵԿ-ի պարագայում»,- ասել է Ա. Կարապետյանը: Նրա կարծիքով, հայաստանյան քաղաքական կյանքում Ռոբերտ Քոչարյանի դերը գերագնահատված է, իսկ դա անում են հիմնականում ՀՀԿ-ականները` ցույց տալու համար, որ ԲՀԿ-ն ինքնուրույնություն չունի: Հարցին` այսինքն դուք «ականջները չե՞ք տեսնում» (նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանին), Ա. Կարապետյանը բացասական պատասխան է տվել: Ինչ վերաբերում է իշխանության հետագա գործողություններին, ապա, ըստ Ա. Կարապետյանի, ՀՀԿ-ՕԵԿ միությունը որեւէ դեպքում չի կարող համարվել կոալիցիա: Միաժամանակ, նա կասկածում է, որ այս պայմաններում որեւէ այլ ուժ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի, քանի որ այդ դեպքում կհայտնվի ավելի վատ վիճակում, քան ՕԵԿ-ն է: «ՀՀԿ-ն այսօր գտնվում է բավականաչափ ծանր վիճակում: Հիմա պատրաստ են նույնիսկ ՀԱԿ-ի ու բոլորի կարծիքը լսել, իսկ իրավիճակը որ բարդանա` նույնիսկ արտախորհրդարանական կարծիքներ լսել»,- ասել է նա: