Հրաժարվում է` «ճշտով»

27/05/2012

Երեկ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, ԱԺ ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ համարը զբաղեցնող Հմայակ Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից: «Ակտիվորեն մասնակցելով 2012թ. խորհրդարանական ընտրություններին, կազմակերպելով հանրային վերահսկողության միասնական ընտրական շտաբի գործունեությունը, ես ձեր արդար քվեով ընտրվել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Քաղաքակիրթ աշխարհում ընդունված ժողովրդավարական չափանիշներով պարտավոր էի տեղ զբաղեցնել հայոց խորհրդարանում: Սակայն մեր իրականության մեջ գործում են այլ` ռուսական «մալինային» բնորոշ չափանիշներ: Ընտրություններից հետո կատարվող հաշվարկները ցույց են տալիս, որ «ձայներ բերածները» ոչ թե հրապարակային քաղաքական գործիչներն են, այլ պարկերով փողեր բաժանած «ընտրյալները»: Ձեր խոնարհ ծառան ոչ մի դրամական ներդրում չի արել ընտրությունների ընթացքում, եւ «ճշտով» չէր լինի, եթե տեղ զբաղեցներ խորհրդարանում, որի անցյալի եւ ապագայի խոսնակը անկեղծորեն համարում է, թե քաղաքական գործիչ լինելը շատ ավելի հեշտ գործ է, քան բիզնեսով զբաղվելը: Եթե ես այնքան ապաշնորհ եմ գտնվել, որ առ այսօր ոչ մի բիզնես չունեմ, ապա պարտավոր էի տեղս զիջել ընդունակներին եւ շնորհալիներին: Ես գիտակցում եմ, որ գոնե իմ ընտրողները համաձայն չեն այս մոտեցումներին, սակայն մերօրյա Հայաստանում այդպիսին են խաղի չգրված, բայց անշեղորեն գործող կանոնները: Ուստի, գիտակցելով ձեր առջեւ պատասխանատվությունս, իմ մարդկային էությամբ խորթ լինելով դասալքությանը, այդուհանդերձ, ստիպված էի հրաժարվել պատգամավորական մանդատից եւ հայտարարել ինքնաբացարկ: Ընդունեք իմ խորին շնորհակալությունը` ձեր ծանրակշիռ վստահության համար: Կփորձեմ այդ վստահությունը արդարացնել` աշխատելով ձեզ հետ կողք կողքի, ուս ուսի տված»,- նշված է Հ. Հովհաննիսյանի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ մամուլում վերջին օրերին բազմիցս է գրվել` Հ. Հովհաննիսյանի խորհրդարան անցնելուն կտրականապես դեմ է եղել նախագահ Սերժ Սարգսյանը, ով, ըստ նույն լուրերի, դա որպես պահանջ ներկայացրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Սակայն այդ տեղեկությունները տրամաբանական էին մինչ այն պահը, երբ դեռ քննարկվում էր ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիան կազմելու հարցը: Հ. Հովհաննիսյանը բազմիցս դեմ էր արտահայտվել ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն, եւ ենթադրվում էր, որ կոալիցիայի ձեւավորման դեպքում նրա ինքնաբացարկը կհամարվի` որպես ԲՀԿ-ի կողմից արված փոխզիջում: Սակայն ԲՀԿ-ի` կոալիցիա չկազմելու դեպքում Հ. Հովհաննիսյանի ինքնաբացարկը, մեղմ ասած, զարմանալի է: Թերեւս կա այլ պատճառ, որը մինչեւ օրս թաքցվել է: