Արտագաղթի դիվերսիֆիկան մեխանիկան

27/05/2012 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ օրեր առաջ հրապարակված մակրոտնտեսական նախնական ցուցանիշները հունվար-ապրիլ ժամանակահատվածի համար` հերթական անգամ փաստեցին, որ շինարարության ոլորտը, տեւական ժամանակ է` ուշքի չի գալիս ճգնաժամից։

Սակայն հետաքրքիրը ոչ թե շինարարության անկումային ցուցանիշներն են, այլ՝ մեր իշխանությունների եւ փորձագետների անուշադրությունը դրանց նկատմամբ։ Այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ հիանալի է, եւ շինարարության անկումը ոչ ոքի չի կարող անհանգստացնել։

Հիշեցնենք, որ ըստ ԱՎԾ հրապարակման, այս տարվա հունվար-ապրիլին շինարարության ծավալը կազմել էր 61.3 մլրդ դրամ, ինչը 5.2%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Կառավարության հանգստությունը (կամ կարելի է ասել՝ լռությունը) հասկանալի է։ Չէ՞ որ շինարարության ոլորտի ցուցանիշների անկման հենց սկզբից (2009-ի սկզբներից) մեզ համոզում են երեւույթին նայել մեկ այլ տեսանկյունից՝ տնտեսության կառուցվածքի։ Այսինքն՝ շինարարության անկման եւ արդյունաբերության աճի պարագայում տնտեսության կառուցվածքը որակապես փոխվում է, եւ շինարարության խոցելի ոլորտը դադարում է տնտեսության շարժիչ ուժը համարվել։

Սակայն հարցը միայն այդ տեսանկյունից ներկայացնելը սխալ է, քանի որ չի կարելի ուրախանալ ինչ-որ ցուցանիշի բարելավմամբ, եթե դա տեղի է ունենում որեւէ ոլորտի անկման հաշվին։ Այս հարցին բազմիցս ենք անդրադարձել, սակայն այժմ փորձենք ներկայացնենք թվային տեսքով, թե շինարարության անկումն ինչպես է ազդում ընդհանուր տնտեսական վիճակի վրա եւ որքանով ու ինչպես է փոխկապակցված մյուս ճյուղերի հետ։ Մինչեւ առաջ անցնելը` նշենք, որ հունվար-ապրիլ ժամանակահատվածի ամբողջական եւ մանրամասն զեկույցը ԱՎԾ-ն դեռ չի հրապարակել, այդ իսկ պատճառով վերլուծությունը կկատարենք հունվար-մարտ ժամանակահատվածի ցուցանիշների վրա։ Նշենք, որ այդ ընթացքում (առաջին եռամսյակում) շինարարության ոլորտը գրանցել է 5.5% անկում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Շինարարության ծավալը կազմել է 40.1մլրդ դրամ։

Անկումը հիմնականում պայմանավորված է պետական ֆինանսավորմամբ եւ մարդասիրական օգնության միջոցներով շինարարության նվազմամբ։ Մարդասիրական օգնության միջոցների հաշվին այս տարվա առաջին եռամսյակում իրականացվել է 1.1 միլիարդ դրամի շինարարություն, ինչը 5.5 անգամ զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։ Այդ թվում, օրինակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացված շինարարության ծավալը կրճատվել է գրեթե երկու անգամ։ Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալները կրճատվել են 0.4%-ով։ Կազմակերպությունների եւ բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալներն ընդհանուրի մեջ բավական մեծ տեսակարար կշիռ են կազմում, եւ, չնայած որոշակի աճին՝ ի վիճակի չեն եղել չեզոքացնել բացասական ցուցանիշը։

Եվս մի հետաքրքիր տեղեկություն այն մասին, թե շինարարական աշխատանքները առանձին ոլորտներում ինչպես են ընթացել։ Օրինակ՝ մշակող արդյունաբերության ոլորտում իրականացված շինարարական աշխատանքների ծավալն առաջին եռամսյակում նվազել է ավելի քան 3 անգամ եւ չի գերազանցում 1 միլիարդ դրամը։ Մինչդեռ հանքագործական արդյունաբերության ոլորտում շինարարության ծավալն աճել է 2.6 անգամ եւ կազմում է 3.2 մլրդ դրամ։ Ամենաուշագրավը, սակայն, ֆինանսական գործունեության եւ ապահովագրության ոլորտն է։ Այստեղ իրականացված շինարարության ծավալը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ` աճել է 5.6 անգամ եւ ընդհանուր ծավալի մեջ իր տեսակարար կշռով (17.3%) զիջում է միայն անշարժ գույքի հետ կապված գործառնությունների ոլորտին։

Հիմա այն մասին, թե շինարարության բնագավառն ինչպես է ազդել մյուս ոլորտների վրա, օրինակ՝ արդյունաբերության։ Այսպես, ապրանքային բետոնի արտադրության ծավալները նվազել են 6.5%-ով, ուղիղ կտրվածքի տուֆի արտադրությունը՝ 45%-ով, ցեմենտինը՝ 20.9%-ով, ծակոտկեն լցանյութերինը՝ 8.1%-ով, ալյումինե եւ մետաղապլաստամասսե դուռ-պատուհանների արտադրությունը՝ 31.9%-ով, ոչ հանքային շինանյութերինը՝ շուրջ 30%-ով։ Փոխարենը՝ 46%-ով աճել է «գաջի» արտադրությունը, ինչից կեսկատակ-կեսլուրջ կարելի է եզրակացություն անել, որ մարդիկ «լուրջ» շինարարության փոխարեն` սկսել են հիմնականում «պաչինկա» անել։

Մի պահ կարող է թվալ, թե այս ամենը պարզապես թվեր են, վիճակագրություն։ Բայց այս թվերի ետեւում, որքան էլ պաթետիկ հնչի, թաքնված են հազարավոր մարդկանց կյանքի պատմություններ։ Նկատի ունենք այն մարդկանց, ովքեր զբաղվում էին շինարարությամբ։

Պաշտոնական տվյալներով (ըստ ԱՎԾ-ի), 2008թ. շինարարության ոլորտում զբաղվածների թիվը գերազանցում էր 105 հազարը, իսկ 2011-ին նրանց թիվը եղել է 67 հազար։ Այսինքն, 4 տարվա ընթացքում շինարարությամբ զբաղվողների թիվը մեր երկրում նվազել է 37.700 հոգով կամ 35.8%-ով։ Ուրիշ ոչ մի ոլորտում նման կրճատում չի եղել։ Միգուցե թվա, թե շինարարության մեջ ներգրավված մարդիկ հաջողությամբ փոխադրվել են այլ ոլորտներ։ Սակայն ո՞ւր։ Օրինակ՝ արդյունաբերության մեջ զբաղվածների թիվը պակասել է, այսինքն՝շինարարներն այստեղ չեն տեղափոխվել։ Գրեթե չի փոխվել նաեւ առեւտրի եւ կապի ու տրանսպորտի ճյուղերում ընդգրկված աշխատողների թիվը։ Գյուղատնտեսության ոլորտում աշխատողների թիվն աճել է 12 հազարով, եւ կարելի է ենթադրել, որ դա տեղի է ունեցել նախկինում շինարարության մեջ ներգրավված մարդկանց հաշվին։ Բա մնացած 25 հազար շինարարների հե՞տ ինչ եղավ։ Իհարկե, աճել է նաեւ ֆինանսական գործունեության եւ պետական կառավարման համակարգում զբաղվածների թիվը, սակայն դժվար է հավատալ, որ այս ոլորտներում կադրերին ընտրում են նախկին շինարարների միջից։

2012թ. ցուցանիշները դեռ հայտնի չեն, սակայն հաշվի առնելով շինարարության ոլորտի անկումը, կարելի է ենթադրել, որ այս ոլորտում զբաղվածների թիվը տարվա ընթացքում շարունակելու է նվազել։

Վերը նշված վիճակագրությունն արդեն անմիջականորեն կարելի է կապել արտագաղթի ցուցանիշների հետ։ Ինչպես երեւում է այս թվերից, շինարարության ոլորտի շարունակվող անկումը 4 տարվա ընթացքում աշխատանքից զրկել է մի քանի տասնյակ հազար շինարարների։ Իսկ նրանց այլ ելք չի մնում, քան բախտը փորձել ռուսաստաններում (գաղտնիք չէ, որ մեր միգրանտների գերակշիռ մասը զբաղված է հենց շինարարությամբ)։ Եվ եթե նկատի ունենանք, որ միգրանտների մեծ մասը հնարավորության դեպքում իր հետ Հայաստանից տանում է նաեւ իր ընտանիքի անդամներին, ապա արտագաղթի պատկերն առավել ցայտուն է դառնում։

Այսինքն՝ շինարարության անկումը, որը մեր իշխանությունները ներկայացնում են` որպես «տնտեսության կառուցվածքի փոփոխություն», կարելի է ներկայացնել նաեւ` որպես «բնակչության կառուցվածքի փոփոխություն»։ Տուն սարքողների թիվը նվազում է, փոխարենը՝ ավելանում են ապահովագրողներն ու չինովնիկները։