Երեկ տարածած հայտարարությամբ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը եւս դատապարտել է վերջին շրջանում փոքրամասնությունների նկատմամբ կատարվող ոտնձգությունները: «Հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները եւ անհատների ու խմբերի նկատմամբ հնչած անհանդուրժողական արտահայտությունները` կապված նրանց սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հետ, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը ցանկանում է հիշեցնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի 2012թ. մայիսի 15-ին արված հայտարարությունը, որում նշվում է. «ԼԳԲՏ անձինք դեռեւս ենթարկվում են անհանդուրժողական վերաբերմունքի եւ սոցիալական պատնեշների Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մեծ մասում, եթե ոչ` բոլոր երկրներում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին վճիռները վեր են հանում գեյ փրայդ շքերթների նկատմամբ կիրառվող չարդարացված արգելքներ եւ վարչական խոչընդոտներ: Դրանք արտացոլում են սոցիալական իրավունքների, ինչպես, օրինակ, աշխատանքային իրավունքի իրացման հետ կապված խտրականության խնդիրներ: ՄԻԵԴ-ի կողմից քննման ենթակա մի շարք գործեր առնչվում են «միասեռականության քարոզի» հետ կապված մեղադրանքների եւ կարող են հանգեցնել խոսքի ազատության խախտումների: Նման օրենսդրության ընդունումը հաճախ սկսվել է տեղական կամ մարզային մակարդակներում, սակայն վերջին ամիսներին որոշ երկրներում արձագանք է գտել նաեւ համազգային մակարդակում: Մարդու իրավունքների հանձնակատարի 2011թ. սեպտեմբերի զեկույցը` ԵԽ անդամ 47 երկրներում սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հետ կապված խտրականության վերաբերյալ, վեր է հանում մի շարք լրացուցիչ խնդիրներ, ինչպես, օրինակ, կրթության եւ առողջապահության ոլորտների ծառայություններից օգտվելը, գենդերային ճանաչումը, ինչպես նաեւ ընտանեկան կյանքի ճանաչումը: Այն մատնանշում է նաեւ քաղաքական գործիչների թույլ տված հոմոֆոբիկ հայտարարությունները: Բազմաթիվ անդամ երկրներ վերջին տարիներին կարեւոր առաջադիմական քայլեր են ձեռնարկել ԼԳԲՏ անձանց` օրենքի առջեւ հավասարությունն ապահովելու ուղղությամբ, օրինակ, ապօրինի որակելով սեռական կողմնորոշման հիման վրա խտրականությունը եւ ընդունելով նույնասեռական քաղաքացիական միությունները: Եվրոպական մակարդակում մենք նշանակալի առաջընթաց ենք արել` երկու տարի առաջ ընդունելով տվյալ հարցի վերաբերյալ Նախարարների կոմիտեի հանձնարարականը, ինչպես նաեւ` այս մարտին կազմակերպելով կոնֆերանս Միացյալ Թագավորության նախագահության շրջանակներում: Եվրոպայի խորհրդում մենք արձագանքում ենք մեր կառույցների, ինչպես նաեւ` Քարտուղարության շրջանակներում ստեղծված ԼԳԲՏ բաժնի միջոցով: ԵԽ-ն ներկայումս աշխատում է վեց երկրների հետ` Ալբանիա, Մոնտենեգրո, Իտալիա, Սերբիա, Լատվիա եւ Լեհաստան, այս հարցի վերաբերյալ ծրագրերի ստեղծման շուրջ, եւ ես քաջալերում եմ այլ երկրների եւս միանալ այս նախաձեռնությանը: Նախ եւ առաջ, ազգային իշխանությունները պատասխանատվություն են կրում ապահովելու իրենց երկրների կողմից միջազգային պարտավորությունների կատարումը, այդ թվում` արձագանքելով տեղական եւ մարզային մակարդակներում արվող բացասական քայլերին: Քաղաքական ղեկավարները եւս պատասխանատվություն են կրում անմիջապես եւ խստորեն արձագանքելու ընդդեմ անհանդուրժողականության եւ հոմոֆոբիայի ցանկացած դրսեւորման, հատկապես, երբ դրանք թույլ են տրված այլ քաղաքական գործիչների կողմից»: