Սանջեյ Գոելը, ով մասնագիտացած է տեղեկատվական անվտանգության եւ կիբեռպատերազմների դեմ պայքարի հարցերում, կարծում է, որ Հայաստանը մեծ առաջընթաց է արձանագրել այս ոլորտում, առաջ է շարժվում շատ արագ տեմպերով եւ մի քանի տարի հետո կհասնի միջազգային չափանիշներին: Նա Հայաստան է այցելում սկսած 2010-ից եւ օգնում հայ մասնագետներին` նոր ձեռքբերումներ ունենալ կիբեռհանցագործությունների դեմ պայքարում: Նրա հետ զրույցն այս անգամ սոցիալական մեդիայի մասին էր:
– Ինչպիսի՞ն է սոցիալական մեդիայի ազդեցությունը հասարակության վրա:
– Սոցիալական մեդիան գնալով ավելի ու ավելի է մխրճվում մեր կյանքի մեջ: Այն հասանելի է բոլորին` թե՛ երիտասարդներին, եւ թե՛ ավագ սերնդի ներկայացուցիչներին, եւ արտահայտվելու ավելի մեծ հնարավորություն է տալիս մարդկանց: Սոցիալական մեդիան օգտագործվում է որպես հեղափոխություն կազմակերպելու գործիքներից մեկը: Մարդիկ սոցիալական մեդիայի միջոցով հաղորդագրություններ են փոխանակում, ինչն օգնում է ցույցեր կազմակերպել: Դա հասարակության վրա ազդելու ձեւերից մեկն է: Բայց առավել կարեւոր է, որ այն կարող է ճակատագրական լինել որոշ երիտասարդների համար: Երիտասարդների մեծ մասն օգտվում է սոցիալական ցանցից, ինչպիսին է Ֆեյսբուքը: Այնտեղ նրանք շատ բաց են հասարակության համար, հրապարակում են իրենց անձնական տեղեկատվությունը: Երբեմն որոշ տեղեկատվության հանդեպ նրանք ուշադիր չեն. նկարներ ունեն, որոնք հաճախ այնքան էլ տեղին չէ հրապարակել, եւ ապագա գործատուները տեսնելով դրանք` կարող են մերժել աշխատանքի դիմումը: Մանրամասն տեղեկությունների հրապարակումը` ինչ են իրենք անում, որտեղ են գտնվում, իրենց ընտանիքի ու տան նկարները կարող են օգտագործվել գողերի կողմից` ավելի հեշտ տուն ներխուժելու նպատակով: Իմ հիմնական մտահոգություններից մեկն այն է, որ սոցիալական մեդիան մի վայր է, ուր մուտք ունեն նաեւ երեխաներ առեւանգողները: Նրանք կարող են խոցելի երիտասարդների հետ կեղծ ընկերանալ` ձեւանալով այլ անձ, եւ դա երբեմն կարող է տանել անգամ ֆիզիկական բռնության: Սոցիալական մեդիայի միջոցով մտերմանալուց հետո կարող են ֆիզիկական կոնտակտ հաստատել եւ վերջում որեւէ հանցագործություն գործել: Այսպիսով` սոցիալական մեդիան դառնում է հասարակության շատ կարեւոր մասը, բայց, միեւնույն ժամանակ, երեխաները չգիտեն` ինչպես պահել իրենց սոցիալական ցանցերում: Ծնողները եւ ուսուցիչները մեծ պատասխանատվություն են կրում, որպեսզի կարողանան բացատրել ճիշտ եւ ապահով կերպով սոցիալական ցանցերից օգտվելու ձեւերը:
– Իսկ ինչպիսի՞ քաղաքական սպառնալիքներ ունի սոցիալական մեդիան:
– Այս հարցից ես փորձում էի խուսափել, բայց, եթե հարցնում եք, կպատասխանեմ: Սոցիալական մեդիան արդյունավետ կերպով օգտագործվել է շատ տարբեր երկրներում: Օրինակ` Ինդոնեզիայում կամ Եգիպտոսում մարդիկ սոցիալական ցանցերի միջոցով էին հաղորդակցվում ու կոչեր տարածում: Բայց կա նաեւ հակառակ կողմը, երբ որոշ երկրներում այն օգտագործում են այլախոհներին հայտնաբերելու համար` հետեւելով նրանց վարքին սոցիալական ցանցում: Մի կողմից` այլախոհները կարողանում են հաղորդակցվել միմյանց հետ, մյուս կողմից` պետությանը հնարավորություն է տրվում բացահայտել, թե ովքեր են այդ մարդիկ: Այսպիսով, երկու կողմերն էլ օգտագործում են այն: Ես վստահ եմ, որ միայն սոցիալական մեդիան բավարար չէ հեղափոխություն սկսելու համար: Պետք է իրավիճակը հասունացած լինի: Սոցիալական մեդիան կարող է միայն խթան լինել կամ աջակցել որոշ գործողությունների, եթե մարդիկ գիտակցում են դրա դերը: Բայց առանց ֆիզիկական ներկայության` այն չի կարող այդքան արդյունավետ լինել:
– Իսկ ինչպե՞ս են պետությունները վերահսկում սոցիալական ցանցերը:
– Ի՞նչ են անում պետությունները: Նրանք ինտենսիվ գրաքննություն են իրականացնում: Հետեւում են բովանդակությանը, տեսակավորում այն, հաճախ արգելափակում որոշ կայքեր, դանդաղեցնում են կապի որակը, որպեսզի մարդիկ չկարողանան շփվել իրար հետ: Իսկ ամենավատը Սիրիայում ու Իրանում էր. շատ ագրեսիվ կեցվածք ունեին, հավաքել էին մարդկանց մի մեծ բանակ, ովքեր ստուգում էին, թե ինչ է կատարվում սոցիալական ցանցերում, ընկերանում էին մարդկանց հետ, հետեւում, թե ինչ են նրանք անում, եւ քարոզչություն էին տարածում: Սա էլ սոցիալական մեդիայի մյուս կողմն է:
– Այդուհանդերձ, բարդ չէ՞ վերահսկելը:
– Բարդ է, բայց` հնարավոր: Ի վերջո` դա տեխնիկական համակարգ է: Վերահսկելով ինտերնետ մատակարարողներին, արգելափակելով որոշ կայքեր ու ծրագրեր` հնարավոր է վերահսկել: Բայց գնալով ավելի ու ավելի բարդ է դառնում վերահսկելը, որովհետեւ արդեն կան ինտերնետից օգտվելու բազմաթիվ ուղիներ: Մարդիկ իրենց բջջային հեռախոսների միջոցով էլ կարող են մուտք ունենալ սոցիալական ցանցեր: Հատկապես սահմանամերձ տարածքներում, որտեղ մարդիկ հաճախ կարողանում են կապը որսալ տարբեր երկրներից, նրանք հեշտությամբ կարող են օգտվել ինտերնետից: Բայց կարծում եմ, որ իմաստ չունի, չարժե վերահսկել, միեւնույն է` մարդիկ այլ ուղիներ կգտնեն հաղորդակցվելու միմյանց հետ: Սոցիալական մեդիան թույլ է տալիս մեծ թվով մարդկանց արտահայտել իրենց տեսակետները, կարծիքները, եւ այսպիսի վերահսկողության միջոցով գուցե հնարավոր է լռեցնել 10 հազարից մեկին, բայց, եթե պետության կեսը դեմ է կառավարությանը, նրանք կընդվզեն, եւ սոցիալական ցանցերի միջոցով մարդկանց վերահսկելը ոչ մի դեր չի ունենա: