Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն ինքնաբացարկի դիմում չի ներկայացնելու եւ պահպանելու է իր մանդատը խորհրդարանում: «Այդ հարցում ես առաջնորդվում եմ ընտրողների եւ կուսակցության առջեւ պատասխանատվության զգացումով: Ժողովրդի քվեն պետք է հարգել: Ավելացնեմ նաեւ, որ ՀԱԿ խմբակցության աշխատանքն ԱԺ-ում կնպաստի ընդդիմության գործունեության արդյունավետության բարձրացմանը»,- news.am-ի հետ զրույցում ասել է Ստեփան Դեմիրճյանը: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի` կոալիցիա չկազմելու մասին հայտարարությանը եւ հետագայում ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի հնարավոր համագործակցությանը, ապա Ս. Դեմիրճյանը նշել է. «Կարծում եմ` հնարավոր է կոնկրետ հարցերի շուրջ համագործակցությունն ԱԺ-ում: Իսկ ավելի սերտ համագործակցության մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն»: Ի պատասխան վերջերս ՀԱԿ-ից դուրս եկած «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի այն հայտարարության, որ ՀԱԿ-ում մնացել են ռուսամետ ուժերը, եւ հարցին` իրեն ռուսամե՞տ գործիչ է համարում, Ս. Դեմիրճյանն ասել է. «Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը բխում է մեր պետության շահերից: Մեր պետության շահերից է բխում նաեւ երկրի ժողովրդավարացումը եւ Եվրաինտեգրացիան: Առհասարակ Հայաստանը պետք է իրականացնի հավասարակշռված, արժանապատիվ արտաքին քաղաքականություն»: