Ոտնահարվում են գրեթե բոլոր իրավունքները

27/05/2012

Նախօրեին ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների 2011 թվականի զեկույցը, որում, ինչպես ամեն տարի, անդրադարձ կա նաեւ Հայաստանում մարդու իրավունքների վիճակին: Զեկույցում, մասնավորապես, նշված է, որ Հայաստանում ոտնահարված են իշխանությունն ընտրությամբ փոխելու, խոսքի եւ մամուլի ազատություն, ինչպես նաեւ դատական անկախ համակարգ ունենալու` քաղաքացիների իրավունքները: «Իշխանությունները 2011 թվականին ազատ են արձակել 2008 թվականի նախագահական վիճահարույց ընտրություններին հաջորդած ընդհարումներին մասնակցելու մեղադրանքով ազատազրկված վերջին վեց ընդդիմադիր գործիչներին: Ապրիլի 28-ից սկսած իշխանություններն արտոնել են ընդդիմությանը ցույցեր եւ հավաքներ կազմակերպել մայրաքաղաքի նախկինում արգելված վայրերում, դրանք անցկացվել են առանց միջադեպերի, թեպետ Երեւանից դուրս ապրող ցուցարարների ժամանումը մայրաքաղաք խոչընդոտվել է»,- ասված է զեկույցում: Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության, մամուլի եւ հատկապես հեռուստատեսության աշխատանքում դեռեւս նկատելի է քաղաքական բազմակարծության եւ անկողմնակալ լուսաբանման պակասը: «Իշխանություններն ապաքրեականացրել են զրպարտությունը, սակայն սահմանել են չափազանց բարձր տուգանքներ, ինչով լրագրողներին դրդել են ինքնագրաքննության։ Անցումը դեպի թվային հեռուստատեսություն հանգեցրել է բազմակարծության նվազեցման»,- փաստում է զեկույցը: Դատաիրավական ոլորտին վերաբերող հատվածում արձանագրված է, որ Հայաստանում դատարանները շարունակ գտնվում են գործադիր իշխանության քաղաքական ճնշման ներքո, ձեւավորված է դատական այնպիսի մշակույթ, ըստ որի` դատավորներից ակնկալում են գրեթե բոլոր գործերում մեղավոր ճանաչել կասկածյալին: Անդրադարձ կա նաեւ բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան կասկածելի դեպքերին: Զեկույցի համաձայն, նախորդ տարի այդ պայմաններում սպանվել է 15 զինծառայող: Միաժամանակ, նշվում է, որ 2010-ին ոչ մարտական պայմաններում ավելի մեծ թվով զինվորներ են սպանվել: ԱՄՆ Պետքարտուղարությունը նշում է նաեւ, որ ՀՀ Զինված ուժերում շարունակվել է հրամանատարների եւ շարքայինների կողմից զինակիցներին անպատիժ հալածելու միտումը: Ինչ վերաբերում է իրավապահ մարմիններին, ապա, զեկույցի համաձայն, ոստիկանները շարունակել են քաղաքացիներին ծեծի ենթարկել ձերբակալության եւ հարցաքննության ընթացքում: Զեկույցում անդրադարձ կա նաեւ 2008 թ. մարտի 1-ի դեպքերի հետաքննությանը: ԱՄՆ Պետքարտուղարությունն արձանագրել է, որ ՀՀ իշխանությունները հրապարակել են 2008 թվականի ետընտրական ընդհարումների ընթացքում 8 քաղաքացու եւ 2 զինծառայողի մահվան հանգամանքների զեկույցը, որում, սակայն, չեն նշվում մահվան դեպքերի համար պատասխանատվություն կրող անձանց անունները: Զեկույցում նշված է նաեւ, որ 13-րդ անգամ մերժվել է 2002 թվականից եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերության` հաճախականություն ստանալու դիմումը: Անդրադարձ է կատարվել նաեւ 2011-ի մայիսի 26-ին ԱԺ-ի կողմից ընդունված «Ընտրական նոր օրենսգրքին», որը Վենետիկի հանձնաժողովը եւ միջազգային այլ դիտորդներ առաջընթաց են որակել: Սակայն, ըստ զեկույցի հեղինակների, դա չի ցրել ընտրությունների անցկացման, ընտրական հանձնաժողովների ձեւավորման, կեղծիքների կրկնության վերաբերյալ մտավախությունները, որոնց թվում նշվել է դրսում բնակվող 500-800 հազար ընտրողների ձայները չարաշահելու հնարավորությունը: