Իրո՛ք անակնկալ էր ԲՀԿ նախագահի պաշտոնական հայտարարությունը, թե կուսակցությունը «նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը»: Սա հաղթանակ էր մեր այն հայրենակիցների համար, ովքեր իրենց ձայնը վստահել էին այս կուսակցությանը: Սակայն մեր իրականությունն այնպիսին է, որ քաղաքական գործողություններում հասարակության, ընտրողների վստահության գործոնը բարոյական որեւէ պարտավորություն չի դնում որեւէ կուսակցության վրա:
Իսկ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունն անակնկալ էր այն առումով, որ կուսակցության ստացած ձայները հայտնի էին դեռեւս մայիսի 6-ի ընտրություններից ժամեր անց: Խորհրդարանական նախորդ ընտրությունների ժամանակ ընտրողները ԲՀԿ-ին իրենց ձայները եւս տվել էին` «վստահելով եւ պահանջելով երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական, տեսանելի փոփոխություններ»: Այն ժամանակ եւս «Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունեցավ կառավարություն ձեւավորելու եւ իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն»: Սակայն ԲՀԿ-ն մտավ կոալիցիա ՀՀԿ-ի եւ իր համար անընդունելի դաշնակիցներից մեկի` ՕԵԿ-ի հետ: Այս ընտրություններին ԲՀԿ-ն ստացավ կրկնակիից ավելի ձայներ, քան նախորդ անգամ: Այսինքն` կոալիցիայում կրկնակի ներկայացվածության հնարավորություն ունեցավ, ինչը կարող էր գործի դնել` լուծելու իր ընտրողների «սոցիալ-տնտեսական» խնդիրները: Սակայն հրաժարվեց անդամակցել կոալիցիային:
Եվ հետո` կոալիցիա չմտնելու հայտարարությունն արվեց ընտրություններից 18 օր անց: ԲՀԿ-ն, եթե իրո՛ք վճռական էր կոալիցիա չկազմելու հարցում, եթե ամեն ինչ խիստ սկզբունքային հարթության վրա էր եւ ոչ թե` չստացված բանակցությունների` նախարարական պորտֆելների կամ ինչ-ինչ սակարկությունների շուրջ, այս հայտարարությունը կարող էր անել անմիջապես մայիսի 6-ից հետո:
Իհարկե, քաղաքական այս քայլի թողած տպավորությունը համարյա շռնդալից էր: Հնարավոր է` հետեւանքներն էլ չզիջեն տպավորությանը. ամեն դեպքում, ԲՀԿ-ից ձայներ են լսվում, թե կոալիցիա չկազմելով` հնարավոր կլինի քանդել քաղաքական մենաշնորհը: Թեեւ ԲՀԿ առաջնորդի հայտարարության տեքստն, այնուամենայնիվ, ավելի շուտ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս: ԲՀԿ-ն չի ցանկանում կոալիցիայի մեջ մտնել մի կուսակցության հետ, որը բոլորիս հայտնի եղանակով ստացել է այնքան ձայներ, որ որեւէ այլ քաղաքական դաշնակցի անհրաժեշտություն չունենա՞: ԲՀԿ-ն կասկածնե՞ր ունի ընտրությունների արդյունքների հանդեպ: Եթե չունի, խնդիր է, եթե ունի եւ չի արտահայտվում` քաղաքականություն: Այս դեպքում արդեն ազնիվ չէ մատնացույց անել բազմահազարանոց ընտրողներին` իբր միայն նրանց հանդեպ ունեցած բարոյական պատասխանատվությունն է ստիպում մաս չդառնալ ատելի կոալիցիային:
Տակավին երեկ ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ տեղից ինքնաբացարկի դիմում գրած Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունը վկայում է, որ ընտրություններին ձայներ ստանալու հարցում ԲՀԿ-ում եւս առաջնորդվել են ոչ այնքան ժողովրդավարական սկզբունքներով: Պարոն Հովհաննիսյանը, ազնիվ լինենք, գերագնահատում է քաղաքական իր գործունեությամբ ԲՀԿ-ին բերած ձայների թիվը: Եթե նկատի ունի իր ղեկավարած «Ընտրությունների վերահսկողությունն իրականացնող միասնական շտաբի» ստեղծման մեջ իր դերը, որով ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին եւ ԲՀԿ-ին դրեց նույն հարթության վրա, այդտեղ էլ ծափերն իրեն չհասան: Հմայակ Հովհաննիսյանը, սակայն, ուղիղ հասկացնում է, որ ինքնաբացարկի դիմումը կամավոր չի գրել: «Ընտրություններից հետո կատարվող հաշվարկները ցույց են տալիս, որ «ձայն բերածները» ոչ թե հրապարակային քաղաքական գործիչներն են, այլ պարկերով փողեր բաժանած «ընտրյալները»: Ուղղակի ասվում է, որ ԲՀԿ-ն եւս, ինչպես եւ ՀՀԿ-ն, պարկերով գումար է բաժանել:
Մինչեւ վերջ անհասկանալի մնաց մի հանգամանք եւս` ԲՀԿ-ն չցանկացա՞վ մտնել կոալիցիա, թե՞ ՀՀԿ-ն չառաջարկեց: ՀՀԿ-ից մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը մայիսի 8-ին «Առավոտին» ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր կոալիցիայի մասին ասել էր. «Ցանկալի չի, բայց չեմ իմանում, դեռ հայտնի չի: Մենք նրա կարիքը չունենք: Հանրապետականը կոալիցիայի կարիք չունի: Եթե շատ խնդրի, միգուցե թույլ տանք: Եթե շատ խնդրեն, աղաչեն, որ` տվեք մեզ շանս` արդարացնենք մեզ, կարող է: Բայց չգիտեմ դեռ` հանրապետականները թույլ կտա՞ն»:
Կոալիցիա կազմելու մասին ավելի կոշտ գնահատականներ էր տվել Վարդան Օսկանյանը` կոալիցիան համարելով արհեստական:
ՀՀԿ քաղաքական թեւն ավելի զգույշ եւ նրբանկատ է` գնահատականներ տալիս: Մասնավորապես` ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հովիկ Աբրահամյանը լրագրողի հարցին` կանխատեսելի՞ էր (ՀՀԿ-ի համար) ԲՀԿ-ի նման պահվածքը, պատասխանել էր` այո՛: Նա նաեւ ուղղակի ասել է, որ ՀՀԿ-ն չի համոզել ԲՀԿ-ին` կոալիցիա կազմել, վերջինս էլ չի խնդրել, քանի որ «դրա անհրաժեշտությունը չկար ընդհանրապես»: Հովիկ Աբրահամյանն անգամ նկատում է. «Նրանք (ԲՀԿ-ն.- Լ.Ա.) ընդդիմություն չեն, հայտարարության մեջ նշել են, որ խիստ կառուցողական են լինելու, եւ եթե իրենց խոսքը պահեն, մենք կհամագործակցենք»: Եթե…
ԲՀԿ հայտարարության մեջ ակնարկ անգամ չկար` 2013թ. նախագահական ընտրություններին ո՞ւմ թեկնածությունն է պաշտպանելու կուսակցությունը: Իսկ կոալիցիայի ձեւավորումը նախեւառաջ այդ հարցի պատասխանն էր ենթադրում: Հետեւաբար, հայտարարության տեքստում ավելի ուշ արված խմբագրումներն ամենեւին չեն ազդի տեքստի ամբողջական տրամաբանության վրա: