Հայ-ադրբեջանական սահմանին վերջին երեք շաբաթներում հաճախակի դարձած կրակոցները մարդկանց ավելի զգուշավոր են դարձրել` միաժամանակ մարտականորեն տրամադրելով: Ապրիլի 25-ին ավելի քան կես ժամ գնդակոծվել էր Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Դովեղ գյուղը, ընդ որում` դիպուկ կրակոցներն ուղղված էին նաեւ գյուղի մանկապարտեզի կողմը, իսկ ապրիլի 27-ին Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարհահատվածում ադրբեջանական կողմը գնդակոծել էր երեք հայ զինծառայողների մեքենան, ինչի հետեւանքով նրանք զոհվել էին:
Հայ-ադրբեջանական սահմանին մոտ Տավուշի մարզի մի շարք գյուղեր առհասարակ ադրբեջանական կողմի մշտական նշանառության տակ են, ու հատկապես վերջին երկու ամիսներին այստեղ ավելի շատ են կրակոցներ լսվում: Հայաստանի պետական սահմանից ընդամենը 200 մետր հեռավորության վրա գտնվող Չինարի գյուղի 53-ամյա գյուղապետ Սամվել Սողոյանի բնորոշմամբ` պատերազմը փաստացի շարունակվում է: «Գյուղի վրա միշտ են կրակում: 1992-ից մինչ այսօր մեզ մոտ հրադադար չի եղել: Խոշոր տրամաչափի գնդացիրներ են, որոնք ցանկացած տան վտանգ են սպառնում, գյուղատնտեսական նշանակության վարելահողերի ճնշող մեծամասնությունը հենց սահմանին է, մարդիկ չեն մշակում»,- ասում է 1283 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը:
Կրակոցներին սովոր են նաեւ Տավուշի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի 1100 բնակիչները: 47-ամյա Հակոբ Իսրայելյանն ասում է` կրակոցների հետքերը գյուղի տների տանիքների վրա են. «Բոլորի տանիքներն անցքերով են: Ժողովուրդն այս կողմերում ապրում է ահ ու սարսափի մեջ: Մի քանի գիշեր է` հանգիստ է, բայց դրանից առաջ Շուշիի ազատագրման 20-ամյակի հետ կապված ԺՄԽ-ով (խոշոր տրամաչափի գնդացիր) անընդհատ կրակում էին, համարյա բոլոր երեխեքին տեղափոխեցինք հարեւան գյուղերը»:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի տվյալներով` ապրիլի 29-ից մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում զինադադարի ռեժիմը խախտվել է 650 անգամ, որի հետեւանքով հայկական կողմի ուղղությամբ արձակվել է ավելի քան 2400 կրակոց: Ղարաբաղյան հակամարտության հրադադարի մասին պայմանագիրը կնքվել է դեռեւս 18 տարի առաջ` 1994-ին, սակայն կրակոցները սահմանի երկու կողմերում չեն դադարել մինչ օրս: 1980-ականների վերջում սկսված պատերազմից հետո ԼՂ հայերը անկախություն են հռչակել, ինչը չի ճանաչվել ոչ մի պետության կողմից:
Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի «շփման գոտում» հաճախ են կրկնվում կրակոցները, եւ կողմերից յուրաքանչյուրը փորձում է մեղադրել հակառակորդին հրադադարի խախտման ու ռազմական գործողություններ հրահրելու մեջ: Պաշտոնական Երեւանն, ի դեմս ՊՆ մամուլի քարտուղար Մուշեղ Աղեկյանի, եւս մեկ անգամ հայտարարում է, որ «հայկական կողմը խստորեն հետեւում է հրադադարի ռեժիմին ու պատասխան համարժեք գործողությունների դիմում միայն հակառակորդի կողմից ռեժիմի խախտման դեպքում»: Հրադադարի ռեժիմի խախտումները խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, ինչպես նաեւ մայիսի 9-ի` Շուշիի ազատագրման տոնի նախօրեին ու հենց այդ օրը` հայաստանյան քաղաքական ու ռազմական փորձագետները պատահական չեն համարում: Ապրիլի 27-ին, երբ ադրբեջանական գնդակոծությունների հետեւանքով 3 հայ զինծառայողներ էին զոհվել, նախագահ Սերժ Սարգսյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասել էր, որ հայկական կողմի պատասխանը չի ուշանա` ասելով. «Թող ոչ ոք չմտածի, որ կարող է օգտվել մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացներից, եւ մտածի, թե մեր գլուխը խառն է ընտրություններով: Մենք ունենք ամուր բանակ եւ համապատասխան քայլերի կդիմենք»:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, իր հերթին, ընդգծում է, որ հրադադարի խախտումը հայկական կողմին ռազմական գործողություններ սկսելու չի դրդի. «Նրանք (ադրբեջանական կողմը) եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ այն սկզբունքները, որի շուրջ մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, մասնավորապես, ուժի չկիրառման սկզբունքը, նրանք բազմիցս խախտել են: Սակայն նրանց այդ գործունեությունը երբեւէ ոչ մի օգուտ չի բերի, որովհետեւ մենք մեր հարաբերություններում միայն բանակցային գործընթաց ենք տեսնում»,- ասել է Ս. Օհանյանը:
Ռազմական փորձագետ, անկախ հետազոտող Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, կրակոցների հաճախացումը հասարակության վրա բացասական ազդեցություն թողնում է. «Հայաստանում վերջին տարիներին զինադադարի ռեժիմի խախտման լուսաբանումը ավելի բաց ու թափանցիկ է դարձել, ինչը հաճախ անհանգստացնում է մարդկանց: Ադրբեջանական կողմը գիտի այդ մասին, հետեւաբար, շատացած կրակոցների մասին լսելով, մարդիկ կսկսեն վախենալ»,- ասել է նա: «Ժողովրդին հանգստացնելու համար պետք է ասենք, որ ադրբեջանական կողմի կրակոցները արդյունավետություն չունեն, քանի որ մեծ հաշվով հարց չեն կարողանում լուծել: Մենք կարող ենք 10 անգամ ավելի կամ պակաս արձագանքել հրադադարի ռեժիմի խախտումներին, բայց կարեւորն այն է, որ կորուստներ չունենանք, որ պահի ազդեցությամբ պատերազմը չվերսկսվի»,- հավելեց Ա.Հովհաննիսյանը:
Հայ-ադրբեջանական սահմանից 300 մետր հեռու գտնվող Մովսես գյուղում բնակվող ավելի քան 2000 մարդիկ գիտակցում են, որ կրակոցներն իրենց վախեցնելու համար են: 42-ամյա Լենա Անդրեասյանին ոչինչ չի վախեցնում. «Տղաս մեկ տարեկան էր` կրակում էին, հիմա տղաս 21 է, դեռ կրակում են, բայց մեկ է` գյուղը չենք լքելու, էս է մեր տունը: Երեք օր առաջ շատ ուժեղ կրակոցներ եղան, հետո, որ մերոնք պատասխան կրակ բացեցին, արդենք իրենք լռեցին: Վնասում են տների ապակիները, տանիքները: Հազարից մի տուն կլինի, որ վրան կրակոցների հետքեր չկան,- ասում է Անդրեասյանը,- Երեկ գնացել եմ իմ խաղողի այգին, որ հենց ադրբեջանական դիրքերի դիմաց է գտնվում: Մեքենան շալակել եմ ու սրսկում արել: Ժողովուրդը անում է իր գործը ու իսկապես ամուր է կառչած իր հողին: Մենք մեր գյուղը մեր արյան գնով կպահենք»:
Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ
Սառա ԽՈՋՈՅԱՆ
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net)