Նախագահականում

24/05/2012

Լավատեղյակ աղբյուրների համաձայն, երեկ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հերթական հանդիպումը: Որոշ տեղեկություններով, հանդիպմանը մասնակցել է նաեւ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվել եւ հստակեցվել է կոալիցիոն փաստաթուղթը: Երեկ երեկոյան քաղաքական շրջանակներում խոսում էին, թե կոալիցիայում ԲՀԿ-ն կպահպանի ներկայիս նախարարական պորտֆելները, սակայն ավելին չի ստանա, լավագույն դեպքում` կարող է ավելանալ ԲՀԿ-ական մարզպետների թիվը: Գ.Ծառուկյանն առաջարկել է լրացուցիչ պորտֆելների փոխարեն` ԱԺ նախագահ նշանակել Հովիկ Աբրահամյանին: Մեր աղբյուրների համաձայն, Ս.Սարգսյանն այդ առաջարկին պատրաստ է եղել համաձայնել` պայմանով, որ Հ.Աբրահամյանը պետք է ամբողջությամբ պատասխանատու լինի ԲՀԿ-ի քայլերի համար: Բացի այդ, նույն աղբյուրների համաձայն, Ս.Սարգսյանը Գ.Ծառուկյանից նաեւ պահանջել է, որ խորհրդարանում չպետք է լինեն Հմայակ Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը: Նշենք, որ ինչպես տեղեկացրել են ԿԸՀ-ից, երեկ աշխատանքային օրվա ավարտի դրությամբ` ԲՀԿ ցուցակի նշված երկու անդամները ինքնաբացարկի դիմում չեն ներկայացրել: Այնուամենայնիվ, երեկ ՀՀԿ-ից որեւէ մեկը հրաժարվում էր պատասխանել` ի վերջո, ԱԺ նախագահի կամ վարչապետի փոփոխություն սպասվո՞ւմ է, թե՞ ոչ: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեր թղթակցի հետ զրույցում միայն կրկնել է այն, ինչ ասում է վերջին օրերին. ՀՀԿ-ն դեռ կադրային խնդիրներ չի քննարկել եւ պաշտոնների առեւտրով չի զբաղվում: Նա նաեւ ավելացրել է, թե այսօր երեկոյան տեղի է ունենալու կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում կքննարկեն պատգամավորական ցուցակին վերաբերող հարցեր, չի բացառվում, որ պատասխան տրվի նաեւ ներքաղաքական շատ հարցերի: Է.Շարմազանովը երեկ նաեւ ասել է, որ պատգամավորներն իրենց մանդատները կստանան մայիսի 29-ին: