«Ինքնաբուխ ակցիա»

24/05/2012

Երեկ առավոտյան Երեւանի Կոնդ թաղամասի մի քանի տասնյակ բնակիչներ բողոքի ակցիա են անկացրել նախագահական նստավայրի դիմաց` բողոքելով «Դաուն-Թաուն» ընկերության կողմից իրականացվող շինարարության դեմ: Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների հատվածով անցնելիս նախագահ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը կանգ է առել, Ս. Սարգսյանը իջել եւ զրուցել է կոնդեցիների հետ: Լրատվական կայքերի մի մասի համաձայն` ցուցարարներից ոմանք ձեռքով կանգնեցրել են մեքենան, եւ դրանից հետո է Ս. Սարգսյանն իջել, այլ աղբյուր էլ նշում էր, որ նա ինքն է հրահանգել կանգնեցնել մեքենան` տեսնելով ցուցարարներին: Նախագահի մամուլի ծառայությունը, սակայն, այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածել: Ակցիային մասնակցել են Կոնդ թաղամասի այն բնակիչները, որոնց «Դաուն-Թաուն» ընկերությունը» ըստ կնքված պայմանագրերի, այս տարվա ամռանը պետք է բնակարաններ հատկացներ: Մինչդեռ, կառուցված են ընդամենը շենքի առաջին հարկերը: Կոնդեցիները Սերժ Սարգսյանին հայտնել են կառուցվող շենքի տեմպերի հետ կապված իրենց մտահոգությունը, ինչին ի պատասխան` Ս. Սարգսյանը վստահեցրել է, որ ամեն ինչ գտնվում է իր վերահսկողության տակ եւ անհանգստանալու կարիք չկա: Կոնդեցիները գոհունակությամբ են ընդունել այդ հավաստիացումը եւ դադարեցրել են բողոքի ակցիան: