Ավելի շատ գործարարներ՝ նոր ազգային ժողովում

24/05/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Թեեւ խորհրդարան անցած կուսակցությունները պաշտոնապես դեռ չեն հրապարակել Ազգային ժողովում իրենց պատգամավորների վերջնական ցանկը, բայց նրանք հիմնականում հայտնի են: Հատկապես, երբ նախկին պատգամավորներից շատերը նորից վերադառնում են:

ԱԺ անցած նոր պատգամավորների մեծ մասն էլ հիմնականում հանրությանը հայտնի քաղաքական գործիչներ, գործարարներ կամ այլ գործիչներ են: Այնպես որ, այս խորհրդարանի նոր դեմքերն այնքան էլ շատ չեն:

Արդյոք 5-րդ գումարման խորհրդարանն իր որակով նախորդներից ավելի լա՞վն է, նույն որակն ունի՞, թե՞ ավելի վատն է դարձել: Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարի իշխանությունները, մասնավորապես` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանն, այս` արդեն ձեւավորված խորհրդարանի համար գոնե մեկ որակական տարբերություն խոստանում էին: Նրանք բազմիցս հայտարարել են, թե պետական կառավարման համակարգը պետք է տարանջատվի գործարարությունից: Նրանք խոստանում էին, թե իրենց պատգամավորական ցուցակներում գործարարներ չեն լինի: Բայց արդյո՞ք դա այդպես է, նրանք կատարեցի՞ն իրենց խոստումը: Իհարկե` ոչ: Իշխանությունները պարզապես մի անհաջող խորամանկ քայլ մտածեցին` համամասնական ցուցակներում գործարարներ չընդգրկվեցին: Կամ գրեթե չընդգրկվեցին: Բայց զուգահեռաբար հայտարարեցին, թե յուրաքանչյուր ոք իրավունք ունի մեծամասնական ընտրակարգով առաջադրվել: Երբ կոալիցիոն կուսակցությունները հրապարակեցին իրենց մեծամասնական թեկնածուների անունները, պարզվեց, որ նրանց մեջ գործարար, ընդամենը մի քանի հոգի: Ավելին, կոալիցիոն կուսակցությունների, հատկապես` ՀՀԿ-ի համամասնական ցուցակի պատգամավորների մի մասը նույնպես գործարարներ են:

Եվ այսպես, մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, թե ինչ բիզնեսներ ունի ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա համարվում է մեր երկրի ամենախոշոր գործարարներից մեկը: Հայտնի է, որ ՀՀԿ համամասնական ցուցակից բիզնեսներ ունեն կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Վարդան Այվազյանը, Կարեն Ճշմարիտյանը, Մանվել Գրիգորյանը, Նահապետ Գեւորգյանը, Մարտին Սարգսյանը, Սպարտակ Մելիքյանը, Արտակ Դավթյանը, Արմեն Մխիթարյանը, Առաքել Մովսիսյանը, Արա Բաբլոյանը եւ այլք: Վերջինս, մի քանի հիվանդանոցների հետ միասին, ունի նաեւ ապահովագրական ընկերություն: Իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ի պատգամավորների արդեն գերակշիռ մասը գործարարներ են: Այս բլոկում են նաեւ ՀՀԿ-ի ու Հայաստանի հայտնի գործարարները: Հակառակ Ս.Սարգսյանի ու իրենց հայտարարությունների` նորից խորհրդարան վերադարձան Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը, ինչպես նաեւ` Կարեն Կարապետյանը, «ՄԱՊ» գինու-կոնյակի գործարանի սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը, «Ջերմուկ Գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը, «Եվրոստան Ույուտ» ընկերության սեփականատեր Մանվել Բադեյանը, «Դերժավա» ընկերության սեփականատեր Արկադի Համբարձումյանը, Վոլոդյա Բադալյանը եւ այլք: Իսկ նոր պատգամավորներից հայտնի գործարարներ են Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), Գարեգին Նուշիկյանը, Վրեժ Մարկոսյանը: Բիզնեսներ ունեն նաեւ նախկին թաղապետ, այժմ պատգամավոր Մհեր Սեդրակյանը, Արթուր Գրիգորյանը, Ռուբեն Հովսեփյանը: Արդյունքում` մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ի 29 պատգամավորներից առնվազն 24-ը բիզնեսներ ունեն: Հնարավոր է, որ բիզնեսներ չունեն Սամվել Ֆարմանյանը, Սյունիքից ընտրված Հայկ Գրիգորյանը, Արտաշատից` Կարինե Պողոսյանը, Տավուշից` «Գրանդ հոլդինգի» սեփականատեր Վարդանյանների թեկնածու Մարինե Մարաբյանը եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքից ընտրված Արթուր Ստեփանյանը: Իսկ ՀՀԿ համամասնական ցուցակից բիզնեսներ ունեն առնվազն 20 պատգամավորներ: Այսինքն` ՀՀԿ-ի 69 պատգամավորներից 45-ը կամ մոտ 70 տոկոսը գործարար են: Ճիշտ է, նրանց մեծ մասը վերջին տարիներին իրենց բիզնեսները գրանցել են հարազատների անունով: Օրինակ` Ս.Ալեքսանյանը բազմիցս է հայտարարել, թե բիզնեսը տվել է կնոջը, եւ ինքն արդեն քաղաքականությամբ է զբաղվում: Սակայն պարզ է, որ բոլոր գործարար պատգամավորներն իրենք են անձամբ կառավարում իրենց կանանց ու որդիների անունով գրանցած բիզնեսները: Այդ պատճառով էլ նրանք գրեթե խորհրդարանում չեն լինում: Հավանաբար, գործարար պատգամավորները նույն վարքագիծը կդրսեւորեն նաեւ այս խորհրդարանում: Նույնն է նաեւ կոալիցիոն մյուս կուսակցությունների դեպքում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է հանրապետության թերեւս ամենահարուստ գործարարներից մեկը` Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ի համամասնական ցուցակի անցողիկ տեղում է ՄԱԿ կուսակցության նախագահ, «Արսօյլ» ընկերության սեփականատեր Գուրգեն Արսենյանը: Դեռ հայտնի չէ, թե ովքեր են պատգամավոր դառնալու այս կուսակցության համամասնական ցուցակից, սակայն դրա անցողիկ հորիզոնականներում նույնպես կան գործարարներ: Իսկ ԲՀԿ-ի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ Սամվել Բալասանյանը, Մարտուն Գրիգորյանը, Գրիգորի Մարգարյանը, Լյովա Խաչատրյանը, Մելիք Մանուկյանը, Մուրադ Գուլոյանը հայտնի գործարարներ են: Այնպես որ, ԲՀԿ ապագա խմբակցության պատգամավորների մեծ մասը նույնպես գործարարներ կլինեն:

ՕԵԿ-ում խոշոր գործարարներ չկան, սակայն մամուլում նախօրեին հրապարակում կար, որ Խաչիկ Խաչատրյանին է պատկանում «Գեղամա» ռեստորանը: Իսկ մեծամասնականով ընտրված Կարեն Բոթոյանը հայտնի «Եվրոպա» շինանյութ ներկրող ընկերության սեփականատիրոջ փեսան է: Ու որոշ տեղեկությունների համաձայն` տնօրինում է աներոջ բիզնեսներից մեկը:

Գործարարներ հավանաբար կլինեն նաեւ ընդդիմադիր խմբակցություններում: Օրինակ, այս օրերին հրապարակումներ եղան, թե «Դաշնակցություն» կուսակցությունը փորձում է իր համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականում գտնվող պատգամավոր Արտյուշա Շահբազյանին համոզել ինքնաբացարկի դիմում գրել, որպեսզի խորհրդարան բերեն «Գրանդ քենդի» ընկերության տնօրեն Արմեն Բաբայանին, ով լինելու է նորից «Գրանդ հոլդինգի» սեփականատեր Վարդանյանների ընտանիքի ներկայացուցիչը: Ասում են, թե ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ունի տասնյակ հեկտար հողեր, որոնցից որոշակի եկամուտներ է ստանում: Բացառված չէ, որ թաքնված գործարարներ լինեն նաեւ «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի խմբակցություններում, սակայն քանակական առումով համեմատելի չեն իշխանական գործարարների հետ: Իհարկե, պատգամավորներին եւ ընդհանրապես պետական պաշտոնյաներին արգելված չէ բիզնես ունենալ: Բայց արգելված է, որ նրանք անձամբ դա կառավարեն: Սակայն հայտնի է, որ հայ պաշտոնյաները ոչ միայն անձամբ են կառավարում իրենց բիզնեսը, այլ ի պաշտոնե ունեցած լծակները ծառայեցնում են իրենց սեփական գործարար շահերին: Եվ խորհրդարանում բազմիցս են եղել դեպքեր, երբ գործարար պատգամավորները բոյկոտել եւ, ի վերջո, տապալել են այնպիսի օրինագծի ընդունումը, որը վնասում է իրենց բիզնեսին: Հավանաբար, նույնը կլինի նաեւ այս խորհրդարանում: Այնպես որ, իշխանություններին այս անգամ էլ չհաջողվեց, կամ նրանք պարզապես չցանկացան պետական կառավարման համակարգը տարանջատել գործարարությունից: Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանի մտավոր կամ մասնագիտական որակի բարձրացմանը, ապա այս դեպքում նույնպես մեծ առաջընթաց չկա: Ձեռնպահ մնալով 4-րդ գումարման խորհրդարանը այդ տեսանկյունից գնահատելուց` նշենք միայն` քանի որ նախկին պատգամավորների մեծ մասը կրկին վերադառնում է, կարելի է ասել, որ այս դեպքում նույնպես առաջընթաց չկա: Նորերի դեպքում էլ դեռ դժվար է ենթադրել, թե օրենսդրական գործունեությունն ինչ որակական առաջընթաց կունենա: Օրինակ, գեներալ Մանվել Գրիգորյանը, երգչուհի Շուշան Պետրոսյանը, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը կամ ՄԻԱԿ-ի թեկնածու Նաիրա Կարապետյանն արդյո՞ք կարող են բարձրացնել խորհրդարանի դերն ու նշանակությունը: Թերեւս` կասկածելի է: Համեմատաբար մասնագիտական բարձր որակ կունենան ընդդիմադիր խմբակցությունները: Սակայն նկատի ունենալով նախկին փորձն ու ընդդիմության նկատմամբ իշխանական կուսակցությունների անհանդուրժողականությունը` խորհրդարանի օրենսդրական կամ քաղաքական գործունեության վրա նրանց ազդեցությունը շատ քիչ կլինի: Եվ, թերեւս, արդեն կարելի է ընդհանուր առմամբ արձանագրել, որ 5-րդ գումարման խորհրդարանը 4-րդ գումարման խորհրդարանից լավը չի լինի: